Մեր (գործ)ընկեր Արամը

Մեր (գործ)ընկեր Արամը
«…Եթե ուզում եք, ես մի շարք եզրահանգումներով կարող եմ «ապացուցել», որ արքայազն Չարլզը իրականում կիրգիզ է եւ Հայաստան է եկել Բիշքեկից»,- գրում է «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր թերթում: Ոչ ոք չի կասկածում, պարոն Աբրահամյան, որ Դուք դա կարող եք անել: Ավելին ասեմ՝ շատ իզուր էլ «ապացուցել» բառը դրել եք չակերտների մեջ:



 



«Վերլուծական թռիչք»՝ այսպես է վերնագրված հոդվածը, որի հեղինակը մեր ուշադրությունը հրավիրել է մի շատ նուրբ հարցի վրա՝ հայ վերլուծաբանների մտքի թռիչքների, որոնք երբեմն այնքան բարձր են լինում, ասես կտրված լինեն իրականությունից, այդ թվում՝ բուն քաղաքականությունից եւ նույնիսկ այն նյութից, որից բխում են: Համաձայնեք, որ հարգարժան խմբագիրն իրոք նուրբ թեմա է շոշափել: Եվ նա այնքան լավ է բացել թեման, որ ցանկություն առաջացավ մի քիչ խորանալու:



 



Մի փոքր էլ ընթերցենք պարոն Աբրահամյանին. «Հայ վերլուծական մտքի թռիչքները հիրավի տպավորիչ են՝ մեր մեկնաբանները կարողանում են կապել Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները եւ հարմարեցնել դրանք սեփական տեսություններին»: Հրաշալի է: Ժամանակին այդպես էին վարվում առաջադեմ ցեղախմբերի շամանները, ովքեր իրենց ցեղակիցներից տարբերվում էին հենց այն բանով, որ կարողանում էին գետնին նետված մի քանի ոսկորների դասավորությամբ հստակ որոշել, թե ինչու էր այդ օրվա որսը պակաս, եւ ինչ պետք է անել, որ վաղն այն առավել բարեհաջող լինի: Որոշ շամաններ, նայած ոսկորը որ կողմն էր «նայում», այդ ուղղությամբ փայլփլող աստղը հռչակում էին «լավ» կամ «վատ», նայած աստղը ցեղակիցներից ում գխավերեւում էր այդ պահին, որոշում էր՝ մորթե՞լ, թե՞ մեծարել ցեղակցին: Ու քանի որ շամաններն իրենցով մարմնավորում էին ժամանակի քաղաքական գործչին ու վերլուծաբանին, ցեղակիցներից ոչ ոք չէր համարձակվում կասկածի տակ առնել նրանց իրավացիությունը: Բայց ժամանակները փոխվեցին, եւ շամանների կուռ համքարությունը տրոհվեց մի քանի նեղ մասնագիտական խմբերի: Ի հայտ եկան քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, նույնիսկ վերլուծաբանների վերլուծաբաններ, որոնցից մեկի, ներողություն, «մտքի թռիչքին» էլ նվիրված է մեր այս հրապարակումը:



 



Ի՞նչ է մեզ՝ թույլ տվեք ասել՝ հայ վերլուծաբաններիս, առաջարկում Արամ Աբրահամյանը: Առաջին հայացքից մի շատ հասարակ բան է նրա ուզածը՝ առանց իմանալու ինչն ինչոց է, զոռ մի տվեք ձեր երեւակայությանը: Հիրավի քաղաքակիրթ պահանջ, որ կարմիր թելի պես անցնում է հումանիզմով շաղախված իր հոդվածով: Հեղինակը վերցրել է մի բավականին աննշան իրադարձություն, որի շուրջ հայոց ԶԼՄ-ներն այնպիսի աղմուկ էին բարձրացրել,  ինչպիսին նույնիսկ ամենամոլեռանդ շամանները չէին կարող բարձրացնել: Այդ աննշան իրադարձությունն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը Բիշքեկ չգնաց: Աբրահամյանը զարմանում է՝ քի՞չ է պատահել, որ մեր նախագահներն ինչ-ինչ պատճառներով չմասնակցեն որեւէ հավաքի կամ գագաթաժողովի: Ինչո՞ւ են հայ վերլուծաբանները հասնում այնտեղ, որ նախագահ Սարգսյանի Բիշքեկ չմեկնելը որակում են դեմարշ՝ Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացման հետ կապված: Շատ ներողություն, իսկ Արամ Աբրահամյանն ունի՞ այլ բացատրություն: Գուցե նա ունի մի ինֆորմացիա, որ մյուսնե՞րը չունեն: Իսկ գուցե, քանի որ խոսքը նախագահի մասին է, պետք էր առաջնորդվել բացառապես պաշտոնակա՞ն բացատրությամբ: Ո՞րն է պաշտոնական բացատրությունը, ա՞յն, որ ԱԳՆ խոսնակն է տվել, թե իբր Մայիսի 28-ն էր Բիշքեկ չմեկնելու պատճառը: Ծիծաղելի է: ԱԳՆ-ին որ շատ լսենք, մի օր էլ կասեն՝ Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում կիսատ է թողել Մամեդյարովի հետ բանակցություններն ու մեկնել Ավստրալիա՝ տեղի հայ համայնքի հետ նշելու Տրնդեզը: Սերժ Սարգսյանը, հարգելի Արամ, կարող էր Բիշքեկ չգնալ Սեպտեմբերի 21-ին, քանզի Սերժ Սարգսյանի պետությունն այդ օրն է նշում իր անկախությունը: Մայիսի 28-ը որքան էլ անանց նշանակություն ունի մեզ համար, այնուամենայնիվ, խորհրդանշական տարեթիվ է եւ չի կարող ընկալվել որպես պետության համար կարեւոր որեւէ ձեռնարկի չմասնակցելու հիմք:



 



Այնուամենայնիվ, հայ վերլուծաբաններն այնքան էլ թրջած չեն, ինչպես ներկայացնում է Արամ Աբրահամյանը: Ինչ-ինչ, բայց ինֆորմացիա պեղել գիտեն: Օրինակ, Հովիկ Աֆյանը Report.am-ում, տեսեք, ինչ է գրել. «Համաձայն ՀԱՊԿ-ի պաշտոնական հաղորդագրության՝ «Բիշքեկում ՀԱՊԿ երկրների գագաթաժողովին հրավիրված չեն այն երկրների նախագահները, որոնց երկրները չեն գտնվում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»: Այսինքն, Սարգսյանն ու Լուկաշենկոն Բիշքեկ չեն մեկնել ոչ թե, որովհետեւ չեն ցանկացել, այլ որովհետեւ չեն հրավիրվել»: Ահա եւ ավարտվեց կանաչ խիարի եւս մեկ պատմություն: Չի բացառվում, որ Արամ Աբրահամյանը եւս տիրապետում է այս ինֆորմացիային, բայց այդ դեպքում նա պարտավոր էր փոխել իր հարցադրումը: Նա ոչ թե հայ վերլուծաբաններին պիտի մեղադրեր վառ երեւակայություն ունենալու մեջ, այլ Էդվարդ Նալբանդյանի հիմնարկին, որ, Բիշքեկ չգնալու հասարակ բացատրությունը թողած, լծվել է Սերժ Սարգսյանից  «կռուտոյ» գործիչ կերտելու աշխատանքներին:



 



Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Արամ Աբրահամյանին այս թեման շոշափելու համար, ասենք, որ քիչ չեն դեպքերը, երբ հայ վերլուծաբաններն ուղղակի հայտնվում են պեչենու բաղերում, որովհետեւ մեր իշխանություններն իրենք չեն կարողանում հոդաբաշխ բացատրություններ տալ այս կամ այն իրադարձությանը, քաղաքական գործընթացին: Նախագահ Սարգսյանը չասեր, որ գազը չի թանկանա, գազի թանկացումն այսօր չէր կապվի Բիշքեկի գագաթաժողովին չմասնակցելու հետ, որը, կարծեմ, նվիրված է եղել Աֆղանստանից 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման եւ այդ տարածաշրջանում ՀԱՊԿ-ի հետագա անելիքներին:



 



Այն էլ ասենք, որ մեկ էլ թավաքյալլի պետություններում կարելի է եկեղեցին ու կազինոն դնել նույն հարթության վրա, քաղաքական ուժին հայտարարել ընդդիմություն, երբ նրա հիմնադիր-ղեկավարը տակավին տեղեկացված չէ այդ մասին, նախագահի երդում տալ տասնյակ հազարավոր գազազած մարդկանց առաջ եւ ոստիկանապետի հետ աղոթել, 30 սանտիմետրից կրակել մարդու վրա ու վրիպել: Վերլուծաբանը, հարգելի Արամ, գլուխն էլ ո՞ր քարովը տա այս ամենի բացատրությունները գտնելու համար: Կրկես է, ախր, կյանք չի, որ վերլուծաբաններն էլ, ինչպես ասում են՝ պասերով-պասերով հասնեն բուն ճշմարտություններին:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ