Խաղաղություն առանց խաղաղության

Խաղաղություն առանց խաղաղության
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման միջակայքում գտնվող վրացական ադրբեջանաբնակ Թեքալի գյուղն դարձել է Հարավային Կովկասում իրականացվող խաղաղարար միջոցառումների մայրաքաղաք:







Մայիսի 25-ին Խաղաղարար միջոցառումների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ եւ կովկասյան այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ Թեքալի էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Բաքվից, Երեւանից, Գյանջայից, Նոյեմբերյանից` մասնակցելու քաղաքական լսումներին՝ «Հումանիզմի այլակերպումը խաղաղարար պրակտիկայում» թեմայով: Հիմնական զեկուցողներն էին. Ադրբեջանից` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիազի Մեհտիեւը, Հայաստանից` գրող, հրապարակախոս Լեւոն Ջավախյանը, Վրաստանից` «Կովկասյան տուն» մշակութային փոխհամագործակցության կենտրոնի տնօրեն Գրիգորի Կանաշվիլին:



 



Լեւոն Ջավախյանի ելույթը



 



«Ես վախենում եմ Ադրբեջան այցելելուց: Ես վախենում եմ երես առ երես հանդիպել պատերազմից տուժած ադրբեջանական ընտանիքների աչքերին: Հավանաբար, ադրբեջանցին եւս կվախենա գալ Հայաստան եւ առերեսվել պատերազմից տուժած հայ ընտանիքների աչքերին: Որովհետեւ միշտ սարսափելի է նայել ճշմարտության աչքերին:



 



Քսան տարի առաջ խարխափուն վերնագրով մի հոդված էի գրել. «Թուրքը որպես ազգ եթե անգամ իմ թշնամին է, ապա որպես մարդ` բարեկամս»: Գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանն իր պաշտոնաթողությունից հետո մի թերթ էր տպագրում` «Երկիր Նաիրի»: Ինձ համար անսպասելի` այդ հոդվածը նա վերատպել էր այդտեղ, ակնկալելով բանավեճ ծավալել առաջարկված թեմայով: Սակայն եղավ առավել անսպասելին` մարդասպանի գնդակը խոցեց նշանավոր գրողի, հրապարակախոսի սիրտը, եւ այդպես էլ սկսված վեճը շարունակություն չունեցավ: Բայց արդյո՞ք անհեթեթություն չէ ժողովուրդներին դասելը թշնամականի եւ բարեկամականի կամ էլ լավի եւ վատի... Մենք բոլորս էլ մեր ծննդյան փուչ օրից ինչ-որ կերպ քարոզչության զոհ ենք: Երբ ես «Քիրվա» պատմվածքի համար Բաքվի Հանդուրժողականության կենտրոնի կողմից ստացա մրցանակ «Հարավային Կովկասում խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզելու» անվանակարգով, հայկական տպագիր մամուլի որոշ օրգաններ սկսեցին դատափետել իմ արարքը: Այնինչ այնտեղ պատմում էի ընդամենը հայի եւ ադրբեջանցու սրտառուչ բարեկամության մի անմեղ պատմություն: Հայ լրագրողական աշխարհը հայի լավը հասկանում էր, բայց ադրբեջանցունը, չգիտես ինչու, կասկածի տակ դնում: Ահա թե պատերազմական թշնամությունն ինչ հետեւանք կարող է ունենալ:



 



Մթագնել էր անգամ շատ մտավորականների գիտակցությունը: Եվ ինչ, պարզվեց, որ «վատ» մարդկանց մեջ կան նաեւ լավ մարդիկ, հանձին Աքրամ Այլիսլիի: Բայց արի ու տես, որ մեզ համար լավը սաստիկ «վատն» էր յուրայինների մեջ: Ադրբեջանական հասարակական շրջանակները նրա «ինքնագործունեությունը» խիստ թշնամանքով ընդունեցին: Բայց ով-ով, եթե ոչ խիզախ հումանիստը պիտի ասեր ճշմարտությունը: Այդ մարդն արդեն անցել է Ռուբիկոնը: Հիմա հերթը մերն է: Հիմա եկել է մուսաների խոսելու ժամանակը: Ցավոք, իմ մուսան ուշ արթնացավ: Մի քանի գիրք գրելուց հետո միայն հասկացա, որ իմ ամենամեծ ստեղծագործությունը կյանքն է: Ես 63 տարեկան եմ: Մինչեւ 50 տարեկանը ես հենց այնպես ապրում էի, իսկ հիմա գիտեմ, որ ապրում եմ: Հիմա ես կյանքը վայելում եմ մի բաժակ ջրի պես, կում-կում, մանրամասն, երկարացնելով ջրի ու վայելքի ժամանակը: Մինչդեռ ամեն օր, ամեն ակնթարթի նրա նկատմամբ կատարվում են ոտնձգություններ: Ամեն ինչ որոշում է շահն ու շահնշահը: Դուք տեսե՞լ եք մի կինոնկար կամ էլ ներկայացում, որտեղ հրազեն կամ նարկոտիկ չօգտագործվի: Արհեստականորեն հետաքրքրություն բորբոքող սուր զգացումների սիրահարները մարդուն ներկայացնում են անմարդկայինի` մարդասպանի դերում: Որքան էլ հերոսը միտված լինի բարության պաշտպանությանը, միեւնույն է, նա եւս հանդես է գալիս մարդ սպանելու ուսուցանողի դերում:



 



Մինչդեռ առօրյա կյանքը բնականորեն խաղաղ է, եւ սուր ու կտրող գործիքների, ինչպես նաեւ հրազենի կարիքն ամենեւին էլ չի զգացվում: Արվեստն արհեստականորեն տեղափոխվում է վիրտուալ աշխարհ` անդառնալի հարված հասցնելով հումանիզմին: Նրանք մեզ չեն թողնում ապրել մեր ձեւով, նրանք մեզ ապրել են սովորեցնում իրենց ձեւով: Քարոզչությունն առավել քան անմարդկային ձեւեր է  ընդունում հատկապես պատերազմական ժամանակներում: Որքան սրբազան է պատերազմը, նույնքան սարսափելի են նրա բերած կորուստները: Այդպիսին էին անտիկ աշխարհի պատերազմները,  միջնադարյան խաչակրաց պատերազմները, հարյուրամյա պատերազմը, նորագույն ժամանակների Առաջին համաշխարհայինը, Հայրենական պատերազմը... Մարդուն քարոզում են զոհել ամենակարեւորը` կյանքը (Մատրոսով, Հունան Ավետիսյան եւ այլն), նրանց օրինակներով մահապարտներ են դաստիարակում` փոխարենը խոստանալով սին գոյություն: Եվ այդ ամենը հանուն հայրենիքի: Կարող է եւ հանուն ինչ-որ մեկի... Իսկ ո՞ւմ է պետք հայրենիքն առանց մարդու: Չէ՞ որ ամեն մարդ մի աշխարհ է... Ինչո՞ւ են լեզվի մի ճկուն շարժումով կործանում այդ աշխարհը: Հետաքրքիրն այն է, որ այդ քարոզիչները, իբրեւ կանոն, չեն զոհվում: Ես ճանաչում եմ միայն մեկ պատերազմ, պատերազմ, որ ուղղված է բոլոր պատերազմների դեմ:



 



Ես ամենեւին էլ չեմ ընդունում հանուն հայրենիքի զոհվելու պատրաստ բանակի կայացումը: Եթե նույնիսկ պիտի կռվել, ապա միմիայն ապրելու համար եւ ոչ թե հանուն ինչ-որ սին գաղափարի: Գաղափարակիրները սովորաբար խաբում  են ժողովուրդներին: Մարդուն պետք է կրթել եւ դաստիարակել այնպես, որ ինքը կողմնորոշվի եւ ոչ թե դառնա որեւէ գաղափարի զոմբին: Իմ հերոսն ապրող մարդն է: Իմ համար պատերազմական դաշտում կամովի զոհվածն այլասերված մարդասիրության եւ ագրեսիվ քարոզչության միամիտ զոհն է: Նվիրական գաղափարների քողի տակ իրականացվող այլատյացությունը մարդուն հերոսացրեց այնպիսի հայրենասիրության, որ նա քնած մարդ սպանեց: Այստեղ զոհը միայն հայ սպան չէ, իրական զոհը Ռամիլ Սաֆարովն է: Նա իր հետագա կյանքն այդպես էլ ապրելու է՝ ստի եւ կեղծիքի մեջ: Նա իր հայրենիքի այլասերված զավակն է: Հայաստանում Ղարաբաղյան շարժումը վարկաբեկեց մարդկային բնավորության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, հայրենասիրությունը, հերոսությունը...  Շահարկվեցին մարդկային ամենանվիրական զգացումները:



 



Ցուցադրական հայրենասերները, ազնիվները, հերոսները իրենց «բարեմասնությունները» ճարպկորեն օգտագործում էին սեփական կարիերիստական նկրտումներում, բիզնեսում, թալանում... Քարոզչությունը, սուտն ու կեղծիքն արշավում են նաեւ գլոբալ մակարդակով: Դժբախտաբար, Նոբելյան մրցանակներն անգամ, շատ դեպքերում, շնորհվում են քաղաքական դրդապատճառներով: Մենք ներսից մեր առաջ փակում եք ստի ճանապարհները, սակայն  լայնորեն բացում ենք դրսի դարպասները, որոնց առջեւից արդեն իսկ անցել է քարոզչության սեւ աղվեսը: Արաբական գարունը դեմոկրատիայի քողի տակ սպառնում է ներխուժել մեր տարածաշրջան: Գարնան այդ ծիծեռնակների կտցին ես պատերազմական սերմեր եմ տեսնում:



 



Ոչ մի սահման, ոչ մի թշնամանք ու պատերազմ եւ ոչ մի ռազմատենչ նախագահ ի զորու չէ կանգնեցնելու բանականության ընթացքը: Բարբարոս նախնիները գծեցին բաժանարար սահմաններ: Հիմա եկել է ժամանակը, որ քաղաքակիրթ մարդկությունը խորտակի սերը, բարեկամությունն ու եղբայրությունը փշապատնեշող լարերը: Արվեստը սահման չունի: Բայց չէ՞ որ դրան է ձգտում նաեւ մարդու ազատ ու անկաշկանդ ապրելու ձգտումը: Նացիոնալիզմը, ֆաշիզմը, այլատյացությունն այն վառելիքն են, որ բորբոքում են ազգամիջյան հրդեհներ: Մարդը ծնվել է ոչ այդ կռիվներում հերոսանալու համար: Հերոսներն ազգայնական քարոզչությունում կուլ գնացող կյանքեր են: Ինձ համար հերոսը մեռել է եւ մեռել է ընդմիշտ: Մարդը ծնվել է ապրելու համար: Այդ պարզ ճշմարտությունը պիտի հասցնել ժողովրդի ականջին` քողազերծելով մասսաներին հիմարացնող քարոզի կեղծիքը: Հայաստանի գրական շրջանակներում ոչ այնքան հայտնի մի գրող` գյումրեցի Լուսինե Աղաջանյանը, վերջերս «Գրական թերթում» պատասխանելով «Քիրվա» պատմվածքի կապակցությամբ իմ նկատմամբ չդադարող հարձակումներին, գրում է. «Ամեն մի ադրբեջանցի գրող քարե երազներ չի կարող ունենալ, եւ ամեն մի հայ գրող չի կարող Հասանին քիրվա համարել:



 



Ազգային պատկանելությունը հիշելուց առաջ պետք է հիշել, որ մարդ է... Գուցե այս մասին խոսելը մեր օրերում ծիծաղելի կարող է թվալ: Բայց չէ՞ որ հենց մտավորականը պիտի ժողովրդի հոգեւոր մակարդակը բարձրացնի երկինք, առանց երկինքը ցած քաշելու»:



 



Նապոլեոն Բոնապարտն ասում էր, որ մեկ առյուծը եթե անցնի ոչխարների գլուխ, կարող է ողջ հոտը առյուծ դարձնել, իսկ եթե մի ոչխար դառնա առյուծների գլուխ, նա կարող է այդ առյուծներին ոչխար դարձնել: Այդպես է եւ կյանքում. մեկ, երկու տականք կարող են իրենց ժողովրդի պատվի հետ խաղալ: Բարեկամներս, կրկին ընդունենք այբբենական ճշմարտությունը` վատ ժողովուրդներ չեն լինում: Պարզապես լինում են ոչխարներ, որոնք մոլորյալ հոտի մեջ կորցրել են առյուծի գլուխը:



 



Հարավային Կովկասում ծայր առած քաղաքական լարվածության պայմաններում ես խիստ կարեւորում եմ ժողովրդական դիվանագիտության դերը, թեկուզեւ այս պահին Թեքալի գյուղում տեղի ունեցող խաղաղարարական միջոցառումները: Հակադիր ափերում գտնվող առանձին քաղաքացիների, մտավորականների, գիտության եւ արվեստի մարդկանց` թույնի, թարախի, թշնամանքի, ատելության, պատերազմի վրայով բարեկամական ձեռքսեղմումները, կարծում եմ, որ լինելու են մազե այն կամուրջը, որի հիմքերի վրա վեր է խոյանալու իսկական բարեկամության հաղթակամարը:



 



Այսքան խոսեցի, խոսեցի, հիմա խոսքս ջուրն եմ գցելու: Այո, հարգարժան դոկտոր Նիազին ճիշտ է ասում, եթե ղարաբաղյան թնջուկի լուծման կոնկրետ ճանապարհ ցույց չես տալիս, խոսքդ դառնում է դատարկ հռետորաբանություն: Ինչ ասեմ, մեկը ճանապարհ է ցույց տալիս, իսկ մյուսը` մերժում: Երկու կողմն էլ դրա իրավունքն ունեն: Եվ, ինչպես միշտ, հինը ջնջում, նորն են սկսում, բայց մինչեւ ե՞րբ... Հարցեր կան, որոնք խելքի պակասից չէ, որ առաջացել են, եւ որոնց լուծման համար միայն խելքը քիչ է: Մեր գյուղում մի ասացվածք կա: Ասում են. «Գելի գլխին քարոզ կարդացին, գելն ասավ` շուտ արեք, ոչխարը սարն անցավ»: Հիմա մերն է, քարոզ ենք կարդում, որքան հնարավոր է՝ երկար, որ գելն ու ոչխարն իրար չհանդիպեն:



 



Անձամբ ինձ համար դժվար է գտնել ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը, մանավանդ որ այս հարցում խիստ կարեւորում եմ մարդու իրավունքների գերակայությունը: Մի հարցում եւս կրկին համամիտ եմ դոկտոր Նիազի հետ: Այո, «հայերի համար ավելի հեշտ է խոսել խաղաղությունից, քան ադրբեջանցիների»: Ներողություն եմ խնդրում, դրա համար էլ երկար-բարակ ճառաբանեցի»: