Թամարա Յայլոյան. «Ինձ սպառնացել են, որ իմ վերջը շատ վատ կլինի»

Թամարա  Յայլոյան. «Ինձ սպառնացել են, որ իմ վերջը շատ վատ կլինի»
Այսօր Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի այլ փաստաբանների հետ ասուլիսի եկած փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարեց՝ բոլորին հայտնի է, որ աղմկոտ քրեական գործերով բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել, բազմաթիվ անգամներ եղել է Գյումրու ոստիկանությունում եւ իր հասցեին սպառնալիքներ են տեղացել:«Բովանդակությունը հետեւյալն է եղել, որ ինձ վնաս կտան, որ իմ գլխին գործ կսարքեն: Ինչու՞ եմ կրակոցներ լսելու դեպքում հայտնվում Գյումրու ոստիկանությունում: Դա եղավ նաեւ Գառնիկ Գրիգորյանի գործով, երբ որ ես գնացել էի: Սակայն  բազմիցս  ուշադրության չեմ արժանացրել: Ես ասել էի, որ եթե հաջորդ անգամ կրկնվի,  հայտարարությամբ հանդես կգամ: Հաջորդ անգամը կրկնվեց եւ այս անգամ ոչ միայն ամեն ինչ վերջացավ սպառնալիքներով, այլեւ կոպիտ վերաբերմունքով: Ոստիկանության որոշ աշխատողներ անհարգալից վերաբերմունք դրսեւորեցին: Ասելով Գյումրու ոստիկանություն, ես ի նկատի չունեմ բոլորին, քանի որ էնտեղ կան մարդիկ, որ ինձ հարգում են: Ես հոգնել եմ այդ երեւույթից եւ չեմ ցանկանում այլեւս, որ ինձ սպառնան: Ուզում եմ նշել, որ եթե ինչ-որ բան ինձ հետ տեղի ունենա, ապա այն անձինք, ովքեր ինձ սպառնացել են, դրա պատասխանատուները եւ մեղավորները կլինեն»:



Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների գործով վկա Կոլյա Ղուկասյանի փաստաբան Թ. Յայլոյանը այդ օրը ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից հերթական սպառնալիքն է ստացել: Թ. Յայլոյանին զանգահարել եւ ասել են, որ վերջինս ներկայացնի Կ. Ղուկասյանի շահերը, իսկ փաստաբանն էլ գնացել է ոստիկանության Գյումրու բաժին եւ ցանկացել տեսնել նրան:



«Ես չգիտեի, թե ինչ կարգավիճակով է նա եւ գնացի Գումրու ոստիկանություն: Շատ մեծ դժվարությամբ ինձ թույլատրեցին հանդիպել Կոլյա Ղուկասյանի հետ: Կ. Ղուկասյանին հարցաքննելուց հետո, որը տեղի ունեցավ գիշերը ժամը 11:00-ի սահմաններում, ես ուզում էի նրա հետ գնալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հայտարարեցին, որ օպերատիվ աշխատանք ունեն նրա հետ կատարելու: Ես հայտարարեցի, որ ցանկանում եմ տեսնել նրան եւ իմանալ, թե արդյո՞ք նա կուզենա, որ ես շարունակեմ մնալ, որպես իր շահերի պաշտպան, թե ոչ: Քանի որ, եթե ես նրա շահերի ներկայացուցիչն եմ, իրավունք չունեմ մարդուն մենակ թողնելու: Ոստիկանության որոշ աշխատակիցներ շատ կոպիտ կերպով ինձ հրեցին, հայտարարեցին, որ ես պետք է էստեղից գնամ, հայտնեցին, որ իմ գլխին գործ կսարքեն: Իմ վերջը շատ վատ կլինի, եթե ես չհեռանամ այստեղից: Շատերին թվում է, թե ես չեմ կարող ապացուցել այն, ինչ ասում եմ: Թե ովքեր են եղել այդ անձինք եւ ինչ գործողություններ են կատարել, ես մանրամասն դիմում եմ գրել եւ ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահին, ով խոստացել է այս հարցով զբաղվել»:



Թ. Յայլոյանը համոզված է, որ եթե ինքը ձայն չհանի, ապա իրեն սպառնացողները կհասկանան, որ մյուս փաստաբաններին եւս կարելի է նման ձեւերով վախեցնել: Նա պնդեց, որ որեւէ փաստաբան, այդ թվում՝  ինքը, չի վախենում նրանցից եւ իր գործունեության 16 տարիների ընթացքում որեւէ մեկի վերաբերյալ նմանատիպ հայտարարություններ չի արել:



Թ. Յայլոյանը չմանրամասնելով Կ. Ղուկասյանի տված ցուցմունքը, հայտարարեց, որ ըստ ցուցմունքի, նրան հարց է տրվել, թե այդ օրն ինքը ի՞նչ է արել:  Կ. Ղուկասյանի ասելով, մոտավորապես ժամը 13:30-ին կամ 14:00-ին նա պետք է լիներ Բավրայի անցակետում: Նրան անձնագրի հետ կապված ինչ-որ խնդիրների պատճառաբանությամբ տարել են Ղուկասյանի, այնուհետեւ՝ Գյումրու ոստիկանություն: Սկսած մոտ 14:00-ից կամ 15:00-ից Կ. Ղուկասյանը գտնվել է Գյումրու ոստիկանությունում: Հարց է առաջանում, եթե նրա հետ գործողությունները սկսվել են 22:00-ին, ապա էդ ամբողջ ժամանակահատվածում վկան ի՞նչ գործ ուներ ոստիկանությունում:



«Անձին եթե 3 ժամից ավել պահում են ոստիկանությունում, ինքը ձեռք է բերում կասկածյալի կարգավիճակ եւ այլեւս, որպես վկա չի կարող հանդես գալ, որովհետեւ նրան ըստ էության զրկել են ազատությունից: Եթե լինեն հավաստիացումներ, թե Կոլյային բերել են ոստիկանություն, հետո բաց թողել, ով տուն է գնացել ու արդեն երեկոյան ուշ ժամի եկել վկայի կարգավիճակով, դա կլինի սուտ: Այդ դեպքում քննիչը պետք է հարցներ, թե բաց թողնելուց հետո նա գնացել ո՞ւմ է տեսել, ի՞նչ է իմացել դեպքի մասին: Դա եւս խոսում է այն մասին, որ, իսկապես, ապօրինաբար նրան երկար ժամանակ պահել են ոստիկանությունում»,- ասաց փաստաբանը:



Փաստաբանի պնդմամբ, եթե բացվի քրեական բոլոր գործերը, կտեսնեն, որ 99 տոկոս վկաները, տուժողները, կասկածյալները, ամբաստանյալները հայտարարում են, որ ոստիկանությունում իրենց ստիպել, պարտադրել կամ համոզել են ցուցմունք տալ:



- Ես ուզում եմ հայտնել բոլոր ոստիկաններին, որ  հարուստ եմ իմ գիտելիքներով, իսկ որոշ անձինք իսպառ զուրկ են այդ հարստությունից, դրա համար էլ դիմում են բռնության եւ կոպիտ մեթոդների: Եթե տվյալ անձինք որոշակի գիտելիքներ ունենան, կհասկանային, որ անձի մեղքը միայն ցուցմունքով չէ, որ հաստատվում է, այլ լրացուցիչ ապացույցներով եւս,- նշեց փաստաբանը:



Նա խոսեց նաեւ ոստիկանությունում հնչեցված այն հայտարարության մասին, թե բոլոր հանցագործները Յայլոյան Թամարայի պատճառով են դրսում ման գալիս: «Ինչու՞ իրենց աշխատանքից չեն խոսում: Օպերատիվ աշխատանքներն անհրաժեշտ էր ժամանակին կատարել, որ տվյալ զենքերը մինչ կրակոցները առգրավեին ու այս իրավիճակը չստեղծվեր: Պետք է պարտադիր կարգով Երեւանից  հատուկ ջոկատայիններ գան, որ կարողանան զե՞նք առգրավել: Թող ժամանակին լավ աշխատեին եւ առգրավեին»:



Հավելեց, որ իրեն սպառնացողները սովորական աշխատողներ չեն, բայց ինքը ցանկություն չունի, որ այդ անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ ինքն այն մարդը չէ, որ ցանկություն ունենա որեւէ մեկին վնաս պատճառել: Ուղղակի ուզում է, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ հետեւություններ անեն այս ամենից: «Հաջորդ անգամ, եթե ինձ սպառնան, ես ավելի ռեալ, ուրիշ ապացույցներ կունենամ: Չեմ ասի, թե ինչ կանեմ, բայց վստահեցնում եմ, որ ապացույցներ կլինեն եւ նրանք կստանան իրենց արժանի պատիժը»:



Ինչպես նախորդ դեպքերում, ապրիլի 23-ին հնչեցրած սպառնալիքները եղել են նույն անձի կողմից: Տեղի ունեցածի վերաբերյալ Թ. Յայլոյանը  հաղորդում չի ներկայացրել դատախազություն:



Վերջում Թ. Յայլոյանը հավելեց, որ եթե ոստիկանի կերպարը քիչ թե շատ փոխվել է, ապա դա տեղի է ունեցել փաստաբանական ինստիուտի շնորհիվ:



 



Անահիտ Սիմոնյան