Դասախոսը հանուն դասախոսի

Դասախոսը հանուն դասախոսի
Գյումրու պետական բուհերից մեկի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը հրաժարվել է մարտ ամսի իր աշխատավարձից՝ վերադարձնելով այն պետբյուջե:



 



Մարտին ԵՊՀ-ն չի հաստատել դասախոս Արարատ Միրզոյանին առաջարկված պայմանագիրը, եւ նրա՝ որպես դասախոսի գործառույթները այլեւս դադարեցված են:



 



Արարատ Միրզոյանը այն դասախոսն է, որ դատապարտել էր Երեւանի պետհամալսարանի ռեկտորի օգնականի գործողությունը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ: Նրա հայտարարության մեջ նշված էր. «Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության եւ կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող եւ վտանգավոր հետեւանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներինv-ը եւ նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին եւ վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից եւ ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց»:



 



Իսկ Տիգրան Պետրոսյյանն իր արածը համարում է բողոքի դրսեւորում: «Սա ինչ-որ առումով բողոքի ձեւ է: Սկզբունքորեն գործադուլ հայտարարել ես ինձ թույլ չեմ տա, որովհետեւ դրանով վիրավորված կլինեմ այն ուսանողներին ու ընտանիքներին, ովքեր իրենց երեխաներին ուղարկել են բուհ: Այդ քայլով ես իմ վերաբերմունքը  ցույց կտամ նման երեւույթների նկատմամբ: Բայց այդ ամիսը նույն պարտավորվածությամբ ու շատ մեծ հաճույքով, նույն դասաժամերով կշարունակեմ աշխատել»,- հայտարարել է Տիգրան Պետրոսյանը:



 



«Ասպարեզ»