«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները 16:30-ի դրությամբ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները  16:30-ի դրությամբ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները  16:30-ի դրությամբ:



 



 



Այսպես՝ 13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին և ասել` «փողս տուր», հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է՝ ասելով. «Բոլորին տալիս եք, ինձ չեք տալի՞ս» և դժգոհ հեռացել:



 



13/06 տեղամասում (№ 70 դպրոց, Սարի Թաղ) և 13/6 տեղամասում դիտարկվել է բաց քվեարկության դեպք. ընտրողները քվեարկում են առանց քվեախցիկ մտնելու և հրաժարվում են կատարել դիտորդի՝ քվեախցիկում քվեարկելու պահանջը: Փաստն արձանագրված չէ գրանցամատյանում:



 



07/14, 13/13 տեղամասերում դիտվում են ընտրողների կուտակումներ և կողմնակի անձանց շարունակական ներկայություն:



 



13/37 տեղամասի (№ 175 դպրոց) շրջակայքում մարդկանց կուտակումներ են նկատվում: Դպրոցի մուտքի մոտ կանգնած է միկրոավտոբուս, որից մարդիկ անընդհատ ելումուտ են անում: Հանձնաժողովի նախագահը ոստիկանությանը տեղեկացրել է այդ մասին, սակայն հետագայում չի գրանցել միջադեպը գրանցամատյանում:



 



12/13 տեղամասում (№ 135 մանկապարտեզ, Շիրակի փ.), ժամը 15-ին մի ծեր մարդ քվեախցից դուրս եկել և փորձել է առանց քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու հեռանալ: Հանձնաժողովականների հարցումներից հետո, տեսնելով, որ մարդը քվեարթերթիկ չի ուզում գցել տուփը, ստուգել են քվեախուցը, որտեղ գտել են մի քվեարկած քվեաթերթիկ, ապա քաղաքացու մոտ, անձնագրի միջից գտել են մի մաքուր չքվեարկած քվեաթերթիկ, որը վերջինս կամեցել է դուրս տանել: Հանձնաժողովի որոշմամբ այդ երկու քվեաթերթիկները համարվել են անվավեր և կազմվել է արձանագրություն: Ենթադրվում է, որ քաղաքացին եղել է ընտրական կարուսելի մասնակիցներից:



 



7/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ) առկա են կողմնակի անձինք ու կուտակումներ՝ ավելի քան 15 ընտրող, ինչը խոչնդոտում է դիտորդների, վստահված անձանց և լրագրողների լիազորությունների իրականացմանը:



 



13/30 տեղամասում հանձնաժողովի նախագահը գրանցամատյանը քվեարկության սենյակից հանել է դուրս՝ ոստիկանին զննության տալու պատրվակով: Այդ պրոցեսին թույլ չեն տվել ներկա գտնվել վստահված անձին, ապա` վերադարձրել կողմնակի անձի միջոցով: Դիտորդի պահաջը՝ փաստը գրանցամատյանում գրանցեալու մասին, մերժվել է:



 



13/06 տեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության պահանջը: