Ախ, այդ վարչապետը...

Ախ, այդ վարչապետը...
Լեւոն Մութաֆյանը գրում է. «Երբեւէ Հայաստանում նման իրավիճակ չէր ստեղծվել, երբ վարչապետին մեղադրեին մի շարք «մութ պատմությունների» մեջ` սկսած օֆշորային գոտում ծավալած գործարարությունից` մինչեւ բիոզուգարանների հետ կապված անազնիվ գործարքը....



 



Երբեւէ Հայաստանի որեւէ վարչապետի անվան շուրջ այնպիսի աղմուկ չէր բարձրացել, ինչպես բարձրացել է հիմա Տիգրան Սարգսյանի անվան շուրջ` մեկ անգամ եւս հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ անընդհատ հանդես գալով խրատաբանական ելույթներով եւ ստեղծելով «մտավորականի» իմիջը, այս պաշտոնյան, ըստ էության, Հայաստանի տնտեսության ու ֆինանսների ակունքների մոտ նստած այն «գործող անձն» է, որը տարիներ շարունակ, սկսած ԿԲ նախագահի պաշտոնում գտնվելու պահից, զբաղվել է տնտեսության բարելավմանն ուղղված քայլերի զրոյացմամբ, պետական ֆինանսական միջոցների, միջազգային վարկերի եւ դրամաշնորհների յուրատեսակ փոշիացմամբ` ինչպես հավաստում են շատերը... Տարիներ շարունակ ես գրել ու ահազանգել եմ այն մասին, որ Հայաստանին տրվող միջազգային վարկերը, որոնք հետո ազգովի պիտի վճարենք, Տիգրան Սարգսյանն ուղղորդում է առեւտրային բանկերին` այսպիսով երկիրը զրկելով տնտեսական հստակ զարգացման հնարավորություններից: Տարիներ շարունակ ես ահազանգել եմ այն մասին, որ վարչապետը միտումնաբար, անթաքույց ցինիզմով, նպաստում է արտագաղթի ծավալների ընդլայնմանը` հետապնդելով որոշակի շահեր:



 



Տարիներ շարունակ ես աղմկել եմ այն մասին, որ Տիգրան Սարգսյանն անամոթաբար ծաղրում է գիտության, կրթության, մշակույթի գործիչներին` նրանց տանելով աղքատացման ու ստորացման, նրանց ստիպելով ապրել անարժան կյանքով... Սակայն տարիներ շարունակ այս մարդը շարունակել է պաշտոնավարել` արդեն հինգ տարուց ավելի դառնալով մեծագույն պատուհաս երկրի ու ժողովրդի գլխին: Ու չի էլ բացառվում, որ դեռ առաջիկա հինգ տարում էլ նա պիտի ղեկավարի կառավարությունը` ի վերջո դատարկելով երկիրը, երկրում մնացածներին վերածելով մուրացիկների ու թափառաշրջիկների... Անպայմանորեն, վարչապետի այսօրինակ գործունեությունը հովանավորվում է, նրան աջակցում եւ հուշում են, թելադրում: Անպայմանորեն, այս մարդն ինքնուրույն չի գործում` կյանքի կոչելով հակազգային գործելաձեւեր: Մեր աչքի առաջ ընդամենը 700 մլն դոլար պետբյուջե ունեցող Վրաստանը թռիչքներ գործեց, հզորացավ, օրավուր հզորանում է Ադրբեջանը, մինչդեռ մենք գլորվում ենք անդունդը` կորցնելով երկիր ու պետականություն, կորցնելով ազգային ու անձնական արժանապատվություն...



 



Այսօր վարչապետը սպառնում է դատի տալ «Հետք» թերթին: Իր գործն է, իր գործարար համբավն է փորձում փրկել, իսկ չի՞ վախենում «համեստ»-աբար ապրող վարչապետը, որ մի օր էլ մենք ազգովի իրեն դատի կտանք` մեր արժանապատվությունը տրորելու, մեզ աղքատացնելու, մեզ ստորացնելու համար: Չի՞ մտածում, որ հատկապես մտավորականությանը թշվառ դարձնելու իր քայլերը հակաքայլեր էլ ունեն, որ համընդհանուր զայրույթը մի օր կարող է անկասելի դառնալ, ու Տիգրան Սարգսյանին էլ սպառնան Չաուշեսկուի եւ Լիբիայի նախագահի ճակատագրերը...



 



Քանի դեռ համընդհանուր ցասումը չի հասել իր գագաթնակետին, քանի դեռ հայաստանցին վերջնականապես երես չի թեքել իր իշխանություններից, երկրի նախագահը պիտի համարձակություն եւ վճռականություն ունենա եւ ազատի Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից: Երբ մի պաշտոնյայի մեղադրում են տարբեր գործարքներում ու պետական միջոցների փոշիացմանն ուղղված քայլերում, նա այլեւս չի կարող ունենալ իր հանդեպ վստահություն եւ հավատ: Ուրեմն, պիտի հեռանա: Որքան շուտ, այնքան լավ` ե՛ւ իր, ե՛ւ երկրի համար...»: