Ծվեններ մեծ լրահոսից

Ծվեններ մեծ լրահոսից
ԿԼԱՍԻԿԸ ՄՆՈՒՄ Է ԿԼԱՍԻԿ



 



Այն, ինչ կարելի է ՀՀԿ դասականին, չի կարելի Հայրիկյանի ընկերոջը: Խոսքն այլ անձի հրապարակային վիրավորանք հասցնելու եւ դրա համար պատասխանատվություն կրել-չկրելու մասին է: Եվ ահա իմացանք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատի է տվել Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանին՝ իրեն անբարոյական անվանելու համար:



 



ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ



 



Առնելով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի լուրը, Սերժ Սարգսյանն ահաբեկված զանգահարել է Տարոն Մարգարյանին.



- Տարոն ջան, բայց կարող ա՞ էլի սիրուն չլինի:



 



 



ՊԱՊՍ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԲԱՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՍ



 



Դատելով hetq.am-ի որոշ հրապարակումներից՝ կարելի է ասել, թե ինչ նկատի ուներ վարչապետ Սարգսյանը, երբ ասում էր, որ Հայաստանում պետք է մտածողության հեղափոխություն անել: Ճիշտ այդպես հանճարեղ կույր Պանիկովսկին հեղափոխում էր շարքային գող Շուրա Բալագանովին՝ ոչ մի գողություն, Շուրա, միայն կողոպուտ…



 



ՕԵԿ ԴՈՒ ՕԵԿ



 



Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանից ծածուկ, մի հարվածով ոչնչացրել է հայաստանյան վերջին ընտրությունների մասին ՀՀԿ բոլոր տեսությունները: Նա հատկապես դատապարտել է թաղի խուժանի մասնակցությունն այդ ընտրություններին, որ այնքան խնամքով թաքցնում էին Հովիկ Աբրահամյանը, Էդուարդ Շարմազանովը, կին պատգամավորների ջերմեռանդ պաշտպան Գալուստ Սահակյանը եւ այլոք:



 



ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑ



 



Իլհամ Ալիեւի հրամանագրով Ադրբեջանում, ինչպես Հայաստանում, կստեղծվի խորհուրդ՝ կազմված ազգի մեծերից: Ի տարբերություն Հայաստանի հանրային խորհրդի, այն կկոչվի սիքիմբաշիների խորհուրդ: Չնայած անվան խիստ ընդգծուն տարբերությանը, Ալիեւի մտահղացքը կունենա նույն գործառույթները, ինչ որ ՀՀ հանրային խորհուրդը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ