«Նաիրիտը» կրկին հրապարակում էր

«Նաիրիտը» կրկին  հրապարակում էր
Երեկ «Նաիրիտ» ՓԲԸ-ի ղեկավարության համար կրկին ծանր օր էր: Աշխատողներն առավոտ վաղ հավաքվել էին դռների մոտ եւ ներս գնալու փոխարեն շարժվել դեպի կառավարության շենք՝ կրկին «հերթական» աշխատավարձի պահանջով:



 



«Հերթականը» նաիրիտցիների համար անցյալ տարվա ապրիլի գումարն էր: Իհարկե, նրանք ամեն անգամ ամբողջ մեկ տարվա փողերն են պահանջում՝ շատ լավ իմանալով, որ ամենաշատը կարող են մեկ-երկու ամսվա գումար ստանալ, այն էլ ոչ միանգամից: Այս անգամ էլ այդպես եղավ: «Նաիրիտի» ղեկավարությունը խոստացավ, որ 2 հազար 700 աշխատակիցներին մինչեւ այս շաբաթվա վերջ կվճարվի մեկ ամսվա, իսկ մինչեւ մայիսի վերջ՝ երկրորդ ամսվա աշխատավարձը: Աշխատողների տպավորությամբ, այս անգամ հիմնարկի ղեկավարությունը չէր համոզում իրենց, որ չգնան կառավարության շենք եւ Բաղրամյան 26: Ավելին, վարչական անձնակազմը եւս մասնակցում էր երթին: «Երեւի իրենք էլ արդեն փող չեն ստանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, սակայն, որ դա չի խանգարում արտադրամասերի պետերին կատարել ղեկավարության հրահանգը՝  աշխատողներին հրամայել, որ ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան ՀՀԿ-ին:



 



Այս անգամ  գործադուլի պահանջներից էր նաեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը: Տեղեկացված աղբյուրի հավաստմամբ, որոշակի բարդություններ են առաջացել ռուսական կողմի՝ «Իտեռա» ընկերության հետ, որը մինչեւ վերջերս համաձայնել էր ստանձնել «Նաիրիտի» կառավարումը: Մեր տեղեկություններով, բարդությունները կապված են «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքերի հետ: Ռուսները դեմ չեն ներդրումներ կատարելուն, սակայն չեն ցանկանում վճարել գործարանի պարտքերը: