Փող բաժանելու մենաշնորհը ՀՀԿ-ինն է

Փող բաժանելու մենաշնորհը ՀՀԿ-ինն է
Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են «բուն գործողությունների». ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տեւեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների բաժանումը՝ ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում:



 



Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաեւ գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի. ընտրողը «կքցի»՝ չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ` եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի եւ կամ ընտրողի հետեւից: Դավիթաշենում ընտրական գործընթացը «կուրացիա» է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում եւ համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը` Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա եւ սպասում են, որ ընտրությունների օրը եւս «բանբերներն» իրենց այցի կգան: Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին երկու օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը «հասել» է ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել: