Մեկն ապրիլի 9-ին արյուն էր ուզում

Մեկն ապրիլի 9-ին արյուն էր ուզում
«Նոր Հայաստան» շարժումը, որ անցյալ շաբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը տարել էր մարզեր, այս շաբաթ որոշել է երեւանյան հանդիպումներով սահմանափակվել:



 



«Թեւակոխել ենք Երեւանի ավագանու ընտրությունների վերջին շաբաթը եւ ամենաարդիական հանգրվանն այս շաբաթ Երեւանն է: Ես կլինեմ «Բարեւ, Երեւան» դաշինքի բոլոր հավաքներին համայնքներում, իսկ մայիսի 1-ին, ժամը 3-ին՝ Ազատության հրապարակում: Համարում եմ, որ պայքարը պետք է լինի բոլոր հարթությունների վրա, առանց հիասթափությունների, առանց հուսալքվելու, եւ ես վստահ եմ, որ «Բարեւ, Երեւան» միակ վերկուսակցական դաշինքը հաջողություն է գրանցելու մայիսի 5-ին, եւ դա կլինի «Նոր Հայաստան» համաքաղաքացիական այս նոր շարժման առաջին իրական հաղթանակը»,- երեկ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:



 



Այնուհետեւ սահուն անցում կատարեց իր անձի շուրջ ստեղծված կարծիքներին եւ հնչող քննադատություններին. «Ուղղակի ես զարմանում եմ, թե ինչպես Հայաստանի գործիչները փետրվարի 18-ին ոչինչ չարեցին, հիմա նստած են հետադարձով եւ ինչ-որ գնահատական են տալիս ուրիշներին: Ոչինչ չարած մարդիկ գնահատական են տալիս, եւ սա վերաբերում է թե քաղաքական, թե քաղաքացիական գործիչներին, սա վերաբերում է Երեւանի քաղաքապետի հավակնորդ նախարարին, ով գնահատում է իմ ձեռքսեղմումն Արմեն Մարտիրոսյանի հետ, կամ էլ էն մյուսը՝ ազգային հերոսը, ով նստած մտածում է, թե ով ճիշտ արեց, ով սխալ փետրվարի 18-ի եւ ապրիլի 9-ի ընթացքում: Այդ երբ պիտի անցնենք էն կողմը եւ չխոսենք ուրիշների մասին, այլ ամեն մեկը թող իր մասին խոսի, թե ինքն ինչ է արել: Դե արեք, տղեք, արեք: Մի փոքր պարկեշտություն է պետք: Երեք ամիս առաջ հեգնելով ժողովրդին, զրո բան անելով, հիմա ամեն մեկն իր դուխը, իր ոգին վերագտնելով՝ վերագտել է իր դերակատարումը: Ձերն է դաշտը. արեք, տղերք»:



 



Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ապրիլի 9-ին՝ շեշտելով, որ այդ օրն արյուն չթափվեց, որի համար ինքը գոհ է: «Ես շատ բան ունեմ ասելու, ես որ էդպես անքուն գիշերներ եմ անցկացնում, ես ինքս էսպես զրուցում եմ մարդկանց հետ, ովքեր ինձ քննադատել են, դատապարտում են, չգիտեմ ինչ են ուզում: Մեկն ապրիլի 9-ին ուզում էր արյուն, արյունը չստացավ: Նա, ով ասում էր… ով սուլիչներով եկել էր հրապարակ եւ ասում էր՝ հիմա, հենց որ ասեցի՝ Բաղրամյան 26, իրենք Հյուսիսային պողոտայով նահանջեցին: Արմինեն եւ ես, Կարինը, մեր գործընկերները գնացինք: Կարող է ինչ-որ տեղ լավ կազմակերպված չէր, ավելի լավ պետք է կազմակերպվեր, բայց արյուն չեղավ՝ մեկ, երկրորդը, ով ուզում էր դառնալ Հայաստանի Քրիստոսը, Հայաստանի Հուդան, Հայաստանի մարգարեն՝ չդարձավ, ես որեւէ մեկի անունը չտվի ապրիլի 9-ին, ինչ որ իրենք սպասում էին»: Ապա երկրորդ անգամ կրկնեց. «Ապրիլի 9-ին ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ. մեկը՝ արյան, մեկը բախումի՝ քաղաքացիական պատերազմի, մյուսը՝ շտաբի պետ դառնալու»:



 



Ո՞վ կամ ովքե՞ր էին դրանք, որ ապրիլի 9-ին ուզում էին արյուն թափվեր, հետաքրքրվեցինք մենք: «Ես անուններով չեմ խոսում եւ ես չասացի, որ մե՛կը ուզում էր արյուն թափվեր, ես չասացի, որ մեկն էր ուզում»: Ապա կրկին անորոշ հայտարարեց. «Ես ոչ մեկի հավատաքննիչը չեմ, բայց ես ասում եմ, որ կային մարդիկ, ովքեր փետրվարի 18-ին չմասնակցեցին, ովքեր չհավատացին պայքարին, ովքեր անգամ դրանից հետո հեգնեցին, սպասում էին ապրիլի 9-ին: Եվ ես պատրաստ չեմ, ներողություն, եթե կարող եմ անուններով խոսել, կխոսեմ, բայց ես պատրաստ չեմ իմ վրա վերցնել մարդկանց անունը, որը նաեւ քրեական պատասխանատվություն է ենթադրում»:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ