ՊՆ-ն հերքում է, Արա Ասոյանը՝ հաստատում

ՊՆ-ն հերքում է, Արա Ասոյանը՝ հաստատում
Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում  մասսայական թունավորում է տեղի ունեցել, եւ կուրսանտները հոսպիտալացվել են: Խոսվում էր մի քանի տասնյակ կուրսանտի մասին: Իսկ թունավորումը եղել էր սննդամթերքից:



 



Եվ, որպեսզի աղմուկ չբարձրանա, մի մասին տեղափոխել են հոսպիտալ, կեսին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, մի քանիսին էլ տեղում բուժօգնություն ցուցաբերել: Դե, քանի որ մեր բանակի սննդակարգում տարիներ շարունակ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում գոմեշի մսի «դելիկատեսը», այդ իսկ պատճառով շրջանառության մեջ մտավ գոմեշի մսից թունավորման վարկածը: Սակայն այս վարկածները պարզել չհաջողվեց, քանի որ ՊՆ-ն բռնել էր տեղեկությունն իսպառ հերքելու մարտավարությունը, մինչդեռ Նորքի ինֆեկցիոն  հիվանդանոցի տնօրեն, հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ավելի ազնիվ գտնվեց եւ անուղղակի ասաց ճշմարտությունը: Երբ զանգահարեցինք Ասոյանին, ժամը 17-ն անց էր: Նա, պատասխանելով զանգին, ասաց, թե չի կարող պատասխանել, եւ կատակեց, թե ժամը 5-ից հետո «փչանում է»: Թերեւս անսարքության պատճառով էլ նա չկարողացավ ստել այնպես, ինչպես ՊՆ-ն: Մեր այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ակադեմիայում թունավորում է եղել, ու զինվորներին հոսպիտալացրել են, ծոր տվեց. «Լա՜վ, էլի, լա՜վ, էլի, որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի, չի կարելի, դա բոլոր դեպքերում բանակ ա, զինվորական համակարգ ա»:



 



Ասոյանի հայրենասիրական քարոզից հասկացանք, որ թունավորման դեպք գրանցվել է: Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ միջին աստիճանի է եղել, բայց խուճապային տրամադրություններ են ստեղծվել:  Դիտարկմանը, թե սննդայի՞ն թունավորում է եղել, եւ որ սննդատեսակից, հայրենասիրական քարոզը շարունակվեց՝ ակնարկելով նաեւ, որ եղածն այնքան փոքր բան էր, որ նույնիսկ բժիշկ էլ պետք չէր կանչել: Երեկ տեղեկացանք, որ առաջիկա երեք օրվա ընթացքում հայտնի կլինեն նաեւ թունավորման պատճառն ու  մեղավորի ինքնությունը: Սակայն, հաշվի առնելով «թշնամու ջրաղացի» գոյությունը՝ որպես ՊՆ-ի ճշտախոսության խոչընդոտ, այդ տեղեկությունը երեւի գաղտնի կպահվի: Ուշագրավն այն է, որ արտագաղթի ահռելի հոսքը, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, մարդուն հակացուցված սննդի առկայությունը վաճառքում եւ, ի վերջո, գոմեշի մսի մատակարարումը բանակին ու բազմաթիվ այլ հանգամանքներ չեն համարվում թշնամու ջրաղացին ջուր լցնել, իսկ  ակադեմիայի կուրսանտների թունավորումը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Այս դեմագոգությամբ էլ պայքարում են թշնամիների դեմ, իրականում փակում են մամուլի բերանը:



 



Ընդգծենք, որ ակադեմիայի մասսայական թունավորման հարցը լսելուն պես ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայրենասիրական քարոզ չկարդաց բանակային ինֆորմացիայի առանձնահատկության  մասին, այլ կտրուկ հայտարարեց. «Սուտ է, ապատեղեկատվություն, նման բան չկա»: Այդ կտրուկ հերքումը կասկածների տեղիք տվեց, որ շատ լուրջ բան է տեղի ունեցել, հակառակ դեպքում այն ամբողջությամբ կոծկելու խնդիր չէր լինի, եւ Ասոյանի պես կասեին՝ թեթեւ բան է, արդեն անցել է: