Հայրս սերում է շատ հին հայկական տոհմից

Հայրս սերում է շատ հին հայկական տոհմից
«Կուլտուրա.ռու» ռուսական կայքը հարցազրույց էր վերցրել «Հաղթանակի օրը» հանրահայտ երգի հեղինակներից երգահան Դավիթ Թուխմանովից, ով 1975 թվականին՝ պատերազմից 30 տարի անց հայտարարված մրցույթի համար, «արցունքներն աչքերին», գրել էր «Հաղթանակի օրը» երգի մեղեդին: Հարցազրույցում հետաքրքիր անդրադարձ կա երգի ստեղծմանը եւ երգահանի հայկական արմատներին:



 



 



Դժվար է պատկերացնել, որ հետագայում այդքան սիրելի երգն այդքան դժվար ճակատագիր է ունեցել. գրաքննիչներին ոչինչ դուր չէր գալիս` ոչ գործիքավորման ժամանակակից մեթոդները, ոչ բաս կիթառի մասնակցությունը, ոչ, ըստ քննադատների, ֆոքստրոտի նոտաները երգում... Չնայած այն բանին, որ այդ ամերիկյան պարահանդեսային պարը նման է քայլերգի թերեւս միայն երաժշտական ծավալով...



 



Թուխմանով - Չեմ սիրում այդ մասին խոսել, հատկապես տոնի նախօրեին: Ինչ եղել է, եղել է, բայց պետք է գիտակցել, որ Սովետի ժամանակներում այդ ճակատագրին ցանկացած երգ կարող էր արժանանալ: Ինչպես ասում են՝ ոչ առաջինն էի, ոչ վերջինը: Պարզապես այս երգի ճակատագիրը հայտնի դարձավ, որովհետեւ երգը մարդիկ սիրեցին: Իրականում ընդամենը մեր կյանքն ընթանում էր իր հունով, իսկ այն, ինչ կատարվեց, կատարվում էր մշակութային բոլոր կազմակերպություններում` ռադիոյում, հեռուստատեսությամբ:



 



- Իսկ Դուք միանգամի՞ց հասկացաք, որ երգը հաջողված է:



 



- Այո, ինձ այդպես էր թվում, թեեւ հզոր ճնշումն ստիպեց կասկածել հաջողությանը, պահեր են եղել, որ մտածել եմ` գուցե չի ստացվել... Հեղինակը երբեք չի կարող իմանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում իր ստեղծագործությանը: Այդ տարիներին շատ էին լավ, լուրջ երգերը, որոնց հեղինակները տաղանդավոր կոմպոզիտորներ էին: Միեւնույն ժամանակ կար, սովետական եզրով` «զանգվածային երաժշտություն», որը պետք է եթերով լսեին միլիոնավոր մարդիկ: Իսկ եթե չկար եթեր, չկար նաեւ երգը: Իհարկե, շատ վիրավորական էր:



 



- Երգը հե՞շտ ծնվեց:



 



- Հավանաբար մտքի փայլատակում եղավ: Հիշում եմ, որ արագ գրեցի, նաեւ պոետ Վլադիմիր Խարիտոնովի շնորհիվ, ով այնքան խորաթափանց տողեր էր գրել: Միշտ սիրել եմ լավ բանաստեղծությունների համար երաժշտություն գրել: Երբ կարդում եմ, միանգամից հասկանում եմ, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը: Եթե կա հոգեւոր մթնոլորտ, բառն ու երաժշտությունը միաձուլվում են:



 



Եվ դրանք այլեւս անհնար է բաժանել, եթե հիմա ասեմ` «Կրկին ամեն բան սառեց մինչեւ արշալույս», Ձեր գլխում միանգամից նոտաները կհայտնվեն. ահա թե ինչպիսի անբաժանելի համընկնում տեղի ունեցավ այդ երգի հետ, այլ սովետական երգերի հետ՝ նույնպես, ու դրանք մնացել են մարդկանց հիշողության մեջ: Բայց հսկայական երաժշտական ժառանգության մեջ այդպիսի երգերը շատ չեն, իհարկե:



 



- Եկեք խոսենք այն հայտնի հայկական տոհմի մասին, որից սերում էր Ձեր հայրը:



 



- Իսկ ի՞նչ կարելի է խոսել այդ մասին: Այսօր համացանցում կարող ես ինքդ քո մասին ինչ ասես կարդալ: Առավոտյան զարթնում ես ու պարզում, որ աֆրիկացի ես (ծիծաղում է): Տատիկիս` մորս մոր կողմն իսկապես ազնվական արմատներ է ունեցել:



 



Հորս ընտանիքի մասին դատելը դժվար է: Նրա ընտանիքը Թուրքիայի փախստականներից է եղել` նախիջեւանցի հայեր, որոնց փախստականի կարգավիճակով Եկատերինան ընդունել է, եւ ովքեր հիմնել են սփյուռքը Ռոստովում, Կրասնոդարում եւ Նախիջեւանում` Ռոստովի մաս կազմող Նախիջեւանի մասին է խոսքը: Մի խոսքով, կարծում եմ, որ հայրս շատ հին հայերից է սերում:



 



- Իսկ նա այդ մասին ի՞նչ է պատմել:



 



- Երիտասարդ տարիքում չեմ հետաքրքրվել տոհմաբանությամբ, չեմ հավաքել լուսանկարներ, մասունքների համար չեմ դողացել: Կան մարդիկ, ովքեր շատ խնամքով են վերաբերվում այդ ամենին: Ցավում եմ, բայց նրանց թվին չեմ պատկանում:



 



Բացի այդ, շատ եմ տեղափոխվել Եվրոպայի մի քաղաքից մյուսը, իսկ դա չի նպաստում, որ հիշես, թե որտեղից ես սերում: