Նարեկ Սարգսյան. Հանրապետության հրապարակը, որպես հանրային տարածք, կիսով չափ է օգտագործվում

Նարեկ Սարգսյան. Հանրապետության հրապարակը, որպես հանրային տարածք, կիսով չափ է օգտագործվում
Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ



 



Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենեւին էլ չի նշանակում որեւէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական եւ հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձեւավորելն է: Անշուշտ ողջունելի է այս հարցի վերաբերյալ հանրային ակտիվությունը, ինչը կարող է յուրօրինակ ուղղորդիչ դեր ունենալ մրցույթին մասնակից ճարտարապետների համար:



 



Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2011 թվականի սկզբին Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվեց անբավարար եւ ոչ նպատակահարմար որեւէ մրցանակի ներկայացնելու: Ի դեպ, մրցույթներին ներկայացված  աշխատանքները շուրջ մեկ ամիս ցուցադրվեցին  ճարտարապետության թանգարանում:



 



Ավելորդ չէ նաեւ նշել, որ անցած  10 տարիների  ընթացքում Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մեկ այլ արձան տեղադրելու կամ ինչ որ կառույց իրականացնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:



 



Ինչեւէ, 2012 թվականի հուլիսին, կրկին անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցին, Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը տարբեր անհատներից ստանում է բազմաթիվ առաջարկներ եւ ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում, արձանագրեց, որ այդ ուղղությամբ լոկալ որոշում կայացնելն անհնար է, քանի դեռ հստակ հայեցակարգ չի հաստատվել:



 



Ըստ այդմ, առաջարկվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հստակ առաջադրանք ձեւավորելու համար անցկացնել բաց մրցույթ: Առաջարկը   հանձնաժողովի անդամ ճարտարապետների կողմից ընդունվել է միաձայն:



 



Մեկ անգամ եւս հարկ ենք համարում ընդգծել, որ մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելն է՝ այդ համատեքստում բացառելով որեւէ տեղային լուծում: Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի եւ որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում եւ մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է:



 



Մրցույթին  ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար որոշվել է որոշ խոշոր արվեստանոցների, այդ թվում՝ «Երեւաննախագիծ»  ՓԲԸ-ին, Ճարտարապետաշինարարական համալսարանին եւ մի քանի անհատական արվեստանոցների նախագծեր պատվիրել:



 



Ճարտարապետական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հաջորդ օրը մրցույթի հայտարարության տեքստը էլեկտրոնային  փոստով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին: Հաշվի են առնվել ստացված առաջարկություններն ու խմբագրված վերջնական տեքստը եւ ժյուրիի կազմը համաձայնեցվել է հանձնաժողովի նիստում:



 



Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան