Ճշմարիտ ուղին եւ Եհովայի վկաները

Ճշմարիտ ուղին եւ Եհովայի վկաները
Գայանե Խաչատրյանը գրում է. «Տունս փոխեցի... Մասիվի առաջին հարկից տեղափոխվեցի Կոմիտաս՝ վեցերորդ հարկ... լիֆտ չկա: Մտածեցի՝ էստեղ կալարեն գան մատաղի փող հավաքող տատիկներ, «բալա ջան, սոված եմ, կօգնե՞ս» տատիկներ, «էժան զուգարանի թուղթը», «Գորիսի մեղրը», «Լույս եւ ստվեր» ամսագիրը, Եհովայի վկաները, համեմունքների կոլեկցիան վզից կախած կինը, դատարկ շշեր հավաքող մարդը, «Բիլայնի ու Օրանժի» աղջիկները՝ «ժավելի սպիրտի» ընկերակցությամբ:



 



 



Երկու ամիս ա՝ էստեղ եմ, ու չկան... չկան ու չկան: Նույնիսկ մի պահ անհանգստացա, բայց արի ու տես, որ Եհովայի վկաները կամիկաձե են, եւ ուզում ա սարի գագաթին ապրես, մեկ ա՝ կգտնեն ու կհաղթահարեն բարդ ճանապարհը:



 



Դուռը բացեցի, տեսնեմ հենց Հենզելն ու Գրետելն են (էդպես անվանենք), որոնց Մասիվի տանն էի հանդիպել:



 



- Բարեւ ձեզ,- ասաց համահունչ դուետը, ու մեկը մատաղից ուշացած գառան դեմքով նայեց վրաս ու ավելացրեց ավանդական տողը.



 



- Մենք եկել ենք, որ ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա:



 



Մյուսը տակավին մանուկ հասակից ձեռք բերած անմեղ հայացքը հառել էր վրաս ու կարծես զգացել էր, որ իմ հետ էլի են գործ ունեցել՝ դեժավյու էր մոտը: Էս անգամ կարճ չկապեցի ու ասեցի.



 



- Դե երդվեք, ինչի կարող ե՞ք:



 



Ժպտում են:



 



- Կթողե՞ք գանք ներս...



 



- Ինչի՞, էստեղից դժվար ա՞ կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, որ 6 հարկ չեք ալարել ու բարձրացել եք, ուրեմն էստեղից չեք դժվարանա ինձ որտեղ պետք ա, էնտեղ էլ կանգնացնել:



 



Առանց դեմքի միմիկան փոխելու Հենզելն արագ-արագ ասեց.



 



- Դուք գիտե՞ք Աստծո անունը, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ հայտնենք այդ անունը, որ դուք էլ փրկվեք:



 



- Հարգելի Հենզել, շատ կնեղվե՞ք, որ ես չփրկվեմ... դուք մի անգամ արդեն եկել եք իմ Մասիվի տուն ու փորձել ցույց տալ ճշմարիտ ուղին՝ չե՞ք զգում, որ հասել եք արդյունքի:



 



- Բայց դուք մեզ չլսեցիք էն ժամանակ:



 



- Հետո՞ ինչ, այդ կախարդական «մենք եկել ենք, որ ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա» տողն ինձ ստիպեց, որ ես Կոմիտաս փողոցի ճշմարիտ ուղին բռնեմ: Հիմա ես էստեղ շատ լավ եմ ինձ զգում:



 



- Դուք հա կատակում եք, էն ժամանակ էլ կատակեցիք ու էլի չեք ԼՍՈՒՄ մեզ:



 



- Դուք «Բիթլզ» խումբն ե՞ք:



 



- Ոչ,- զարմացած ասեց Գրետելը:



 



- Իսկ կարող ա՞ «Փինք Ֆլոյդ» խումբն եք:



 



- Չէ:



 



- Իմ ծնողներն էլ չեք, չէ՞:



 



Լռում են:



 



- Ասեք, ասեք...



 



- Դե չէ, իհարկե չէ:



 



- Բա ես ինչի՞ պիտի ԼՍեեեե՜Մ ձեզ:



 



- Բայց մենք եկել ենք, որ ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա:



 



Այ, էստեղ կացինը գլուխս երկու մասի բաժանեց, ու ես ստիպված էլի ասեցի Վարպետի խոսքերը:



 



- Բայց դուք ո՞նց կարող եք մեզ կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, եթե ինքներդ կանգնած եք подьезд-ում:



 



Ասեցի ու դուռը շատ կոպիտ փակեցի...



 



Մեկ րոպե էլ չէր անցել, լսեցի, թե ոնց են թակում կողքի դուռը... կես րոպե հետո հարեւանի դռան ձայնից վեր թռա ու եթե ես վեր թռա, ուրեմն Հենզելն ու Գրետելը հնարավոր ա եւ կանտուզիա ստացած լինեն....»: