Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Մարգարյան: Մեր շենքերը Իսակովի պողոտային կապող նեղ ճանապարհի վրա ապօրինի կառուցվել է մի չինական պարիսպ, որի ապամոնտաժման խնդրանքով մի քանի անգամ դիմել ենք Ձեզ:



 



2012թ. դեկտեմբերի 12-ին քաղաքապետարանից ստացած գրավոր պատասխանում  մասնավորապես նշված է, որ «…առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից 07.12.2012թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ հ.009571 արձանագրությունը՝ իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար»: Դրանից հետո քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ այդ պարսպի` 4/2 շենքին մոտ գտնվող փոքր հատվածը քանդվել է, եւ ճանապարհին թափված քարերը, որոնք խանգարում են մեքենաներին, արդեն մոտ մեկ ամիս է՝ ոչ կառուցապատողն է տեղափոխում, ոչ քաղաքապետարանը:



 



Ամբողջ պարիսպը կառուցել են՝ քաղաքաշինության նորմերը եւ «Լանդշաֆտային կոնվենցիայի» սկզբունքները խախտելով: Դրա դեռեւս չքանդված` հիմնական հատվածը ստեղծելով մի շարք խնդիրներ, խոչընդոտում է մեր իրավունքների իրացմանը: Պարիսպը կառուցված է անմիջապես ճանապարհի վրա (ոչ թե նրա հարեւանությամբ), որը դժվարացրել կամ ընդհանրապես անհնար է դարձրել մեքենաների (հատկապես բեռնատար եւ հատուկ այլ) մոտենալը մեր շենքերին: Այդ ճանապարհով դժվարացել է եւ վտանգավոր դարձել մեր անցուդարձը (ճանապարհի նեղության պատճառով քայլելու տեղ գրեթե չկա): Հատկապես անձրեւային եղանակին եւ մերկասառույցի պայմաններում այդ պարսպի կողքով քայլելը շատ վտանգավոր է. մեծ է պարսպի եւ ավտոմեքենայի հանդիպման գոտում հայտնվելու ռիսկը: Պարիսպը մարդկանց վրա գործում է հոգեբանական տհաճ ազդեցություն, փակել է մեր կողմից տնկված ծառերը, որոնք խնամել ենք մի քանի տարի` բակի ոչ այնքան հաճելի լանդշաֆտային տեսքը բարելավելու նպատակով: Այն խոչընդոտում է անհրաժեշտության դեպքում պարսպի ետեւի մասով անցնող բազմահանգույց գազատարի օպերատիվ վերանորոգման աշխատանքների իրականացմանը:



 



Պարսպի փոքր հատվածը քանդելուց հետո դրա մյուս` հիմնական մասն էլ ապամոնտաժելու խնդրանքով դիմել ենք քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանին, սակայն նա մեզ պատասխանել է, թե «դիմեք վարչական շրջանի ղեկավարությանը»: Ակնհայտ է, որ դա հենց քաղաքապետարանի եւ հողի վերահսկողության վարչության գործառույթն է, եւ Հայկ Ասատրյանը չի կատարում իր պարտականությունները` հակառակ դեպքում նրա նախաձեռնությամբ պարսպի մի մասն էլ չէր ապամոնտաժվի: Ակնհայտ է նաեւ, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության պետն ամեն կերպ աջակցում է ապօրինի շինարարություն իրականացնողին եւ ժամանակ ձգում այդ շինությունը եւս օրինականացնելու համար:



 



Հարգելի պարոն Մարգարյան: Հաշվի առնելով վերը շարադրվածը` խնդրում ենք Ձեր աջակցությունը պարսպի փոքր հատվածի ապամոնտաժման արդյունքում ճանապարհին հայտնված քարերի տեղափոխման, ինչպես նաեւ այդ պարսպի մյուս` հիմնական մասի ապամոնտաժման գործին, դրանով վերջինիս կողմից ծագած խնդիրների լուծմանն ու մեր իրավունքների պաշտպանությանը:



 



Իսակովի պողոտայի 4, 4/1 եւ 4/2 շենքերի բնակիչներից (ստորագրություններ)