Ռաֆայել Նազարյան. «Ոչ մի ֆուտբոլիստ դուրս չի մնա մեր տեսադաշտից»

Ռաֆայել Նազարյան. «Ոչ մի ֆուտբոլիստ դուրս չի մնա մեր տեսադաշտից»
Ռաֆայել Նազարյանը շարունակելու է գլխավորել Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նա պատմել է նախորդ շրջափուլի արդյունքները, ինչպես նաև խոսել ապագա ծրագրերի, խնդիրների ու նպատակների մասին:





 



- Պրն. Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ ընտրական շրջափուլը Մ-21 տարեկանների հավաքականիհամար:



 



Եթե խոսենք արդյունքի մասին, ապա այն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Անցկացրեցինք 8 խաղ, որից 7-ում չպարտվեցինք, տարանք 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտեցինք ոչ-ոքի և կրեցինք ընդամենը 1 պարտություն Չեխիայի բավականին ուժեղ հավաքականից: Մեր գերակա խնդիրն այս փուլում   ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ մակարդակի և վարպետության կատարելագործումն է, ինչպես նաև ազգային հավաքականին  խաղացողներ մատակարարելը: Այնպես որ, եթե խնդրին մոտենանք ամբողջական տեսանկյունից, կարող եմ դրական գնահատական տալ նախորդ շրջափուլում մեր կատարած աշխատանքին:



 



Ձեր կարծիքով ունեի՞նք խմբից դուրս գալու իրական հնարավորություն:



 



Եթե սկզբից հարցնեին՝ կկարողանանք դուրս գալ խմբից, թե ոչ, ոչ ոք չէր հավատա մեր հաջողությանը: Բայց ես, որպես մարզիչ, պարտավոր եմ միշտ հավատալ հաջողությանը և այդ հոգեբանությունը փոխանցել նաև իմ ֆուտբոլիստներին: Երբ 2011 թ. նոյեմբերին մենք Չեխիայի և Ուելսի հավաքականների հետ խաղում վաստակեցինք ընդամենը մեկ միավոր, մեր շանսերը կտրուկ նվազեցին, բայց 2012 թվականին անցկացրած խաղերը ցույց տվեցին, որ մենք խմբից դուրս գալու իրական հնարավորություն ունեինք: Իհարկե, չկար ոչ մի երաշխիք, որ մենք կհաղթենք անցումային խաղերում, բայց ցանկալի կլիներ, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն անցնեին նաև դրա միջով և միջազգային բարձր մակարդակի խաղերի լրացուցիչ փորձ հավաքեին:



 



Հնարավո՞ր է, որ արդյունքը դրական լիներ, եթե երիտասարդականի կազմում լինեին այն խաղացողները, որոնք հրավիրվել էին ազգային հավաքական:



 



Իհարկե, հնարավոր է, բայց մեր մարտավարության առաջնահերթ խնդիրը ազգային հավաքականին խաղացողներ մատակարարելն է: Եթե նույնիսկ երիտասարդական հավաքականն ունենա շատ կարևոր հանդիպում, բայց որոշ խաղացողներ անհրաժեշտ լինեն ազգային հավաքականին, մենք պարտավոր ենք նրանց տրամադրել ազգային հավաքականին:



 



Անդրադառնանք Մ-21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը: Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:



 



Մեզ բաժին է հասել բավականին բարդ խումբ, որտեղ Ֆրանսիան ակնհայտ ֆավորիտ է, Բելառուսը բավականին մարտունակ և ուժեղ հավաքական ունի, որ վերջին տարիներին լուրջ հաջողություններ է գրանցում, իսկ Ղազախստանն ու Ւսլանդիան, մեղմ ասած, այնքան թույլ չեն, որքան Անդորրան: Անկախ ամեն ինչից՝ մենք պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար: Հաշվի առնելով, որ նախորդ շրջափուլում զբաղեցրել ենք երկրորդ տեղը, այս անգամ դրանից ցածր ցանկացած ցուցանիշ կդիտվի որպես բացասական: Որքան էլ, որ մեզ համար շատ կարևոր է ազգային հավաքականին խաղացողներ մատակարարելը, բայց դա չի նշանակում, որ արդյունքը կարող է մղվել երկրորդ պլան: Այս երկու խնդիրների համադրումը, իհարկե, բարդ է, բայց մենք պետք է փորձենք գնալ այդ ճանապարհով:



 



Ինչպե՞ս է ընթանալու Մ-21 տարեկանների հավաքականի նախապատրաստությունը ընտրական մրցաշարին:



 



Առաջիկա մարտի 18-ից 21-ը կլինի առաջին հավաքը, որը կավարտվի ազգային հավաքականի հետ ընկերական խաղով: Երկրորդը հավանաբար կլինի մայիսի սկզբին: Մենք պետք է անենք այնպես, որպեսզի թեկնածու ֆուտբոլիստներին հնարավորինս չկտրենք իրենց ակումբներից: Առաջնությունն ավարտվում է մայիսի 18-ին, որից հետո բավականին երկար ժամանակ ենք ունենում մինչև առաջին պաշտոնական խաղը: Մայիսի 30-ից կսկսենք անմիջականորեն պատրաստվել  հունիսի 6-ին կայանալիք առաջին հանդիպմանը:



 



Ովքե՞ր են կազմելու հավաքականի կորիզը այս շրջափուլում:



 



Մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք մասնակցել են նախորդ շրջափուլին, կխաղան նաև այս անգամ: Ունենք նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, որոնք չեն մասնակցի այս հավաքին, բայց անպայման կլինեն հավաքականում հետագայում: Ընդհանրապես, աշխատելու ենք ընդգրկել հնարավորինս շատ ֆուտբոլիստների՝ հաշվի առնելով, որ 6 խաղ, այսինքն խաղերի մոտ 80 տոկոսն անցկացնելու ենք այս տարի: Ես դիտում եմ Հայաստանի առաջնության բոլոր այն խաղերը, որտեղ կարող եմ տեսնել հավաքականի պոտենցիալ թեկնածուներ: Ուրախալի է, որ ունենք բավականին տաղանդավոր դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Արթուր Թորոյան, Գոռ Մանուկյան, Ալբերտ Օհանյան, որոնք բոլորն էլ կարող են հավակնել հավաքականի հիմնական դարպասապահի դերին: Աշխատելու ենք մրցակցություն ստեղծել բոլոր օղակներում: Հետևելու ենք նաև արտերկրում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստներին և աշխատելու ենք, որպեսզի ոչ մի ֆուտբոլիստ դուրս չմնա մեր տեսադաշտից:



 



Ո՞րն է այն արդյունքը, որ կգոհացնի Ձեզ շրջափուլի վերջում:



 



Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց անկախ ամեն ինչից մեր նպատակները մնալու են անփոփոխ: Եթե մենք կարողանանք 4-5 ֆուտբոլիստի հասցնել ազգային հավաքականի մակարդակին և միևնույն ժամանակ ունենալ դրական արդյունք շրջափուլի վերջում, ես կհամարեմ, որ կատարել ենք մեր առջև դրած հիմնական խնդիրները: