Երեխան՝ կռվախնձոր

Երեխան՝ կռվախնձոր
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը: Բանն այն է, որ 2012 թվականի օգոստոսի 7-ին Լիլիթ Եղիազարյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ փաստացի ամուսնության մեջ գտնվող Կարեն Աթոյանի, երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու եւ բնակության վայրը որոշելու պահանջով:



 



Երեխայի հայրն էլ զուգահեռ դիմել է դատարան՝ երեխայի հետ տեսակցության կարգը սահմանելու պահանջով: Դատարանի վճռով կողմերի միջեւ հաշտության համաձայնություն է կնքվել: Հայրը համաձայնել է, որ երեխան մնա մոր հետ, իսկ մայրը համաձայնել է, որ Կարեն Աթոյանի համար տեսակցության կարգ սահմանվի: Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, մայրը՝ Լիլիթ Եղիազարյանը, մի քանի ամսով բացակայում է հանրապետությունից` երեխային թողնելով մոր մոտ: Լիլիթի խոսքով, ինքը մշտապես կապի մեջ է եղել երեխայի հետ, զանգահարել է, խոսել, բայց Հայաստան վերադառնալուց հետո չի կարողանում հետ վերադարձնել երեխային: Հայրը, օգտվելով նախկին կնոջ բացակայությունից, երեխային տարել է իր մոտ եւ հիմա չի ցանկանում վերադարձնել: «Ես եկա, զանգ տվեցի, բայց նա կոպտեց ինձ, ոչ մի կերպ չցանկացավ վերադարձնել երեխային»,-պատմեց մայրը:



 



Լիլիթը ստիպված դիմել է ԴԱՀԿ ծառայություն` պահանջելով կատարել 2012 թ. դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը: Այսինքն՝ երեխային վերադարձնեն մորը, ինչպես որոշել էր դատարանը: «Բայց, ի զարմանս մեզ, ԴԱՀԿ-ն անընդհատ ձգձգում է դատարանի որոշումը կատարելու պրոցեսը: Մի քանի անգամ հանդիպել ենք ԴԱՀԿ-ում, տեսել եմ երեխային, բայց սկզբում ինչ-որ բաներ հորինեցին, թե երեխան սթրեսի մեջ է, եւ այդ պատճառով չեն կարող երեխային առայժմ հանձնել մորը»,-պատմեց Լիլիթը: ԴԱՀԿ ծառայության պահանջով մի քանի անգամ Լիլիթը երեխայի հետ նորից հանդիպել է ԴԱՀԿ-ում, մանկական սենյակում խաղացել են միասին: Մոր խոսքով, երեխայի վերաբերմունքը սկզբում լավ էր, բայց հետո գնալով վատացել է: «Երեխան վախեցած էր, զգացվում էր, որ նա ազդվում է, վախեցած է հորից»,-ասաց Լիլիթը:



 



Ներկայում էլ ԴԱՀԿ ծառայությունում հանդիպումները շարունակվում են: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ծառայության աշխատակիցներն արձանագրություն են կազմում, թե երեխան ինչպես է արձագանքում մորը: «Նրանք ասում են, որ երեխան իր չի, որ պարզապես վերցնեն, տան ինձ: Ես գիտեմ, որ երեխան  իր չի, բայց կա դատարանի որոշում, որը կատարելն այդ ծառայության պարտականությունն է: Նրանք ամեն հանդիպումից հետո հարցնում են՝ պապայի՞ մոտ ես ուզում, թե՞ մամայի, բայց երեխան 4.5 տարեկան է, եթե 10 տարեկան լիներ, թող հարցնեին: Երեխան իմ խնամքի կարիքն ունի, բայց նրանք անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ են բերում երեխային ինձ չտալու համար: Ընթացքում էլ երեւում է, որ երեխային տրամադրում են իմ դեմ, քանի որ գնալով նրա վերաբերմունքը փոխվում է իմ հանդեպ»,-դժգոհեց մայրը: 



 



Երեխայի հայրը՝ Կարեն Աթոյանը, մեզ հետ զրույցում պնդեց, թե երեխան չի գնում մոր մոտ: «Եթե երեխան չի գնու մոր մոտ, ոնց կարա ԴԱՀԿ ծառայությունը վերցնի ու տա մորը՝ խանգարելով երեխայի հոգեկանը: Եվ հետո, ես երեխուն ընդհանրապես չեմ տրամադրում ոչ ոքի դեմ: Ոնց կարամ ես երեխու վրա ազդեմ ու ասեմ՝ մի գնա մամայիդ մոտ: Տենց բան չի լինում: Որ մի ծնողը կուզենա, որ իր երեխան ծնողին չճանաչի: Որը որ օրենքով է, թող այդպես էլ լինի, ինձանից ինչ հասնում է, ես այն էլ կանեմ»,-ասաց հայրը՝ ավելացնելով, որ ինքն ընդհանրապես դեմ չէ երեխայի ու մոր շփմանը: Իսկ ինչն է պատճառը, որ երեխան մոր մոտ չի ուզում գնալ՝ հետաքրքրվեցինք: «Երեխան ամեն ինչ տեսնում, լսում ու հասկանում է»,-եղավ հոր պատասխանը:



 



ԴԱՀԿ ծառայությունից եւս պարզաբանում խնդրեցինք: Ըստ այդ պարզաբանման, հաշտության համաձայնությունից հետո, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, Լիլիթ Եղիազարյանը նոտարական կարգով վավերացված հայտարարություն է տվել, որով, ըստ էության, հրաժարվել է երեխայից եւ խնամքը հանձնել երեխայի տատիկին, ինքն էլ ամուսնացել եւ մշտական բնակության մեկնել արտասահման:   «Ներկայում Լիլիթ Եղիազարյանը վերադարձել է եւ պահանջում է երեխային հանձնել իրեն, սակայն Կարեն Աթոյանը մտավախություն ունի, որ Լիլիթ Եղիազարյանը  կրկին կլքի երեխային՝ տատիկի  մոտ թողնելով, կամ կտանի իր հետ արտերկիր»,-ասված է ԴԱՀԿ պատասխանում: Մինչդեռ Լիլիթը մեզ փոխանցեց, որ նոտարով ինքը ոչ թե հրաժարվել է երեխայի խնամքից, այլ երկրից բացակայելու պատճառով ժամանակավոր խնամքը հանձնել մայրիկին:



 



Պատասխանում նշված է նաեւ, որ փետրվար ամսին կազմակերպվել է երեխայի հանձնում, սակայն երեխան չի ցանկացել գնալ մոր մոտ: Այնուհետեւ եւս 5 անգամ ԴԱՀԿ ծառայությունում կազմակերպվել է երեխայի հանձնում, սակայն, ըստ ծառայության, սկզբնական շրջանում երեխան շփվել է մոր հետ, հետագայում հրաժարվել: «Հայրը՝ Կարեն Աթոյանը, հանդիպումներին չի խոչընդոտել»: Այսինքն, բոլորը ստանձնել են դատարանի ֆունկցիա՝ ինքնուրույն որոշում են, թե երեխան ինչ է ուզում, ում մոտ պետք է մնա, ով է ճիշտ, ով՝ սխալ:



 



ՀԳ - Նշենք, որ Կարեն Աթոյանը դիմել է դատարան՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու եւ բնակության վայրն իր հետ որոշելու պահանջով: Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հոր պահանջը: Սակայն ներկայում մոր՝ Լիլիթ Եղիազարյանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել: