Ասք բոմժության մասին

Ասք բոմժության մասին
Ազգի մշակութային մակարդակը, ախպեր ջան, ոչ թե մաքրությունն ա, այլ իր աղբի պարունակությունը: Իր աղբերը, ախպեր: Էդ ձեզ ես եմ ասում, էլիտար բոմժս, որ կյանքում օլիգարխի կոշիկ էլ ա շատ հագել, նախարարի սիգար էլ ծխել: Քանի անգամ էլ սեփական աչքով գեներալ տեսել` մայկա-տրուսիկով մեր «թաղային գործիչ» Վարդիթերի ծոցում ծանր պաշտպանական մարտեր մղելիս: Հլը վերջում էլ` օգնական ուժեր մտցնող մարտադաշտ: Ես էլ՝ դիմացի տանիքից Աստված կանչող, որ էդ ուժերը չբավականացնեն...



 



 



Է... էհ... էհ, այ մարդ, որտեղից ուր հասա: Անտեր մնա որբ հիշողությունը... Տարածաշրջանի... կներեք, տարածքիս ապրողների մեծ մասը վայ թե էլիտար ու օլիգարխ են, բայց ո՞վ է տեսնում, մի տեսակ ոնց որ «մթնեցված» լինեն, լուսաքողարկված, ոնց որ էն հեռու պատերազմի տարիներին` թշնամիներից: Մութ վարագույրներ ու մթնեցված լուսամուտներ, մեքենայի անթափանց ապակիներ ու տո հենց իրենք` սեւ ակնոցով-բանով, իրենց կենսագրությամբ: Մի խոսքով` մենք իրենց չենք տեսնում, ոչ էլ, երեւի, իրենք են տեսնում ուրիշներին: Բայց մեր ամեն օր տեսած դրանց աղբարկղե՜րը... մայրիկ ջան, էդ ինչեր կան... Լրիվ էլիտար, կեր ու սուս, կեր ու էլի կեր, կեր ու էլի տար: Բա ծնունդ-հարսանիքներից մնացածը: Մեկ-մեկ մտածում եմ, այ մարդ, խի՞ չենք արտահանում, թեկուզ Եվրոպա (մեկ ա՝ սրա հումքն էնտեղից չի գալի՞ս). ուղարկենք, վրան էլ սիրուն-սիրուն գրելով, ասենք` «ժողովրդական աղբ, made in Բոմժստան», չնայած ժողովուրդը սրա հետ ի՞նչ կապ ունի, կամ գրվի, ասենք` «էկոլոգիապես մաքուր զիբիլ, ստուգված է, ձեռքի աշխատանք»: Գիտե՞ք ինչքան կգնահատեն, ոնց կթռնի: Իսկական ազգային բրենդ... Էլ ի՞նչ տնտեսական ճգնաժամ, ի՞նչ անկում, ինչ-որ աղքատների ցանկում... է, է... չէ, մեր կառավարությունը վայ թե չի հասկանում, որ եթե փողը ձեռի կեղտ ա ու զիբիլ, ու նրանից հոտ չի գալիս, ապա զիբիլը տեղով փող ա, ու նրանից միլիոնների հոտ ա գալիս:



 



Ճիշտն ասած, էդ իմ միտքը չի, այլ գիտնական օգնականիս, մի խելոք պրոֆեսորի, որին կրճատել են եսիմ որ մի հիմար հիմնարկից, ու հիմա ինձ հետ ա, էս գործին:



 



Էդ անխիղճների թափածների մեծ մասն արտասահմանյան լեզուներով ա, անհասկանալի, իսկ պրոֆեսորս` լեզվի ու լեզվաբանության իսկական գտածո:



 



Աղբամանների մոտ «ստեղծագործելիս» էլ  (իր սիրած արտահայտությունն ա) մի տեսնեք ոնց ա կարմրում, ոնց ա շիկնում:



 



- Գիտե՞ք,- շշնջում ա,- դուք, խնդրում եմ, ուրիշ բան մի մտածեք, ես այստեղ լոկ մասնագիտական գրականություն եմ փնտրում... գիտական հոդվածներ...,- ու խորը հոգոց ա հանում... միայն... երեւի...



 



- Դե իհարկե, պրոֆեսոր,- ասում եմ,- բա հո սրանք աղբարկղեր չե՞ն, սրանք ընդամենը մասնագիտացված գրադարաններ են, էն լիքը լցրած բեռնատարն էլ` կենտրոնական արխիվ...



 



- Է՜, մի գրասենյակ լիներ,- երազում է,- նստեի, ստեղծա... աշխատեի...



 



Էստեղ մեջս միտք է ծնվում, ավելի ճիշտ` երեւի հլա որ գնամ ծննդատուն, ստուգման:



 



- Դոկտոր,- ասում եմ,- չբռնե՞նք կուսակցություն ստեղծենք: Գիտե՞ս ինչքան ենք շատացել... Անունը կդնենք ԲՀԿ` Բոմժական Հայաստան կուսակցություն: Կամ ՕԵԿ` Օրինաց երկիր կերերի..., կամ ՀԱԿ` Համակցված կերերի... հը՞...



 



- Այո՛, մռայլվում է նա,- դասակարգ է ձեւավորվում... Տեսականորեն դեմ չեմ,- ու նորից մռայլվում է,- բոմժությունը, իհարկե, ապագա չէ, բայց գուցե մեր բոլորիս ապագան...



 



Է, տեսությունը փաստորեն կա, գործնականն էլ ես եմ սկսում: Հենց հաջորդ օրը բոմժական ակտիվի պրես-կոնֆերանս ենք հրավիրում «Մարիոթ» հյուրանոցի աղբամանների մոտ: Ահագին մարդ ա հավաքվում, շատերն էլ ելույթ են ունենում: Արհմիութենական նախկին մի բոմժ, իր ասելով բոս, առաջարկում ա անմիջապես նստացույց կառավարական շենքի դեմ, մինչեւ համապատասխան կարգավիճակ ու բոմժության լիցենզիա չտան: Էնքան ա ոգեւորվում, որ բոմժության «ստաժ» ու թոշակ ա պահանջում, հանգստյան ուղեգիր: Մի նախկին ավտոճանապարհային տեսուչ էլ պահանջում ա աղբամաններից օգտվելու կանոններ ու հենց իր գլխավորությամբ խախտողների դեմ պատժամիջոցների կիրառում, խմածության դեպքում էլ՝ տասնապատիկ տուգանք: Սա էլ էնտեղ ա խելքը գցում ու պահանջում նաեւ ամրագոտիներ կապել ու անցկացնել բոմժության տարեկան տեխզննում, որին պիտի ենթարկվեն, բնականաբար, հետիոտն բոմժերը:



 



Վիճելի հարցերը հետաձգում ենք մինչեւ լավ օրեր, իսկ առայժմ սահմանափակվում ենք մի քանի անվնաս կոչ-ցուցանակներով, ասենք` «Ուրիշի կերակրատաշտերից օգտվելը վնասակար է ձեր առողջությանը», ու էդպիսի մի քանի հիշեցումներ: Բայց որոշ ժամանակ անց, երբ էն «մթնեցված» անձանցից ոմանք սկսում են լուրջ հետաքրքրվել մեզնով, մեր գործը սկսում ա թափով առաջ գնալ: Գրասենյակներ ենք բացում ամենուր, բոմժական սկզբնական բջիջներ ստեղծում, հիմնում տարածքային բոմժասենյակներ եւ ընտրում տարածքային ընկերներ: Քաղաքական բոմժերը վախվխելով, բայց արդեն մեկ-մեկ սկսում են մեր կողմը նայել: Էն «թաղային գործիչ» Վարդիթերն էլ ա գալիս իր կերակրատաշտից օգտվողների հետ, դառնում անդամ ու սկսում անմնացորդ տրվել մեր գաղափարներին: Արդեն մտածում ենք պատգամավորության ու այլ աթոռների մասին, բայց... «բայց»-ի տերն էլ էնտեղ թաղեմ, որ ընկել ա մեր բախտի հետեւից... Մեկ էլ, ախպեր ջան, մեջտեղ են գալիս ինչ-որ «ալտերնատիվ» ուժեր, ինչ-որ «Ուզողների միություն», ու պարզվում ա՝ լիքը կողմնակից, մանավանդ էն մթնեցված թե լույս տված անձանցից` օլիգարխ ու ղեկավար, մանավանդ կառավարությունում, հատկապես վարկերի ու պետական պարտքերի գծով` լրիվ նվիրյալ «ուզողներ» ու «ուզվորներ»:



 



Իսկ երբ սրանց կողմն են անցնում «ուժային» ուզողները, սուսուփուս էդ կողմն են անցնում նաեւ լիքը չուզողներ: Լեղապատառ էդտեղ են փախչում նաեւ մեր քաղաքական բոմժերը, հետո էլ Վարդիթերը` իր մարտադաշտի զինվորներով, հետո... Մի խոսքով, սկսվում ա բոմժության ծանր շրջան: Բայց չենք հուսահատվում: Բաց նամակով դիմում ենք բոմժերի համաշխարհային կազմակերպությանը, դիմում տեղական մեր կառուցողական ու հլը կառուցվող ուժերին, թերթ ու հեռուստաալիք բացում «Բոմ-ուժ» անվանումով: Մի խոսքով, պայքարը նորից հավեսով սրվում ա, ու մենք առաջ ենք գնում մեր սիրելի դոկտորի ոսկե խոսքերն արած մեզ նշանաբան. «Բոմժությունն ապագա չէ, այլ՝ մեր ապագան»:



 



Տեղում ծնվում են նոր լոզունգներ. «Մեր աղբն արդար է. մենք կհաղթենք: Մեր աղբը գործ է: Առա՛ջ, աղբաստան»:



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ