Րաֆֆի ջան, խնդրում եմ էլի՜, մանդատներիցդ չհրաժարվես…

Րաֆֆի ջան, խնդրում եմ էլի՜, մանդատներիցդ չհրաժարվես…
Ավագանու ընտրություններից հետո փորձեմ կրկին մտածել նախագահի փոխարեն: «Այդքան բարդ ու ոսկերչական վիրահատություններ կատարելուց հետո ի՞նչ է, պետք է թույլ տամ, որ ընդդիմադիր հզոր բեւե՞ռ ձեւավորվի… Նախորդ շրջանում վայելել եմ ընդդիմադիր հզոր բեւեռի հաճույքը, այս անգամ դա թույլ չեմ տա…



 



Ընդդիմությունն էլ իմը պիտի լինի, որ երբ ուզեմ, ասեմ՝ ղժժացեք, ղժժան, երբ ուզեմ, ասեմ՝ ձեններդ կտրեք, կտրեն… Ինչքան գցում, բռնում եմ, Րաֆֆին պետք է հրաժարվի մանդատներից, ինքը դրա տասնապատիկը կստանա… Բայց դրա փոխարեն, հանրությունը նրա համար որպես սկզբունքային ընդդիմադիր գյուլլա կգցի, էլ ոչ մի կասկած չի մնա: Մարդը կկանգնի ու կճղղա՝ կեղծել են ընտրությունը, մեզ էլ մի լավ կնախշազարդի ու մանդատներից կհրաժարվի… Հետո մագնիսի նման իր շուրջը կհավաքի ընդդիմադիր դաշտը ու հինգ տարի գլուխս հանգիստ կլինի»: Նախագահի դերից դուրս գալուց հետո սկսեցի վախենալ, որ Ժառանգությունը կարող է իր մանդատներից հրաժարվել՝ հանկարծ չուրախանա՜ք… Որ ամոթ չլինի, կխնդրեմ՝ Րաֆֆի ջան, խնդրում եմ էլի, մանդատներիցդ չհրաժարվես… Մի լավություն է, ժողովրդին արա ու ջուրը գցի… Չսպանես ժողովրդի միջից ծնունդ առնող շարժումը…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ