Փաստորեն դեռ մեկ ամիս էլ ախուրյանցիները կմնան առանց տրանսպորտի

Փաստորեն դեռ մեկ ամիս էլ ախուրյանցիները կմնան առանց տրանսպորտի
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի պարզաբանմամբ,  Ախուրյան եւ Նոր Ախուրյան ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների համար հայտարարված մրցույթը կկայանա հուլիսի 8-ին: «Բացի այդ մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, ինչպես Ախուրյան, այնպես էլ Նոր Ախուրյան երթուղիների, բայց մասնակիցներ չլինելու պատճառով երթուղին շահագործման չի տրամադրվել: Ով որ շահագործում եւ սպասարկում էր էդ երթուղին, ամսու 22-ին լրացել էր սպասարկման ժամկետը եւ նա նոր մրցույթին չի մասնակցել, այդ պատճառով շահագործումից դուրս է մնացել»:



Խ. Խնձրցյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ անգամներ իրենց մոտ հրավիրել են Ախուրյան համայնքի ղեկավարին, զրուցել են նրա հետ, առաջարկություններ արել: «Ինձ մոտ Նոր Ախուրյան գյուղի բնակիչներն էլ են եղել, առաջարկություն  ենք արել նրանց, որպեսզի, եթե  հնարավոր լինի եւ գյուղում վարորդ կա, այլ ընկերության առաջարկենք  ընդունեն աշխատանքի, երթուղին տրամադրենք շահագործման: Պետք է միջոցներ ձեռնարկվի, որ երթուղին շահագործվի»:



Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը նաեւ նշեց, որ նախկինում Ախուրյան-Նոր Ախուրյան երթուղին տաքսիներով էր շահագործվում եւ նույն 100 դրամանոց գինն էր գործում: Բացի այդ երթուղին շահած կազմակերպությունը, ով որ սպասարկել  էր Ախուրյանից Նոր Ախուրյան երթուղին, մրցույթին հաղթել էր 150 դրամով, բայց շահագործում էր 100 դրամով: Հիմա կրկին Նոր Ախուրյան եւ Ախուրյան երթուղիների համար մրցույթ է կայանալու, եթե մասնակիցներ լինեն, ապա երթուղին կտրամադրեն շահագործման: «Կա կառավարության 2001 թվականի, 762 որոշում, որ մենք լիազորություններ ունենք երթուղին տրամադրել շահագործման միայն հատուկ լիցենզավորված կազմակերպություններին»,-մանրամասնում է զրուցակիցս:



Ըստ Խ. Խնձրցյանի, գործում են նաեւ ներմարզային մրցութային հանձնաժողովներ: Նա նշեց, որ եթե հնարավոր լինի` մարզպետի թույլտվությամբ որեւէ կազմակերպության ժամանակավոր կհանձնեն երթուղու շահագործումը, մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու արդյունքների ամփոփումը, ապա տվյալ կազմակերպության հետ երթուղին շահագործելու ժամանակավոր պայմանագիր կկնքեն:



Ինչպես ավելի վաղ նշել էինք, բնակիչները նաեւ բողոքում են Ախուրյան-Նոր Ախուրյան-Գյումրի ճանապարհահատվածի  վատ վիճակից եւ վարկած առաջ քաշում, որ նույնիսկ գազել մակնիշի միկրոավտոբուսը դժվարությամբ կկարողանա անցնել այդ ճանապարհով: Այս առնչությամբ Խ. Խնձրցյանը պարզաբանեց, որ այն ներհամայնքային ճանապարհ է հանդիսանում, այլ ոչ թե համայնքային: «Բազմաթիվ անգամներ Ախուրյան համայնքի միջոցներով ճանապարհը վերանորոգվել է, բայց այն կրկին բարվոք վիճակում չէ: Համայնքի ղեկավարն իր ֆինանսական միջոցների հաշվին պարտավոր է բարեկարգել ճանապարհները»:



 



Անահիտ Սիմոնյան