Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանի մասին (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանի մասին (տեսանյութ)
Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն հավատարիմ ոճով հայտարարություններ է արել: 



 







 



 



Այս հայտարարություններին ի պատասխան Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է տարածել.



 



«Իրականում» հաղորդաշարի հյուր, իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող՝ Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան: Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած  անձի հայտարարություններին ու «մտքի» փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձևաչափով, եւ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ , այլ ընդամենը կա երեք էական հանգամանք:



Առաջին. Անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, և Գյումրու քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից և խայտառակի գումրեցու բարի համբավը:



 



 



Երկրորդ . Կա մի այսիպիսի ասացվածք՝ պետք չէ վիճել հիմարների հետ՝ նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգիսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերություն Սարգիսի, որը բարի էր և ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) և անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած՝ մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է, և այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, լինել ողջախոհ, ողորմած կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում և աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երևակայությունը, անհնարին դարձնելով դևերը նրա ուղեղից քշելու և ապաքինելու փոքր հույսը:



 



Երրորդ. Ամենակարեւորը ՝ Սամվել Բալասանյանը հստակ գիտակցում է, որ այս ամենը պարզապես նպատակ ունի իրեն շեղել իր ստանձնած առաքելությունից՝ շենացնել մեր քաղաքը եւ հավուր պատշաճի կրել մշակույթային մայրաքաղաք տիտղոսը:



 



Սիրելի գյումրեցիներ, քաղաքապետը հավաստիացնում է Ձեզ, որ ոչ մի սադրանք իրեն չի կարող հանել հավասարակշռությունից և շեղել ուղուց, մենք միասին շարունակելու ենք կառուցել ու շենացնել մեր քաղաքը, այնպես ինչպես խոստացել էինք, անում ենք և պետք է անենք:



 



Գյումրիի քաղաքապետի լրատվական ծառայություն