Գնանք մկանը համոզենք

Գնանք մկանը համոզենք
Նախախորհրդարանի մերօրյա ազատամարտիկները երեկ կրկին հավաքվել էին Ազատության հրապարակում: Անցած երկու շաբաթների ընթացքում նրանք հասցրել են անցնել Հայաստանի մարզերով եւ ազդարարել պայքարի մեկնարկը, որին կամավոր անդամագրվել են շուրջ 1000 հայրենասերներ: Թեեւ երեկ հրապարակում նվիրյալներից ընդամենը 50-100-ն էին կազմ-պատրաստ գրոհի: Նախախորհրդարանի անդամները ներկայացրին իրենց մշակած ճանապարհային քարտեզը: Այս նորաստեղծ կազմակերպությունը փորձում է իշխանափոխության ծրագիրն իրականացնել 19-20-րդ դդ. ազգային-ազատագրական պայքարի մեթոդներով՝ պայքարելով ընդդեմ ժողովրդին հալածողների: Նրանք մտադիր են նվիրյալների օջախներ ձեւավորել բոլոր համայնքներում, հրահրել երկրի ներսում դժգոհողներին ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: «Մեր ծրագրի գլխավոր մեխը ժողովրդի կողմից կազմակերպվող հանրաքվեի միջոցով, ժողովրդի կամքի արտահայտման միջոցով նոր իշխանությունների ձեւավորումն է»,- հայտարարեց  Գարեգին Չուքասզյանը՝ վստահեցնելով, որ դրան հասնելու գլխավոր քայլը ժողովրդի ինքնակազմակերպումն է: Եվ մինչ Չուքասզյանը երկար-բարակ ներկայացնում էր պայքարի ծրագիրը, Ազատության հրապարակում հավաքվածներն սկսեցին ընդվզել՝ թե այս պայքարն էլ տեղ չի հասնի: Կազմակերպիչները որոշեցին ձայն տալ ներկաներին, լսել նրանց առաջարկությունները եւ հասկանալ դժգոհությունները: Առաջինը միկրոֆոնը վերցրեց մի ծերունի. «Սաղ հեչ, դուք էն ասեք՝ ո՞նց եք պայքարելու էս տնտեսական ծանր վիճակի դեմ, ամեն ինչն օր օրի թանկանում ա, մարդիկ թողնում-գնում են, մեզ էլ չի հետաքրքրում իշխանություններն ինչ են անում, ասեք, թե դուք ոնց եք անելու, որ այստեղ մարդ մնա ու պայքարի»: Չուքասզյանը հանդիմանեց ծերունուն, թե հենց իշխանությունների արածը պետք է հետաքրքրի, հիշեցրեց օֆշորային գոտում վարչապետի բիզնեսի, գազի, էներգիայի եւ այլնի թանկացման մասին, ապա ասաց, որ հենց այս ամենը պետք է դրդի բոլորիս համախմբվել եւ ստիպել հեռացնել իշխանություններին: Ձայն խնդրողները շատ էին, գրեթե բոլորը հիշեցնում էին նախկին չհաջողած շարժումները եւ ուզում էին հասկանալ՝ հիմա ինչպե՞ս են հաջողելու: Չուքասզյանը հիշեցրեց «Պապն ու շաղգամը» եւ ասաց, որ իշխանություններին հնարավոր կլինի «հողից» հանել միայն համատեղ ուժերով, մեկը մյուսից ձգելով: Ինչպես հայտնի պատմության մեջ, իշխանափոխության հասնելու համար էլ, ըստ նրա, «մկնիկի» ուժն անգամ որոշիչ է լինելու: «Գնանք Մկանը համոզենք»,- հանկարծ լսվեց շարքերից, ակնարկը հասկանալով՝ հավաքվածները սկսեցին ծափահարել: «Մենք կմնանք, մենք արդեն 10 տարուց ավելի ա՝ էս հրապարակում ենք, ով եկավ՝ կանգնեցինք կողքը, բայց վախեցան-փախան, մնում է դուք մնաք եւ տեր կանգնեք ձեր խոսքերին»,- վերջին շարքից բարձրաձայն դժգոհեց միջին տարիքի մի կին, ով ասում էր, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավայրերի դռներին է եղել, հիմա էլ նրան հավատալով է եկել: 75-ամյա Գեղամ պապն էլ վերջին հույսով էր եկել Ազատության հրապարակ: «Գուցե այս անգամ ստացվի, թե չէ էլ հաջորդին երեւի ես էլ չեմ լինի, թոռներս են մեղք»,- հուսահատ ասում էր նա: Հրապարակում էին նաեւ զոհված զինծառայողների ծնողները եւ Արամ Կարապետյանը:



 



ՀԳ - Նախախորհրդարանի անդամները հայտարարեցին, որ հավաքներն Ազատության հրապարակում այսուհետ կլինեն 2 շաբաթը մեկ:



 



Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ