Գառնու կամուրջն այլեւս պատմական հուշարձան չէ

Գառնու կամուրջն այլեւս պատմական հուշարձան չէ
Մի քանի օր շարունակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողված էր վերակառուցման անվան տակ ավերված Գառնու 11-13-րդ դարերի կամրջի մասին քննարկումներով: Անգամ «Ֆեյսբուքում» հատուկ խումբ ստեղծվեց մարտի 15-ին մշակույթի նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպելու համար, ու չնայած խումբն ակտիվ էր, եւ մոտ 280 օգտատեր մասնակցելու համաձայնություն էր տվել, բայց երեկ, ուղիղ ժամը 12-ին, լրատվամիջոցներից եւ ոստիկաններից բացի, ոչ ոք չկար նախարարության դիմաց:



 



Վերջապես մի քանի րոպե հետո եկավ խմբի եւ նախաձեռնության հեղինակ Գայանե Գեւորգյանը, հետո նաեւ միացան մի քանի երիտասարդներ, ովքեր պահանջում էին, որ նախարարությունը ներկայացնի այդ հարցի առնչությամբ անցկացված հանրային հարցադրումների պատասխանները, մասնավորապես` ընտրված նախագծերը, որոշումները, փաստաթղթերը, քննարկման արձանագրությունները, մարդկանց անուններ, ովքեր իրականացրել եւ վերահսկել են գործընթացը:



 



Նախաձեռնության հեղինակ Գայանե Գեւորգյանի խոսքերով, կամրջի ներկա տեսքը ոչ մի աղերս չունի 11-րդ դարի կամրջի հետ: Պատմամշակութային կոթողը դարձել է ժամանակակից չափանիշներին համահունչ կամուրջ` անցում. «Մեր նպատակն այն է, որ հետայսու նման այլանդակությունները կանխելու համար սահմանվի հանրային վերահսկողություն, որպեսզի նույն բանը չկրկնվի մյուս հուշարձանների դեպքում»:            Այդ ժամանակ ներկաներին մոտեցան նախարարության մի քանի ներկայացուցիչ եւ նախաձեռնող խմբին փոխանցեցին իրենց նամակի պատասխանը:



 



«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքերով, նախարարին կից գիտամեթոդական խորհուրդը եղած միակ նախագծին դրական եզրակացություն է տվել: Նախաձեռնող խմբի անդամները որքան էլ նշում էին, որ այդ վերականգնման արդյունքում պատմական կառույցը ձեւափոխվել է, եւ որպես պատմական հուշարձան այն այլեւս գոյություն չունի, միեւնույն է՝ նախարարության ներկայացուցիչները հակադարձում էին եւ մասնագետների կարծիք էին պահանջում: Իսկ այն, որ անգամ լուսանկարներում անզեն, ոչ մասնագիտական աչքով պարզ է եւ տեսանելի, որ 13-րդ դարի կամուրջն իր տեսքով չի համապատասխանում եւ նույնիսկ հեռավոր նմանություն չունի վերակառուցված կամրջի հետ, պարզվում է՝ բավարար փաստարկ չէ, ավելին, ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ գիտամեթոդական խորհրդում նույնպես մասնագետներ են եղել, ովքեր տվել են իրենց մասնագիտական հավանությունը:



 



Հիշեցնենք, որ Ազատ գետի վրա գտնվող Գառնու կամրջի վերականգնողական աշխատանքների համար 2006 եւ 2010 թթ. պետբյուջեից կամրջի վերականգնման համար տրամադրվել էր, համապատասխանաբար, 1 մլն եւ 6 մլն 280 հազար դրամ, բացի այդ, 2011 թ. մշակութային արժեքների պահպանման ծրագրի շրջանակներում ԱՄՆ դեսպանատունը տրամադրել էր շուրջ 110 հազար դոլար: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: