
«Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանի ազատվելն աշխատանքից լի է հարցականներով, սակայն տեղեկատվություն տալ ոչ մեկը չի ցանկանում: Պարզ է միայն, որ Ա. Հովսեփյանը հրաժարականի դիմում է գրել, բայց նախարար Գագիկ Բեգլարյանի հորդորով: Որոշ տեղեկություններով` աշխատանքի ժամկետների եւ ծավալների հետ կապված խնդիրներ են եղել, ինչն էլ Ասիական բանկին տույժ ու տուգանքներ մուծելու անհրաժեշտության առջեւ է կանգնեցրել Հայաստանին: Բացի սա, ըստ լուրերի, կային նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Երեկ մենք զանգահարեցինք Արա Հովսեփյանին, ով բավականին առույգ ձայնով ասաց, որ լավ է, նշեց, որ հրաժարականի դիմում է գրել նախարարի հետ փոխհամաձայնության արդյունքում: Սակայն, երբ հարցերը խորացան, մեկ էլ պարզվեց, որ մինչ այդ լավ լսող Արա Հովսեփյանը «լավ չի լսում». մի քանի անգամ «ի՞նչ, ի՞նչ, չի՜ լսվում, չի լսվում» արեց ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին: Ի դեպ, Արան ՄԻԱԿ-ի ղեկավար լինելու ժամանակ էլ անհաճո հարցերը չլսելու սովորույթ ուներ: Հարցերին չպատասխանեց նաեւ վերջինիս մամլո խոսնակը` Նանե Աճեմյանը, ով ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի կինն է: Երեկ արդեն պաշտոնակատար նշանակվեց՝ «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գնումների վարչության պետ Արթուր Սարգսյանը:
Կարծիքներ