Արյամբ նվաճված երկիրն առանց արյան չեն տա. Սա պատերազմի օրենք է

Արյամբ նվաճված երկիրն առանց արյան չեն տա. Սա պատերազմի օրենք է
Արցախյան ազատամարտի ականատեսները, մասնակիցները դեռ կան, ու հնարավոր չէ ամեն ինչ ուզած գույնով ներկայացնել: Վերջերս զրուցում էի մեկի հետ, ով բազմիցս աչքի է ընկել մարտական սխրանքներով ու տիրապետում է պատերազմական «անցուդարձին»:



 



Նա ունի պատերազմից ժառանգած իր հերոսական մականունը եւ խնդրեց այն չհրապարակել: Բայց զրույցը, որ մենք ունեցանք մոտ երկու ժամ,  չհրապարակել չեմ կարող, որովհետեւ այն անուղղակիորեն բացահայտում է, թե ինչու ժողովուրդն ի վիճակի չէ փոխել իշխանություն… Զրույցի ողջ մանրամասնությունը սոսկալի է՝ փաստային մասով: Ավելորդ հուզումներից եւ գլխացավանքից խուսափելու նպատակով ներկայացնում եմ միայն նախկին ազատամարտիկի մտորումների արդյունքը. «Մեր արծիվ տղերքը կռվում, կյանք էին տալիս ու չէին հասկանում, որ ոմանք մեկ-երկու անգամ զինվորական հագուստով ներկայանալով, հերոսներ, պատերազմը հաղթողներ են կոչվելու: Հետո դրա ականատեսը դարձանք: Թալանչիները, մինչ մենք կռվում էինք, «զինվորական մաշած հագուստներով» իշխանության վերին օղակները մտան, գրավեցին բարձր պաշտոններ, գրավեցին ողջ երկիրը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չնայած հարաբերական խաղաղություն է տիրում, բայց Հայաստանի իշխանության, համակարգի ու ժողովրդի միջեւ շարունակվում է Արցախյան պատերազմը: Ու շատ ակտիվ, ժողովրդին էլ բան չի մնացել հանձնելու: Մնացել է սեփական մարմինը, որն էլ մի կերպ պրծացնում է ոսոխի ձեռքից: Իրեն որեւէ երկիր է նետում, որպեսզի չոչնչանա:



 



Ինչ վերաբերում է իսկական կռվողներին, նրանց մեծ մասը «բոմժի» կարգավիճակում է, բայց ասեմ, որ այդ լավագույն տղերքը դեռեւս զսպաշապիկ են պատերազմի իրական հերոսներին քվեաթերթիկների պես նորերով փոխելու համար: Պատերազմի իրական հերոսները պարտավոր են իրական պատմությունը թղթին հանձնելու, որ հետագայում բարեխիղճ գրողները պատմության դատին հանձնեն այն: Անձամբ ես դա անում եմ, որը հետագա հրապարակումից հետո ճանաչողության հեղափոխություն կարող է առաջացնել»: «Գրաված երկիրը, հողն ինչպե՞ս կարելի է ետ բերել,- հարցնում է Արցախյան պատերազմի հրամանատարն ու ինքն էլ պատասխանում,- միայն պատերազմով: Թող իզուր հեքիաթներ չհորինվեն սահմանադրական, ընտրական փոփոխություններով իշխանությունը ժողովրդին հանձնելու մասին: Դա կարող է տեղի ունենալ մի այնպիսի երկրում, որտեղ իշխանությունը հաստատվել է Սահմանադրությամբ: Արյամբ նվաճված երկիրն առանց արյան չեն տա: Սա պատերազմի օրենքն է:



 



Այսօր ավելի վտանգավոր պատերազմ, որ ծառացած է ժողովրդի առաջ, ներքին պատերազմն է: Ու անզեն ժողովրդից,  «նուրբ, պատերազմի հոտ չտեսած» քաղաքական գործիչներից, քաղաքացիական հասարակությունից սպասել, որ գրքեր թերթելով, օրենք իմանալով, կարող են երկիր վերցնել, չարաչար սխալվում են: Եվրոպական «ձյաձյաները» շատ լավ գիտեն, թե ինչ երկրի հետ գործ ունեն, ու իրենց ուզած ժամանակ, երբ արդեն երկիրը սեփական ոչինչ չի ունենա, իրենք էլ կհրահրեն այդ ներքին արյունահեղ պատերազմը: Իսկ դրանից ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ երկիրը կշահի: Կշահեն խաղի կազմակերպիչները միայն: Իշխանությունը վերարտադրվեց՝  կվերարտադրվի նաեւ  նույն կադրերով ավագանին, ջահելացված ու թարմացված օլիգարխիական սերնդափոխություն կկատարվի,  ու այսպես շարունակ: Յուրաքանչյուր վերարտադրություն ավելի է կարծրացնում համակարգը, այսօրվա ավագանու իշխանական վերարտադրվողները սերնդափոխության ներկայացուցիչներն են, որոնք ավելի վտանգավոր են իրենց հայրերից:



 



Մոտեցումը պետք է փոխել, քանի դեռ Հայաստանում ինչ-որ բան կա, քանի դեռ ռեսուրս կա…»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ