Ավելի լավ Երեւանի փոխարեն, տարեցտարի ավելի լավ Տարոն ենք ունենում…

Ավելի լավ Երեւանի փոխարեն, տարեցտարի ավելի լավ Տարոն ենք ունենում…
Եվ ցավն այն է, որ հոգիդ շոյելու փոխարեն  աչքդ են ուզում շոյել: Մատիցդ փուշ հանելու փոխարեն, աչքերդ են ներկում… Սա հոգեբանության մեջ պարադոքսալ երեւույթ է կոչվում, իսկ քաղաքականության, կառավարման մեջ «կեղտը շորով պարտակելու» փորձ…



 



Բոլորիս աչքի դեմ է Երեւանը. վերելակները վթարային են, Տարոնը ֆանտաստիկ թվերով ծաղիկ է ներմուծում… միլիոնների հասնող թվերով «սկամեյկաներ», մեր հանճարների համար ավազե արձաններ է տեղադրում, հոր համար՝ սկյութական թագավորական արձան… Նրան թվում է, թե իր տեղադրած ավազի նման կարող է փլվել մեծերի փառքը, իսկ հոր փառքը դարերի հետ է խոսելու… Նույնիսկ չի պատկերացնում, որ փառքը շքեղության, փող թափելու մեջ չէ, որ փառքը միլիոններ կուտակելու մեջ չէ, այն անգամ ցնցոտիների մեջ կարող է հարատեւել… Եվ պարտադիր չէ Կոմիտասը պառկի Պանթեոնում, որ մեծ կոչվի… մեծ լինում են գործով… Իսկ ինքը, քավ լիցե, փոքր, ցուցադրական քայլերով միլիոններ է կուտակում, ծաղկով, «սկամեյկայով»  ու բակով փորձում է մարդկանց աչքը փակել… Տեսե՜ք, ինչ տղա է Տարոնը, տեսե՜ք, ո՜նց է ծաղկի մեջ կորցրել քաղաքը… տեսե՜ք, ասֆալտ է փռում, բակ նորոգում… Ոչինչ, որ վերելակը պոկվում ու մարդ է մեռնում, ոչինչ, որ քաղաքը քարե գերեզմանոցի է վերածվում, կարեւորն այն է, որ ծաղիկ բերի ու ցեխից արձան տեղադրի, կարեւորն այն է, որ մարդիկ տեսնեն… ու միլիոնները լցվեն գրպանը…



 



Իսկ երեւանցին ցուպն առնի ու արտագաղթի… Կարեւորն այն է, որ անճարները կմնան ու կասեն՝ ապրի Տարոնը՝ մեր բակը շինեց, իսկ հեռացողները, կարեւոր չէ, որ կասեն՝ «Ապրի Տարոնը, որ Երեւանը «շինեց»… Իսկ ավելի լավ Երեւանի փոխարեն, տարեցտարի ավելի լավ Տարոն ենք ունենում… «Ավելի լավ Տարոնը» ծաղրանկարիչ Մարկի խոսքերն են, որոնք թեւածում են սոցիալական ցանցերում ու քիչ-քիչ բացում մարդկանց աչքերը…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ