Կամերային թատրոնի համար նոր դահլիճ կկառուցվի
ՀՀ կառավարությունն առաջարկում է «Պոլիտեխնիկի» հողերում Երեւանի կամերային պետական թատրոնի» դահլիճ կառուցել:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկով ՀՀ կառավարությունը մարտի 21-ին կորոշի Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված Երեւան քաղաքի, Կորյունի 16 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի սպասարկման նպատակով, պետական սեփականության հանդիսացող հողամասից 250 քմ մակերեսով հողամաս հետ վերցնել եւ այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երեւանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ դահլիճ կառուցելու նպատակով:
Ըստ առաջարկի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեւանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Բնականոն գործունեության կազմակերպման եւ հանդիսատեսին լիարժեք պայմաններ ապահովելու առումներով թատրոնը տարածքային լուրջ պրոբլեմներ ունի՝ քանի որ այն ի սկզբանե հարմարեցվել է չորս հարկանի բնակելի շենքի առաջին հարկում, զբաղեցնելով խիստ սահմանափակ տարածք:
Կամերային թատրոնի համար այժմ էական է փորձադահլիճի, բեմական հանդերձանքի, կարի, դեկորացիաների արհեստանոցների, վարչական եւ այլ սենյակների գոյության պահանջը, ինչը հնարավոր է ապահովել միայն թատրոնին լրացուցիչ տարածքների տրամադրման շնորհիվ:
Առաջարկվող կառուցապատումը ընդհանուր իրադրության գնահատման տեսանկյունից չի խոչընդոտում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության բնականոն աշխատանքին եւ բակային տարածքի սպասարկմանը:
Նոր մասնաշենքի կառուցման արդյունքում Երեւանի կամերային պետական թատրոնը կունենա լրացուցիչ տարածքներ, ինչը հնարավորություն կտա լիարժեք պայմաններ ստեղծել վերջինիս բնականոն գործունեության կազմակերպման եւ հանդիսատեսին պատշաճ ծառայություն մատուցելու համար, մասնավորապես՝ նախատեսվող փորձադահլիճը միաժամանակ կօգտագործվի փոքր ֆորմատի ներկայացումների նպատակով, հարստացնելով ոչ միայն թատրոնի խաղացանկը, այլեւ թատերական խաղի բազմազանությունը: Արդյունքում մայրաքաղաքը կունենա ժամանակակից պահանջներին հարիր, արդիականացված մշակութային օջախ:
Կարծիքներ