Գյումրիում առգրավված զենք-զինամթերքը պատկանել է նաեւ Ղուկասյանների եւ Գրիգորյանների մերձավորներին

Ապրիլի 23-ին Գյումրու ոստիկանությունում փաստաբան Թամարա Յայլոյանի հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ դատախազը պարզաբանեց, որ դեպքի օրը ինքն անձամբ գտնվել է ոստիկանության Գյումրու բաժնում, փաստաբանին ինքն էլ է տեսել ,գործի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարություն է տրվել, որ փաստաբանը հրավիրվի ոստիկանության բաժին եւ կատարվածի մասին գրավոր հաղորդում ներկայացնի, նախազգուշացվելով սուտ մատնության մասին: Այս պահին այդ հաղորդումը քննարկման փուլում է: Ոստիկանության բաժնում ապրիլի 23-ին փաստաբանն ինձ որեւէ բան չի հայտնել տեղի ունեցածի մասին»: Կ.Շահբազյանը խոստացավ լրագրողներին տեղյակ պահել այս գործի քննության հետագա ընթացքի մասին:
Այնուհետեւ դատախազն անդրադարձավ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին: «Ես էսօր տեսնում եմ միտում, երբ քաղաքում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը փորձում են վերածել փիառի, չի կարելի»:
Իմ այն հարցին, թե եթե Գյումրիում առգրավված զենք-զինամթերքի որոշ մասը քաղաքացիներն են կամավոր հանձնել, իսկ մյուս մասը առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Վերջին դեպքում քրեական գործ հարուցվելու՞ է, թե՞ ոչ: Դատախազը պատասխանեց. «ՀՀ քրեական օրենսգիրքն ունի հատուկ նորմ, երբ քրեական պատասխանատվությունից ազատվում են կամովին զենք, ռազմամթերք հանձնող քաղաքացիները: Տվյալ զենքի ձեռքբերման ժամանակը եւ աղբյուրը եւս քննարկման առարկա է դառնալու: Տվյալ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, սակայն քննարկվելու է , թե ո՞վ է նրան այդ զենքն իրացրել, ի՞նչ հանգամանքներում է այն ձեռք բերել»:
Լրագրողներից մեկն ակնարկեց, որ վերջին օրերին կիսաքանդ «Շիրակ» հյուրանոցի տարածքից տոպրակով մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել: Դատախազը պարզաբանեց, որ այն քաղաքացու ահազանգի հիման վրա է հայտնաբերվել: Առգրավվել են տարբեր տեսակի զենքեր եւ կան դեպքեր, երբ ահազանգող քաղաքացին էլ չի ցանկանում իր ինքնության մասին հայտնել: Կ.Շահբազյանը հայտնեց, որ սառը զենք կրելը եւս դիտվում է, որպես հանցագործություն եւ պետք է հասնեն նրան, որ քաղաքացիների ձեռքին հնարավորինս զենք չմնա: Սակայն դատախազը նշեց, որ սառը զենքը` ամեն մի դանակ, կտրող գործիք չի:
Իմ այն հարցին, թե մամուլում մի տեղ կարդացել եմ, որ զենք-զինամթերքը առգրավվել է Ղուկասյաններից եւ Գրիգորյաններից, դատախազը պատասխանեց.«Առգրավվել է եւ՛ ձեր կողմից նշված անձանց մտերիմ-ծանոթներից, եւ՛ այլ անձանցից»:
Կ.Շահբազյանին հարցրեցի, թե այս պահին Գյումրու ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում ապրիլի 23-ի դեպքի հետ կապված քա՞նի մեքենա է բերվել տուգանային հրապարակ եւ մեծամասամբ ու՞մ են դրանք պատկանում: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ դրանք մեծամասամբ Վարդան Ղուկասյանի մերձավորներին պատկանող մեքենաներն են: «Պետք է ձեր հետագա աշխատանքում ձերբազատվեք այդ արմատացած կարծրատիպերց՝ Ղուկասյաններ, Շահբազյաններ, Գրիգորյաններ...: Մի առանձնացրեք Ղուկասյան...: Անտեղի տեղը մարդկանց դարձնում ենք, չգիտեմ բառը չեմ գտնում, որ ասեմ: Ասենք Պողոսյան Պողոսին նստացնենք, մի քանի հոդված տպենք: Անկախ իրանից Պողոսը դառնում է հանցագործ»:
Գյումրիում ըստ դատախազի թաղերում միշտ եղել են կռիվներ, քաղաքում տեղի ունեցող սպանությունները թաղային վիճաբանությունների արդյունք են, իսկ կլան հասկացությունը մի քիչ ավելի խորն իմաստ ունի, կարծում է դատախազը:
Վարդան Ղուկասյանի եղբորորդիներին թմրանյութեր օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելու հետ կապված դատախազին հարց ուղղեցի՝ նրանց մեղադրանք առաջադրվե՞լ է, թե ոչ: «էս պահին ոչ: Բավարար ապացույցներ են պետք քրեական գործ հարուցելու համար»:
Իմ հաջորդ հարցին, թե հարցաքննված 60 վկաներից մի քանի անուն կարող է թվարկել, թե ոչ, դատախազը պատասխանեց, որ նախաքննության շահերից ելնելով հիմա անուններ ոչ ոք չի հրապարակի:
Դատախազը նշեց, որ կառուպցիոն գործերի բացահայտումն իր հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու եւ անդրադարձավ նաեւ Շիրակի մարզի կոռուպցիոն դեպքերին: «Ունենք հարուցված 4-5 գործ, կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերով: Այդպիսի դեպքեր կան Աշոցքում, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում»:
ԳՊՄԻ-ում նախադպրոցական եւ տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով դրական գնահատականներ է նշանակել դասերին, ստուգարքներին եւ քննությանը չհաճախող ուսանողուհուն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով: «Ունենք հարուցված քրեական գործ Սիզավետի եւ Աշոցքի միջնակարգ դպրոցի տնօրենների նկատմամբ: Նրանք աշխատանքի են ձեւակերպել մեկն իր եղբորը, մյուսը տվյալ դպրոցի հաշվապահի ամուսնուն: Վերջինս զբաղված է անհատ ձեռնարկատիրությամբ եւ փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց տարբեր չափի գումարներ են վճարվել:
«Ունենք նաեւ կաշառակերության դեպք սոցիալական ոլորտում: Ասենք նպաստառուներից տարվա երկու ամսվա նպաստները շորթվում են: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչությունը եւ Շիրակի մարզային վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2013-ի ապրիլի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում սոցիալական ծառայության Անիի կենտրոնում կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալվել է նույն կենտրոնի մասնագետ Կարինե Ժաժոյանը: Պարզվել է, որ նա կաշառք ստացել է նույն կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ գումարը ստանալուց հետո դրա մեծ մասը պետք է փոխանցեր նրան: Տվյալ անձը նաեւ երկու ամսվա նպաստ է շորթել».-եզրափակեց Կ.Շահբազյանը:
Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ