Եվրոպահայ գողը. վզին` «զնջիլ», ոտքերին` «բռասլետ»

Եվրոպահայ գողը. վզին` «զնջիլ», ոտքերին` «բռասլետ»
Օրերս ոստիկանական լրահոսը գուժեց, որ Բելգիայի Անտվերպեն քաղաքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, ազգությունը` հայ, սակայն ինքնությունը` չճանաչված: Հաղորդվեց, թե կասկած կա, որ տղամարդը մահացել է երեք տարի առաջ: Այս լուրը փորձեցինք ճշտել Բելգիայում մեր աղբյուրից:



 



Խոսակցությունը, սակայն, ծավալվեց ոչ միայն այդ դեպքի մասին: Զրուցակցիս դիտարկմամբ` Պզոյի հանցախմբի ամերիկյան բացահայտումից հետո, անշուշտ, դժվար է զարմացնել աշխարհասփյուռ հայկական կրիմինալի մասին նորություններով, սակայն, պարզվում է` կան դեմքեր, որոնք կարող են զարմացնել եւ աշխարհին խոսել տալ հայի ու հայության մասին: «Զարմանալու բան չկա` Բելգիայի հանցագործ հայերից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասաց լավատեղյակ զրուցակիցս եւ սպանված անհայտ հայ տղամարդու մասին տեղեկություններ ճշտելը հետաձգելով, մի քանի նկատառումներ հայտնեց:



 



«Ընդհանրապես, հայկական քրեածին տարրերը հավաքվում են աշխարհի նման կենտրոններում` ռուսական, ամերիկյան եւ եվրոպական քաղաքներում: Եվ մինչ Ամերիկան առժամանակ կարող է հանգիստ շունչ քաշել Պզոյի գործը հորով-մորով անելուց հետո, հայկական կրիմինալը ծաղկում է Եվրոպայում: Կոնկրետ որպես հրեաների եվրոպական մայրաքաղաք, որպես ադամանդի բորսայի կենտրոն համարվող բելգիական Անտվերպեն քաղաքը յուրահատուկ գրավչություն ունի հայ «գողականների» համար: Ասենք` խոսքը ոչ միայն հայ, այլեւ ռուս, չեչեն, վրացի եւ նախկին սովետական այլ ազգերի «գողականների» մասին է: Պետք է խոստովանել, որ այս հարցում էլ նրանք «շոյում» են մեր ազգային ինքնասիրությունը, հանդես բերում հայի անսպառ հնարամտություն: Այո` մերն ուրիշ է: Բելգայի հատուկ ծառայությունները նույնպես գիտեն այդ մասին եւ, համապատասխանաբար, հատուկ զգոնությամբ են հսկում հայկական կրիմինալին: Նրանց շարքում կան մի քանիսը, ում հանդեպ բելգիական իրավապահները հատուկ «գորովանք» են ցուցաբերել, ոտքերին հագցնելով հատուկ հսկող «բռասլետներ»:



 



Սրանց իմաստն այն է, որ ժամանակին կատարած զանցանքը նրանց գցել է անհուսալիների շարքը, եւ ոստիկանությունը 24 ժամ հսկում է նրանց գտնվելու վայրը, հանցագործություն կատարվելու դեպքում սրանք անմիջապես հայտնվում են բանտում: Համարյա բոլոր հանցագործները Բելգիայում են հայտնվել ազգային բանակում զինծառայությունից խուսափելու համար: Հայտնվել են այստեղ, կուշտ ու հեշտ ապրելու ձեւը գտել, ոստիկանության հետ խնդիրներից վաղուց առանձնապես վատ չեն զգում, որովհետեւ ոստիկանությունում եւ անգամ բանտում նրանց հետ մարդավարի են վարվում, չեն ծեծում, չեն ստորացնում, գրպանները «պլան» չեն գցում, չարած հանցանք չեն բարդում վրան եւ այլն: Նրանցից մեկը ֆիրմա է բացել, մյուսը` սրճարան եւ անգամ սրճարանների ցանց: Հաջորդը, իբր, մեքենաների առքուվաճառքով է զբաղված, իրականում լինելով նարկոդիլլեր: Կան մի քանիսը, որ Հայաստան մաքսանենգ ապրանք ուղարկելով են զբաղված` մաքսայինի «բարձր» հովանու ներքո: «Ծիծակ» կոշկավոր, վզներին ոսկյա հաստ «զնջիլ» այդ «լավ» տղերքը սրանից-նրանից դրամ են շորթում, այսպես ասած` «ռեկետ» անում, «կռիշ» կանգնելու դիմաց: Պատահում է` դիմադրողներին առեւանգում, հետո կամ բաց են թողնում, կամ` սպանում… Ամեն ինչ էլ կա: Բայց ամենավիրավորականը բանակից փախած, դասալիքների ճակատագիրն է` ախր, ինչքան էլ վատը լինի, հաստատ երկու տարի ծառայելը ոտքի «բռասլետից» լավ է»:



 



«…Այնպես որ, ցավոք, զարմանալու չէ, որ տարիներ առաջ սպանված հայ մարդու դիակ են գտել, -եզրափակեց զրուցակիցս,- թե ով է` երեւի շուտով կիմացվի. հայության շրջանում ոնց էլ լինի` կխոսվի: «Բռասլետավորները» հիմա չէին կարա տենց բան անել` ուր գնան, ինչ անեն` ոստիկանությունը տեղում կիմանա: Բայց կարող ա էդ պահին մեկն առանց «բռասլետի» ա եղել, ի՞նչ իմանաս: Աստված էլ բեթարից ազատի»:



 



ՀԳ - Հայկական բելգիահայ կրիմինալ դեմքերի, ինչպես նաեւ զրուցակցիս անունները չեմ նշում` ելնելով ոչ միայն վերջինիս անվտանգության նկատառումներից, այլեւ հայրենի ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը «թասիբի գցելու» շատ թաքուն հույսով:



 



Վարուժան ԴԱՆԻԵԼՅԱՆ