Հետընտրական զայրացած «Ֆեյսբուք»

Հետընտրական զայրացած «Ֆեյսբուք»
Վախթանգ Սիրադեղյան - ՀՀԿ հաղթանակների հիմքում, ըստ Ա. Աշոտյանի, կուսակցության ինտելեկտն է, նրա կադրային բազան, նորովի աշխատելու ընդունակությունը եւ վերջինիս բացակայությունը մրցակիցների շրջանում (Ժամանակ):



Ասվածի «ճշմարտացիության» մեջ համոզվում ես, երբ որպես դիտորդ ներառվում ես ընտրական գործընթացում եւ տեսնում այդ կադրային բազան՝ թաղի խուժանը, նրա դրսեւորած ինտելեկտը եւ 15 տարվա հնության «նորովի» աշխատանքը: Այսպիսի տարընթերցումներ…:



 



Հայկ Ֆալակյան - Ես դեռ կարող եմ հասկանալ, երբ մարդը ծախում ա ինքն իրեն, բայց երբ մարդիկ ծախում են ուրիշներին... Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/15 ընտրատեղամաս. քուչի լավերն աճուրդի են հանել կողքի ծերանոցի ծերերին, շարքով-կարգով, մուտք-ելք, հատ-հատ, ոչ թե հոգի-հոգի: «Հիվանդ եմ, թողեք գնամ-պառկեմ, անկողնուցս են հանել»: Չէ, չես գնա, տատի ջան, դու մեր էսօրվա սիգարետի ու պիվի փողն ես, չես գնա, մենք քեզ արդեն ծախսել ենք, չես գնա, դու մեր փառապանծ պետականության հիմքն ու ապավենն ես, չես գնա՝ թեկուզ մեռնես, որովհետեւ մեռնելուց հետո էլ ենք քո ձայնը մերը դարձնելու: Ելք չունես դու, չես գնա, մեր գլխաքանակը քիչ ա, չկա՛ Երեւանում էդքան բաշիբոզուկ ու պուտանկա, մեզ մահամերձ ծերերն էլ են պետք, մտավոր հետամնացներն էլ, կույրերն էլ, մեռելներն էլ, բոլորը, բոլորը, ում կարող ենք խաբել, մոլորեցնել, վախեցնել ու ստիպել, աճուրդով, աճուրդով, խմբակային հայտերի դեպքում՝ զեղչեր, էստի՜ համեցեք: Հետո ներքում ականջիս թվեր հասան. «յոթ հազար դրամ, ապե, յոթ ա, յոթ. քանի՞ հատ են»:



 



Առաքել Սեմիրջյան- Հարցը ոչ թե ընտրակեղծիքներն են, ոչ էլ իրական գաղափարական ուժերի ` ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի պարտությունը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությանը այս կամ այն կերպ հանցագործության հանցակից են դարձրել` լինի ընտրակաշառքով քվերակության տանելով, լինի այդ ամենը տեսնել եւ չհայտնելով:



Էս ընտրություններում թաղի խուժանից բացի հաղթող չեղավ, բայց պարտվեց Հայաստանը... Տաք ենք ու դեռ չենք հասկանում, սակայն սրա պտուղները դեռ երկար ենք քաղելու…:



 



Հասմիկ Հրաչյան- Սենց ո՞նց կլինի. բոլորդ ձեր ընտրատեղամասերից եք պատմում, իսկ ես հեչ հավես չունեմ պատմելու. մենակ ականջներումս խշշում ա «Բարգավաճի» ղարաբաղցի հանձնաժողովականի ձայնը, որը քվեաթերթիկները հանելիս կարդում էր «բարյեւ» (իբր «Բարեւ» դաշինք), «բարյեւ», «բարյեւ»... ականջներումս էդ «բարյեւն» ա հնչում, իսկ աչքերիս առաջ ՀՀԿ-ական քվեաթերթիկների բուրգն ա. «Օրինացի» աղջկա երջանկությունն էդ բուրգին նայելիս, դաշնակի անհամ հումորներն ու իրենց քվեաթերթիկների վրա ՀՀԿ-ի քվեաթերթիկները դնելու անհաջող փորձերը. հա, մեկ էլ հիշում եմ, թե ոնց էր ժառանգականը բացատրում, թե ինչու չի կարող ստորագրել մեր կազմած արձանագրության տակ, էն դեպքում, երբ միջադեպն իր աչքի առաջ էր կատարվել: