Ուրախ են, որ չունեն կոմունալ հարմարություններ

Ուրախ են, որ չունեն կոմունալ հարմարություններ
«Եղել են դեպքեր, երբ ուժեղ քամին տնակի կտուրը քշել-տարել է»,- պատմում է Սարի թաղի բնակիչներից Անգին Գրիգորյանը` տեղեկացնելով, որ տնակը գտնվում է սարի գագաթին: Երբ նոր էին տեղափոխվել, նույնիսկ քամու ձայնից էին վախենում, իրենց թվում էր, թե տնակը կքշի-կտանի. «Դոմիկի անբարենպաստ դիրքի պատճառով շատ դժվար օրեր ենք ունենում, ուժեղ անձրեւների, քամիների ժամանակ գիշերը տան անդամներից որեւէ մեկը չի քնում եւ հսկում է»:



 



Ասում է, որ տնակը սեփականաշնորհված չէ, իսկ այն սեփականաշնորհելու համար հարկավոր է քարից հիմք ունենալ: Տարիներ շարունակ գումար են հավաքել,  վերջապես կարողացել են կառուցել, բայց դեռ սեփականաշնորհման հարցերը լուծված չեն: «Ամեն անգամ նոր օրենք է փոխվում, վախենում եմ, որ այս անգամ էլ ուրիշ պահանջներ կներկայացնեն եւ ինձ կկանգնեցնեն նոր խնդրի առջեւ»,-ասում է մեր զրուցակիցը: Տիկին Անգինը տեղեկացրեց նաեւ, որ ընտանիքում մշտական աշխատողն աղջիկն է, որն օրական 2 հազար դրամ է ստանում: Այդ գումարով կարողանում են ուտելու խնդիրները լուծել: Երկու տղա երեխաներն էլ դեռ հաճախում են դպրոց: Տան փոքրի՝ Էրիկի միակ երազանքը ֆուտբոլիստ դառնալն է: «Ֆուտբոլիստ ինչպե՞ս եմ դառնալու, եթե ընկերներիցս իմացել եմ, որ պետք է 7 տարեկանից զբաղվես ֆուտբոլով, որպեսզի 16-17 տարեկանում ընդգրկվես որեւէ ֆուտբոլային խմբի մեջ»,-ասում է Էրիկը եւ հավելում, որ դեռ նույնիսկ սեփական գնդակը չունի: Տիկին Անգինը նախկինում տանը կարուձեւ էր անում եւ գումար վաստակում, բայց այժմ մարդիկ դրա կարիքը չեն զգում:



 



«Անկողնու պարագաներ էի կարում` բարձի երես, կարի հետ կապված այլ գործեր էլ էի անում: Այժմ խանութներում ինչ ուզես` կա»,-ասում է մեր զրուցակիցը: 45 տարեկան կինը, տեսնելով, որ կարուձեւ անելով այլեւս չի կարողանում գումար վաստակել, սկսում է տնային գործերով զբաղվել. «Գնում, սրա-նրա տունը մաքրում եմ, բայց կարող է ամիսներով իմ կարիքը չունենան, ստիպված տանն եմ նստում ու խնամում ամուսնուս»: Անգինի ամուսինը մի քանի տարի առաջ հիվանդացել է թոքաբորբով եւ գումար չունենալու պատճառով բուժումը տանն է ստացել, ինչը նրա առողջության վրա հետք է թողել, եւ այժմ չի կարողանում աշխատել: Հիմա հիվանդության թոշակ է ստանում, որով կարողանում են նրա դեղերը գնել: Բայց երեխաները հագնվել են ուզում, դրա համար գումարը չի բավականացնում: Ինչպես Սարի թաղի շատ բնակիչներ, Գրիգորյանների ընտանիքը եւս չունի կոմունալ հարմարություններ: Սակայն այս խնդիրը նրանց համար առաջնային չէ, նույնիսկ ուրախ են, որ ջրի, հեռախոսի համար չեն վճարում, միայն հոսանք է, այն էլ, ինչքան հնարավոր է` քիչ են օգտագործում: Գրիգորյանները փափագում են ոտքի կանգնել, բայց օր օրի ամեն ինչ թանկանում է, եւ նրանց սոցիալական վիճակը դեպի վատն է գնում:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ