Կառուցենք հայրենիքը` առանց քանդելու

Կառուցենք հայրենիքը` առանց քանդելու
Բազմաթիվ առաջավոր ճարտարապետների խնդրանքը մեր կառավարությանը՝ հարգել սովետական տարիների մշակույթի կոթողները, արժանանում են անտարբերության: Ոչ մի երկրում շուկայական հարաբերությունները չեն ստեղծում այսպիսի իրավիճակ: Անպատժելիությունը վարակիչ է:



 



Ժողովուրդը, կորցնելով վստահությունը, կամ անտարբեր է, կամ, չհաշտվելով, մեկնում է հայրենիքից` մեկ ուրիշ տեղ հարստանալու: Բացակայում է կիրթ հասարակության քաղաքացիությունը, համոզված եմ` մենք դա ունեցել ենք դարավոր շնորհքի եւ տաղանդի հետ միասին: Ստեղծածն արհամարհվում է, նորը չի ստեղծվում: Քանի տարի մեծ ներդրումներով չի ձեւավորվում 12-ամյա Բոլոնյան դպրոցի նոր կրթական ծրագրին համապատասխան դպրոցաշինարարությունը: Կրթությունը մեզ մոտ վերածվել է միայն ավագ դպրոցի՝ մասնատված լուծումով, իր ստեղծած «փուչիկ» դիպլոմներով, կտրված հիմնակարգ միջին կրթական դպրոցից: Մասնավոր դպրոց-բիզնեսներն իրենց կասկածելի որակի ավարտականներով, ոչ մասնագիտական լիցենզավորումով:



 



Այդպես են արտադրվում այն դատախազ-քննիչները, ճարտարապետ-շինարարները, բժիշկներն ու տնտեսագետները: Չկա հիմնավորված գիտություն, որը զարգացումով կխթանի հասարակական շահագրգռվածությունը: Համամիտ եմ մեր նախագահի մտածելակերպին. «Լավ, բա ո՞ւր են այդ հետեւանքները, ներդրումների առաջարկությունները»: Այո, գիտությունը թուղթ եւ մեդալ չէ. դա շնորհք է` ներդրված իրականացված վիճակում: Փող չունե՞նք: Բայց ե՞րբ է հայը հարուստ եւ անհոգ ապրել: Գումարները ծախսելիս մենք պետք է ստեղծենք տարածքը, կրթական համալիրը, միաձույլ զանգված, կրթության քաղաքականություն, որն այժմ ձգտում են անել, սակայն նախապես ընտրված մասնագետներով: Միայն կյանքի բովով անցած մասնագետը կարող է ապահովել կյանքի փորձը: Ճարտարապետն այն մասնագետն է, որը համեստորեն ստեղծում է ապագան` չքանդելով իր պատվավոր նախնիների ստեղծածը: Մեզ մոտ դժվար տարիները դարձել են պատճառաբանություն մեր անհաջողությունների: Եղել են ավելի վատ տարիներ, բայց մենք արարել ենք: Եկեք կառուցենք մեր հայրենիքը առանց քանդելու:



 



Իրինա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



 ճարտարապետ