Ձայն լինի՝ պահելը խնդիր չէ

Ձայն լինի՝ պահելը խնդիր չէ
Ձեր նմաններ, պարոնայք, խայտառակել ընդդիմություն: Կանգ առնելո՞ւ եք, թե՞ ոնց: Հետաքրքիր է՝ ձեզնից ո՞ւմ խելքին է փչել Երեւանում, այն էլ Երեւանի հրաշք աղջիկներին ու կանանց ծաղիկ բաժանելու անմեղ գործի համար դատի տալ Տարոն Մարգարյանին եւ այդ ճանապարհով անիմաստ փորձ անել՝  ընտրություններից դուրս թողնել նրա կուսակցությանը:



 



Այդ ի՞նչ օրենք եք մատնանշել՝ թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների եւ ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով: Այդ երբվանի՞ց է կնոջը մատուցվող ծաղիկը կոչվում ապրանք ու ընտրակաշառք: Ուրիշ բան չե՞ք գտել դատարանի ու ԿԸՀ-ի աչքը կոխելու:



 



Իր քաղաքական բնույթով մեղմ, բայց կանանց հարցերում ասպետ Սաֆարյան Ստյոպային հրավիրում եմ մեր շատ սիրելի Ավան՝ հաշվելու Տարոն Մարգարյանի շտաբները: Կգա՞: Ինչքան ծաղիկ որ բաժանել են ապրիլի 7-ին, երկու այդքան շտաբ են բացել մի թաղում, որտեղ ընդամենը 21 ընտրատեղամաս կա: Այս հարցը ժամանակին բարձրացվել է հենց Ստեփան Սաֆարյանի կողմից, երբ նա կատաղի պայքար էր մղում «պլակատի» դեմ: Հիշում է երեւի: Բայց փոխարենը, չգիտես ինչու, «Ժառանգությունը» մի ճանապարհ է բռնել, որ բոլոր կանանց տրամադրի իր դեմ:



 



Կանայք դեռ հարցի կեսն են: Իմացանք նաեւ, որ «Ժառանգությունն» արդեն իր վստահված անձանցից տեղամասերը վերահաշվարկելու դիմումներ է վերցրել ու պատրաստ պահում է դրանք՝ ընտրությունների հաջորդ օրն իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու նպատակով: Պիտի քաղաքական հարց տամ իմ գործընկերներին՝ խի՞, ախպեր: Վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն հենց այնպիսի ընտրախախտումներ է անելու, որ դուք կարողանաք վերահաշվարկի միջոցով բացահայտել դրանք: Մինչ այս եղած վերահաշվարկներն ի՞նչ են տվել, որ այդպես սեւեռվել եք վերահաշվարկի վրա: Ձեր մի աշխատակցուհի (կարդացեք «Հրապարակ») օրերս հայտարարել է, թե բավական է գեթ մեկ ժամով իր ձեռքն անցնի ընտրողների ստորագրությամբ ընտրացուցակը, ու ինքը կհասկանա, որ բացակա քաղաքացիների փոխարեն այնտեղ ստորագրություններ են դրվել, հետեւաբար՝ նաեւ բյուլետեններ են լցոնվել: Ինչ-որ շատ պրոֆեսիոնալ աղջիկ է երեւում: Էդ ո՞նց է անելու, գուցե ասի՝ մենք է՞լ սովորենք ու նախապես վերահաշվարկի դիմումներ գրենք:



 



Ընթերցողը կհարցնի՝ լավ, ինչի՞ համար է այս հրապարակումը, այս ի՞նչ գզվռտոց է ընդդիմության մեջ: Ասեմ՝ առանձնահատուկ բան չկա, եւ ոչ էլ «Ժառանգությանն» ենք ուզում «քցել»: Պարզապես մտավախություն ունենք՝ հիմա էլ Տարոնին մրցակցությունից հանելու պահանջով հացադուլ չանե՞ն: Ականջդ կանչի, Անդրիաս Ղուկասյան…



 



Ու մեկ էլ՝ վատ չէր լինի, որ «Ժառանգությունը» ոչ թե աշխատեր գազեթ կարդացող ընդդիմադիր հանրության վրա, այլ այն ընտրազանգվածի, որ տանն է մնում, ու նրա փոխարեն շրջիկ խմբերն են քվեարկում: Հենց այդ զանգվածը տեղաշարժվի, սկսի մտածել, ամեն ինչ կփոխվի՝ հավատացնում ենք: Մնացածն արդեն հանձնաժողովներում ներկայացված ընդդիմության ներկայացուցիչները կանեն: Մնացած ասելով, նկատի ունեմ ձայները պահելը: Ձայն լինի՝ պահելը խնդիր չէ: Թե չէ ասում եք՝ վերահաշվարկի օրը մի ժամում կհայտնաբերենք բացակայողներին: Իսկ երկրից բացակայողների ցուցակ գոնե ունե՞ք: Ձեր արածն անտաղանդ եւ անհաջող պոպուլիզմ է, պարոնայք: Մինչդեռ ընդդիմությունը պետք է մի քիչ ավելի տաղանդավոր լինի, քան իշխանությունը: Սա ես ասում եմ վստահ՝ հավատալով նաեւ «Ժառանգության» տաղանդին: Պարզապես այդ տաղանդը դեռ պետք է նաեւ դրսեւորել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ