Դատարան են դիմել ընդամենը երկու ընտրող

Դատարան են դիմել ընդամենը երկու ընտրող
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանի տեղեկացմամբ, 2013 թվականի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ ստացվել է ընդամենը 2 հայցադիմում, որոն ստացվել են ՀՀ վարչական դատարանում, ընդունվել են վարույթ, եւ որոնցով կայացվել են գործն ըստ էության լուծող համապատասխան դատական ակտեր:



 



 



ՀՀ վարչական դատարանում ստացված 2 հայցադիմումներն էլ ուղղված են եղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ եւ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտմանը:



 



Մի դեպքում՝ (Թիվ/3130/05/13 գործ) Դանիել Իոաննիսյանը, հանդիսանալով Երեւանի ավագանու անդամի թեկնածու, համարում էր, որ 2013 թվականի ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում Երեւանի փողոցներով շրջող կանանց եւ աղջիկներին տրամադրվել են ծաղիկներ, հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում, քանի որ նշված գործողություններն իրականացվել են Երեւանի ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի անունից: Ընտրություններին մասնակցելը ոչ միայն չի բացառում Երեւանի քաղաքապետի լիազորությունների իրականացումը, այլ, ընդհակառակը, այն չի կարող Երեւանի գործող քաղաքապետի համար իր լիազորությունների իրականացումից հրաժարվելու առիթ հանդիսանալ: Միաժամանակ, դատարանը նշել է, որ ծաղկի այդ կերպ նվիրումը չի կարող որակվել որպես նախընտրական քարոզչություն:

Մյուս դեպքում՝ (Թիվ/3115/05/13 գործ) Վարդգես Գասպարին գտնում էր, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկի քվեարկության օրն ընտրատեղամաս հանդիսացող դպրոցներից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նկարների հեռացման ուղղությամբ, քանի որ դրանք կարող են ազդել ընտրողների կամքի վրա: Դատարանը հայցն անհիմն է համարել այն պատճառաբանությամբ, որ դպրոցներում տեղադրված նկարը տվյալ դեպքում ուղղված է ոչ թե ընտրողների կամքի ձեւավորմանը, այլեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ որպես պետության գլխի, ներկայացմանն ու ծանոթացմանը հայ դպրոցականներին: Այստեղ Նախագահի նկարը խորհրդանշական դերակատարում ունի (ինչպես, օրինակ, հայ հասարակական կյանքում մեծ հետք թողած արվեստագետների, գիտնականների, ազատամարտիկների նկարները) եւ որեւէ կերպ չի կարող կապվել Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Այդ նկարները հանդիսանում են դպրոցներում ձեւավորված, այսպես կոչված, «պետականության անկյան» ավանդույթի մասը, որի նպատակը հայ պատանիների մեջ հայկական պետականության հանդեպ սեր եւ հարգանք սերմանելն է, այլ ոչ թե ընտրողների կամքի վրա ներազդելը: