Վարչապետը մնում է, ԲՀԿ-ն մոլեգնում

Վարչապետը մնում է, ԲՀԿ-ն մոլեգնում
Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցը մասնավորապես կառավարության մասով  ակնհայտորեն հունից հանել է  այն քաղաքական ուժերին, ովքեր  հույսեր էին փայփայում, որ  իշխանության այս փուլը Սերժ Սարգսյանը կմեկնարկի` վարչապետին «ժերտվա» տալով:   Սակայն նա  բաց տեքստով ասաց, որ յոթ  տոկոսանոց աճ ապահոված կառավարությանը փոխի, որ ի՞նչ անի:  Թե այդ տնտեսական աճը  ինչպես է զգացել ՀՀ քաղաքացին իր գոյատեւելու ընթացքում, դա Սերժ Սարգսյանին ու իր թիմակիցներին քիչ է հուզում, կարեւորվում են միայն քաղաքական հակառակորդների հետ իրենց  առաջիկա փոխհարաբերությունները: Եւ ահա այս բաց ակնարկները, ինչպես եւ սպասվում էր, հատկապես  սրեցին վարչապետի պաշտոնանկությունը պահանջող ԲՀԿ-ի հույզերը: Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր, ինչը ենթադրում էր  մթնոլորտային տեղումներ,  հատկապես  կարկուտի տեսքով` Տիգրան Սարգսյանի ուղղությամբ: Պետք է, որ ԲՀԿ-ն քանդեր հայոց վշտի արխիվներն ու  քաղաքական բարձր հարթակից  մարզեր ձայնալարերը:  Սակայն ժամանակի սղության պատճառով գործը կիսատ մնաց: Եւ վարչապետի ուշադրությունը մի խնդրի վրա հասցրեց հրավիրել ժողովրդի «ցավով տապակվող» Լյովա Խաչատրյանը, ում մոտ նման սրացումներ նկատվում են ներքաղաքական հարաբերությունների լարման շրջանում: Վերջինս մտահոգված էր երթեւեկության տուգանքների բարձր գներով, մասնավորապես արագաչափերի բարձր տուգանքներով, որոնք, իհարկե, երեկ չէին սահմանվել, դրանցով համապատասխան մարմինը ժողովրդին վաղուց  թալանում է, ինչի մասին վարորդները մշտապես դժգոհում են, սակայն միայն վերջին օրերին, քաղաքական նեղ շահերից ելնելով` դեմագոգները հիշեցին ժողովրդի խոցերի մասին: Եւ այս հիշողությունից ահաբեկված` Լյովա Խաչատրյանն առաջարկում է, որ այդ տուգանքները սահմանվեն ըստ սոցիալական խավերի: Երբ  Սերժ Սարգսյանի իրավապաշտպան  Հրայր Թովմասյանը երկար-բարակ բացատրեց, որ  այդ տուգանքների արդյուքնում կանխվել են շատ մահման դեպքեր, առայժմ ոչինչ չեն կարող փոխել եւ օրենսգրքի ամբողջական փոփոխության դեպքում պետք է վերանայվեն որոշ հոդվածներ,  ԲՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Մի քիչ շատ չե՞ք մտածում փոփոխություններ կատարելու համար»: Ապա  էմոցիաներին տրված մի  սարսափելի համեմատություն արեց` տակնուվրա անելով  նրբազգաց ՀՀԿ-ականների ներաշխարհը. ,Այո, ինչպես Դուք ասացիք, 20-30 տոկոս պակասել են խախտումները, բայց իմ գյուղի մայրիկներից մեկը մի քիչ այլ ձեւ ա մտածում, երբ եկավ ինձանից պարտք վերցրեց, որպեսզի թոռնիկին կերակրեր, ասեց` երնեկ տղես ավարիա տար, մեռներ, երեխեքս, թոռներս սոված չմնային... հասկանո՞ւմ ես, ախր շատ անհամաչափ են տուգանքները թոշակներին, նպաստներին, աշխատավարձերին»: Պատգամավորը ուզում էր ասել, որ հացի վերջին փողը տվել էին  տուգանքներին  եւ թոռները սոված էին մնացել: Այս պատմությունը Հրայր Թովմասյանին մի քիչ արժանահավատ չթվաց. «Ինձ համար անհասկանալի է այն պատմությունը, որ մայրը կարող էր ասել` ավելի լավ ա մահանար տղաս,  քան թե տուգանքները վճարեր, բայց  այդ մարդու խնդիրն ու ասածն է: Ես կրկնում եմ` կարող ենք սահմանել 10 դրամ, բայց  այն նպատակներին հասնելու համար արդյուանվետ չի լինի»,-հակադարձեց նախարարը:  Սակայն Խաչատրյանը պնդում էր, որ տուգանքները  պետք է սահմանել ըստ  սոցիալական խավերի, ինչը շարժեց ներկաների ծիծաղը: Այն, որ տուգանքները խայտառակ  բարձր են ու ժողովրդին թալանելով բյուջեն լցնելու նպատակ  ունեն, դա նորություն չէ, սակայն չինովնիկների վրդովմունքը այս կապակցությամբ արժանահավատ չէ, քանի որ նրանք նման խնդիրների մասին միայն հիշում են քաղաքական հարցեր  շահարկելու նպատակով:  Մյուս ԲՀԿ-ականներին հերթ չհասավ եւ պատգամավորները միայն լիաթոք զվարճացան Զարուհի Փոստանջյանի ելույթից, ով վարչապետին հարց ուղղեց, թե մասնակցելո՞ւ է  մարտի 22-ի  հաղթահավաքին:  Վարչապետը անվրդով մոտեցավ ամբիոնին եւ աշխատանքային հագեցած գրաֆիկի հիմնավորմամբ  մերժեց հրավերը, ապա բարոյախրատական քարոզով փորձեց «սանձել»  ընդդիմադիր պատգամավորուհուն, ով, ըստ վարչապետի, քաղաքական բանավեճից տեղափոխվել է վիրավորանքների դաշտ: Մի քանի հարց ու պատասխանով ավարտվեց նիստը, որից հետո վարչապետը հեռացավ առանց  լրագրողներին ճեպազրույց տալու: Թերեւս պատճառը Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցն էր,  որը շատ հարցերի, այդ թվում  վարչապետի մնալու ու կառավարության  ձեւավվորման վերաբերյալ, մոտավոր պատասխանները տվել էր:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ