ՍՕՍ մանկական գյուղը և երեխաները (լուսանկարներ)

ՍՕՍ մանկական գյուղը և երեխաները (լուսանկարներ)
«Չեմ ուզում այստեղից գնալ: Այստեղ շատ լավ է: Հետո էլ մամայի հետ արդեն շատ մտերիմ եմ»,- ասում է 6-ամյա Նարեկը: Վերջինս մեկ տարի է հարազատ քույրիկի` Մարիամի հետ միասին ապրում Աբովյանի ՍՕՍ մանկական գյուղում: Երեխաներն այստեղ են հայտնվել սոցիալական ծանր պայմանների և մայրիկի առողջական խնդիրների պատճառով: Այսպիսով գյուղի փոքրիկ բնակիչների համար փորձում են ստեղծել իրական ընտանիքի գաղափարը: ՍՕՍ մանկական գյուղում յուրաքանչյուր երեխա ունի «ՍՕՍ» մայրիկ, քույր ու եղբայրներ եւ ապրում է գյուղի 15 առանձնատներից մեկում: «Երբ ազատ օր եմ ունենում, գնում եմ մամայիս տեսնելու, կարոտում եմ նրան»,-անկեղծանում է Նարեկը` հավելելով, որ ամառային արձակուրդների մեծ մասը պատրաստվում է անցկացնել հարազատ մայրիկի հետ:  Իր երկու մայրիկների շնորհիվ Նարեկն իրեն պաշտպանված է զգում:



ՍՕՍ գյուղում գործում է մանկապարտեզ, իսկ դպրոցահասակ երեխաները հատուկ ավտոմեքենաներով տեղափոխվում են կամ մերձակա գյուղերի դպրոցներ կամ Աբովյան:  Մանկական գյուղի տարածքում գործում է դպրոց, մանկապարտեզ, նկարչության, երգի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ, ֆուտբոլի խմբակ, կինոդահլիճ: Մեծ հաճույքով հաճախում են ֆուտբոլի և ունեն  մարզիչ: Երեխաներից մեկին Արմենին  կոչում են փոքրիկ Մեսսի. «Այստեղ կան բոլոր պայմանները, որ ես մարզվեմ  և դառնամ հանրահայտ ֆուտբոլիստ»:  Արմենին այստեղ են բերել մեկ տարեկան հասակում և ծնողները նրան չեն այցելում:  Արմենի, Մարիամի եւ Նարեկի խնամքով զբաղվում է Աննա մայրիկը:



Երեխաների առօրյան չի տարբերվում այն երեխաների առօրյայից որոնք ապրում են իրենց կենսաբանական  ծնողների հետ: «3 երեխաների հետ միասին ապրում եմ առանձին բնակարանում, որտեղ, ճիշտ է, բացակայում է «հայրը», բայց լիարժեք հոգ եմ տանում իմ խնամքի տակ գտնվող երեխաներին»,- ասաց տիկին Աննան` նշելով, որ երեխաների հետ միասին այցելում են տարբեր միջոցառումների:  Ինչպես տեղեկացրեց Աննա մայրիկը, իրենք չեն անտեսում կենսաբանական ծնողներին և իրենք իրենց հերթին խրախուսում են նրանց, որպեսզի այցելեն և տեսնեն երեխաներին: «Մենք մի մեծ ընտանիք ենք, փորձում եմ երեխաների մեջ սերմանել անկեղծություն և կապվածություն իրենց ծնողների հետ»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ