«Արմմոնո» փառատոնը մեկնարկում է. կա նորամուծություն

«Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնի առանցքն է «լեհական ծրագիրը», որի շրջանակներում կցուդարվի 5 մոնոներկայացում, իսկ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ուսանողների համար կանցկացվեն վարպետության դասընթացներ և գործնական պարապմունքներ՝ լեհ թատերագետների կողմից: Գերմանիայից փառատոնին հանդես կգա Բեատե Էթլերը` «Աննայի լռությունը» ներկայացմամբ, որի հիմքում եղեռնի թեման է, ինչպես նաև գերմանահայ արվեստագետ Լուսինե Խաչատրյանը` Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ: Փառատոնին Վրաստանից ներկայացված է բեմադրիչ Ավթանդիլ Վարզիմաշվիլու «Շների աշխարհ» մոնոներկայացումը, Ռուսաստանից՝ Վ. Մեյերհոլդի անվան կենտրոնում ուսանած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պոնտելեյ Կարմանովի խոհերը»: Փառատոնին մասնակցում են հայ դերասաններ Մուրադ Ջանիբեկյանը, Արամ Գյուրջյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նորա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը, Ռոբերտ Հակոբյանը, Երվանդ Ենգիբարյանը, Մարինե Խաչատրյանը, Նարինե Գրիգորյանը, Ֆրիդա Յորքը, Արա Գևորգյանը, Տաթև Ղազարյանը:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներ և դերասաններ Վարազդատ Փանոյանը՝ «Վերջ վերջապես», Արմեն Թորոսյանը՝ «Զսպաշապիկ», Տաթև Ղազարյանը՝ «Ես գոռում եմ», Լիանա Վարդանյանը՝ «Չեմ բողոքում» ներկայացումներով:
«Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնի հյուրերն են հանրահայտ թատերագետներ, մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան)։
«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Կարծիքներ