Ինչու է կանչում Ազատության հրապարակը

Ինչու է կանչում Ազատության հրապարակը
Մինչ 1920 թիվը Օպերայի ու բալետի թատրոնի շենքի տեղում եղել է Գեթսեմենի եկեղեցին՝ Երեւանի ուխտագնացության ամենահնագույն վայրը: 80 տարի անց եկեղեցին փոխարինվեց  Օպերայի ու բալետի թատրոնի շենքով:



 



Հակված եմ կարծելու, որ այդ շենքը դարձավ մշակութային եկեղեցի՝ հոգեւոր եկեղեցու սյուների վրա: Պատահական չէ, որ Օպերան գրկող  Ազատության հրապարակում Հայրենիքին հավատարմության երդում էին տալիս ու գնում պատերազմի՝ հողը պաշտպանելու… Սրբատեղի է դա՝ Աստծո օրհնությամբ ու զորությամբ: Հենց այդ զորությամբ էլ հայը հաղթեց Արցախյան պատերազմում, որովհետեւ միացումը, ոգեշնչումը կատարվել էր Աստծո օրհնությամբ: Ճգնաժամալին բոլոր իրավիճակներում հայը այս հրապարակում է պայքարում, որովհետեւ Աստծո մագնիսական դաշտը ձգում է: Մեր երիտասարդներից քչերը հավանաբար գիտեն, թե ինչու է կանչում Ազատության հրապարակը, ինչու են կարոտում նրան, նրա շունչը, ինչու են այնտեղ թեւեր առնում. Աստծո մոգական ուժը քաշում է նրանց… Իսկ Աստված ազատատենչ է, հաղթող ու պայքարողին թեւ է տալիս…



 



Ազատության հրապարակը զարդարում են Հովհ. Թումանյանի ու Ալ. Սպենդիարյանի արձանները… Նրանք խոսքի ու երգի զույգ աղավնիներ են, ովքեր արձաններից առաջ սիրել են մարդուն… Արձանները, մշակույթը, պատմությունը, ողջը, ողջը, մեր ժողովուրդն է ստեղծել, մարդը, այդ իսկ առումով մարդուն պետք է բոլորից վեր դասել… Եթե Թումանյանն ու Սպենդիարյանն արձաններ չլինեին, հազար երանի, կենդանի լինեին, իրենք իրենց ձեռքով վրան կտեղադրեին այն մարդու համար, ով իր իրավունքներն է պաշտպանում: Կարեւոր չէ, թե ով է այդ մարդը, վրան կփռեին… Եվ ոչ թե անցումային մտավորականի շուրթերով կասեին. «Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»: Այդ քաղաքի կենտրոնում եկեղեցի է եղել, Իգիթյան Լեւոն, այդ քաղաքի կենտրոնում սրբատեղի է եղել ու այդ քաղաքի կենտրոնն ու ողջ մշակույթը հայն է ստեղծել… Եկեղեցու շուրջ մարդիկ համախմբվում են, եկեղեցու շուրջ վրան ես խփում, եկեղեցու շուրջ հոտը միավորում է ուժերը: Այդ եկեղեցու վրա նոր եկեղեցի է կառուցվել, թող որ լինի մշակութային… Աստված թույլ է տվել, որ եկեղեցու վրա այլ շինություն կառուցվի, իսկ դու մահկանացու, դեմ ես, որ մարդը շարժական վրան դնի այդ շինության շուրջ… Ինչու՞ ես Աստծուց վեր խոսք ասում… Ընդամենը խաչ արա ու անցիր քո աշխարհիկ ավագանիական կյանքին, ի հացիվ…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ