Լավ ա անում՝ կուտակում ա, մեր Ավանն էլ սարքում ա

Լավ ա անում՝ կուտակում ա, մեր Ավանն էլ սարքում ա
Ավան համայնքի դպրոցներում երեկ  աշակերտներին բաժանել էին «Ավելի լավ Երեւան» դեղին պաստառներն ու մանկավարժների հետ քշել Սայաթ-Նովա - Իսահակյան փողոց, համայնքի պատվավոր բնակչի` ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպման:



 



Բերել էին նաեւ կոկիկ հագնված մանկահասակ երեխաների, ովքեր, բակի «տուռնիկներից» կախված ու գազոնի մեջ թավալվելով, ձայնակցում էին ակցիային: Եվ, փոխանակ ԿԳ նախարար, ֆեյսբուքյան ակտիվիստ Արմեն Աշոտյանը  դպրոցում քարոզչությունն արգելելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, զբաղված է ինտերնետում մրցակից ԲՀԿ-ի դեմ կռիվ տալով: Իսկ «Ավելի լավ Երեւան» պաստառները երեկ «դեպքի վայրում» մանուկների ոտքերի տակ կոխկրտվում էին, ինչպես Երեւանն է  կոխկրտվում օլիգարխների ոտքերի տակ: Եվ ահա, Երեւանի ճարտարապետական նկարագրի խեղման գործում իր փայ դերակատարումն ունեցած Տարոն Մարգարյանին երեկ կեսօրն անց Ավանում  դիմավորեցին կռապաշտությանը բնորոշ ծեսով: Նա այստեղ բնակիչների թերեւս զգալի մասի համար կուռք է: Իսկ այդ պաշտամունքին արժանացել է այն բանի համար, որ իր թաղապետության, հետագայում նաեւ քաղաքապետության օրոք անմնացորդ նվիրվել է միայն այս համայնքին: Կառուցում է, կառուցածը քանդում ու նորից կառուցում: Մինչդեռ Ավանին հարակից Նոր Նորքում Տարոն Մարգարյանի մասին բոլորովին այլ կարծիքի են: Այստեղ անգամ նախընտրական քարոզարշավի շրջանակներում աստիճանավանդակի կեսն է նորոգվել, կամ՝ մուտքի մի դուռը ներկել  են, մյուսը` անտեսել:



 



Ավելի քան երկու շաբաթ արեւի ու անձրեւի տակ քարոզարշավ արած երիտասարդ թեկնածուն արեւից խանձված, հոգնատանջ դեմքով բարձրացավ բեմ ու  սկսեց նկարագրել իր զգացողությունները, որ իրեն այստեղ տանն է զգում, ու արտասանեց այն շաբլոն տեքստը, որը քարոզարշավի ընթացքում ընթերցել է բազմիցս՝ ինչպես լքված Նուբարաշենում ու Սովետաշենում, այնպես էլ էլիտար Ավանում ու այլ համայնքներում: Թերեւս կոլորիտն ամբողջական դարձնելու համար, քարոզարշավի էր բերել նաեւ որդիներին: Ելույթից հետո հեգելով` շը-նորհակալություն հայտնեց, բեմից իջավ ու տրվեց իր երկրպագուների քրտնքոտ պաչ-պռոշտիներին` հանուն իր քվեների հերոսաբար դիմադրելով հակահիգիենիկ վիճակներին: Պաչ-պռոշտին  ուղեկցվում էր լացակումած բողոքներով: Ավանցիները հետաքրքրվում էին վաղուց քաղաքապետարան ուղարկած ու անպատասխան մնացած իրենց դիմումների ճակատագրերով եւ ստանում դրական պատասխան: «Չլուծված հարց չկա, անպայման կլուծվի»,- լայն ժպիտով խոստանում էր ավանցի քաղաքապետը, եւ ժպիտը նույն վայրկյանին չքվում էր, երբ քաղաքացիների միջից հայտնվում էր լրագրողի ձայնագրիչն ու հնչում հարցը:



 



Ավանցի կտրիճը խուսափում էր պատասխաններից` պատճառաբանելով, թե ժողովրդի հետ է ուզում շփվել: Այս նույն պատրվակով էլ մեր հարցերից խուսափեց նաեւ թաղապետ Մանվել Ջավադյանը, ով նախկինում մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ ինքը թաղային հեղինակություն է: Հիշեցնենք, որ սա այն համայնքն է, որտեղ կարողացան ապահովել Տարոնի անհայտ աներձագի հաղթանակն ԱԺ ընտրություններում, եւ հիմա պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էլ է լծվել փեսայի քարոզարշավին: Իսկ նույն Ավանում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց: Հենց այս մասին չուզեց խոսել թեկնածուն: Նա հարցը լսելուն պես սկսեց ողջագուրվել ընտրողների հետ: Այլ հարց տվեցինք, թե թաղապետ ու քաղաքապետ աշխատելով՝ ինչպե՞ս է հայտարարագրվածի չափով հարստություն կուտակել: Հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, նա դանդաղ ու հանգամանալի պատմում էր, թե ինքը խոստացել է լրագրողների հարցերին պատասխանել, ու խոստումը հետագայում կկատարի: Թերեւս նախընտրական փուլում ՀՀԿ-ն նրան արգելել է շփվել լրագրողների հետ, որպեսզի չփչացնի PR-ի արդյունքները: «…Եվ բոլորիդ հարգելով՝ ասում եմ, որ ձեզ լրացուցիչ կասեմ, թե ես երբ կպատասխանեմ բոլոր հարցերին»,- արդարացավ  Տարոն Մարգարյանը, ով քաղաքապետ աշխատած տարիներին գեթ մեկ անգամ ասուլիս չի տվել:



 



Ավելին, անգամ ավագանու նիստերին լրատվական վարչության «բրիգադով» պաշտպանվում  էր լրագրողի հարցերից: Հաջորդ հարցը վերաբերում էր իր ունեցվածքի աղբյուրները պարզելու նպատակով ՀԱԿ-ի դիմումին՝ դատախազություն: Նորից պատասխանեց. «Շը-նորհակալություն, թույլ տվեք շփվեմ բնակիչների հետ»:  Տարոն Մարգարյանի վիճակից ազդված տարեց բնակչուհիները գրոհեցին «կեղտոտ բաներ ման եկող» լրագրողների վրա: «Տո դուք էլ ըլնեիք քաղաքապետ՝ տենց հարստություն կունենայիք, մարդն առավոտից գիշեր աշխատում ա, լավ ա անում՝ կուտակում ա, մեր Ավանն էլ սարքում ա»,- ճղճղաց երկրպագուներից մեկը:  Իսկ երբ կուռքը գնաց, տիկնայք եկան հաշիվ  պահանջելու լրագրողից, թե ինչ իրավունքով ենք հաշվում Տարոնի փողերը: Մի երիտասարդ վախվորած փորձեց միջամտել՝ բացատրելով լրագրողի առաքելությունը, սակայն կրքերը չէին հանդարտվում: Հանկարծ այս թեժ վեճի ժամանակ մի տարոնամոլ քրիստոնյա տիկին յուրայիններին հանդարտեցնելու նպատակով արտաբերեց. «Ժողովուրդ ջան, մի նեղվեք, ախր Հիսուսին խաչեցին, չէ՞»: