Գյուղնախարարությունն աշխատելու իմիտացիա է անում

Գյուղնախարարությունն աշխատելու իմիտացիա է անում
Արարատյան դաշտավայրին պատուհասած ցրտահարությունն անակնկալի բերեց հողագործներին: Ուշի-ուշով հետեւելով եղանակային կանխատեսումներին, հողի աշխատավորները, ցրտահարության նախորդ օրերին` ապրիլի 22-23-ին, գյուղատնտեսությանն անհանգստացնող, չարագուշակ որեւէ կանխատեսում որեւէ եթերից չեն լսել: Չեն կարդացել նաեւ համացանցում: Մինչդեռ 23-ի լույս 24-ի գիշերը եղավ այն, ինչ եղավ. ցրտահարվեցին ոչ միայն միամյա բույսերը, այլեւ խաղողի եւ պտղատու այգիները:



 



Ապրիլի 24-ի առավոտյան, երբ տարերքն արդեն իր սեւ գործն արել էր, Արմավիրի մարզի Պտղունքի գյուղապետարանի աշխատակցուհին զանգահարում է գյուղատնտեսության նախարարություն եւ հայտնում տեղի ունեցածի մասին՝ թերեւս հույս ունենալով վնասի փոխհատուցման մասին որեւէ ակնարկ լսել: Հեռախոսավարուհին, որը ներկայանում է որպես օրվա հերթապահ, չի թաքցնում զարմանքը, լսելով «Պտղունք» անունը: Հարցնում է` մի՞թե Հայաստանում այդպիսի գյուղ կա: Կա,- ասում է պտղունքցի կինը,- յոթ սարերի ետեւում չէ, գտնվում է Արգավանդի եւ Մուսալեռի արանքում: Մայրաքաղաքից 10-15 րոպե հեռավորության վրա է: Սեփական անտեղյակությունը թաքցնելու փորձ անգամ չանող աշխատակցուհին նորից է զարմանում, որ քթի տակ գտնվող գյուղի մասին ինքը ոչինչ չգիտի, բայց, այնուամենայնիվ, խոստանում է ահազանգի մասին տեղյակ պահել ղեկավարությանը:



 



Ղեկավարությունը, տվյալ դեպքում գյուղատնտեսության նախարարության վերնախավը, ապրիլի 24-ին, ժամը 17:53-ին, այսինքն` այն բանից հետո, երբ ցուրտն արդեն ոչնչացրել էր դաշտ ու այգի, հեռախոսային հաղորդագրություններ է տարածում, թե զգուշացեք, միջոցներ ձեռնարկեք` այգիներն ու բանջարանոցները ծխահարման կամ առատ ոռոգման միջոցով փրկեք: Ինչպես ասում են` ճաշից հետո մանանեխն ավելորդ է: Հերթական հարվածն ստացած հողի մշակի հիասթափությունն այնքան խորն է, որ այգին էլ, հողն էլ, տունն էլ թողնել-փախչել է ուզում: Ո՞ւմ աչքերին է թոզ փչում գյուղնախարարությունը` ուշացած SMS ուղարկելով: Եթե ուզում է ցույց տալ, թե աշխատում է, մտահոգվում, անգամ հեռախոսների վրա զգուշացնող հաղորդագրություններ ուղարկելով, հոգատար ղեկավարի տպավորություն ստեղծում, թող իմանա, որ չստացվեց: Ճիշտ է` ամբողջ կյանքներս բահ ենք բռնել, բայց անգրագետ չենք, օրերն ու ժամերը համադրել կարողանում ենք: Ցուրտը տանելուց մեկ օր հետո հաղորդագրություն են ուղարկում, որ ի՞նչ ապացուցեն. իրար հերթ չտալով՝ իրենց վրդովմունքն էին հայտնում տուժած այգետերերը:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ