Ոստիկանությունն զբաղված է հասարակական անվտանգությունն ապահովելով

Ոստիկանությունն զբաղված է հասարակական  անվտանգությունն ապահովելով
«Հրապարակ» օրաթերթի 30.05.2013 թ. համարի «Զբաղված են անձնական անվտանգությունն ապահովելով» գրությունն առնվազն տխրեցնում է խնդրի չիմացությամբ, կողմնակալությամբ ու «անառարկելի» եզրահանգումներով, որոնք դատավճիռ են հիշեցնում: 



 



Գրության հեղինակ Տիրայր Մուրադյանն անդրադառնում է Արմավիրի համայնքների կարկտահարությանը, որպեսզի հնարավորություն ունենա հայտարարելու, թե Երեւան-Արմավիր մայրուղին փակելն ստիպեց, որ գյուղնախարարից հետո Արմավիր գնա փոխվարչապետը, հետո՝ վարչապետը, հետո էլ… ոստիկանության պետը: Հենց այստեղից էլ սկսվում է փաստերի կեղծումը՝ հստակ նպատակով: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն Արմավիր չի՛ գնացել, ոստիկանություն է հրավիրել համայնքների ղեկավարներին, եւ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե ոստիկանությունն ինչով կարող է օգնել բնական աղետից տուժած գյուղերին: Գրության հեղինակն իրողությունները խեղաթյուրում է մի պրիմիտիվ նկատառումով, որպեսզի «պատկերի», թե ինչպես է խիստ մտահոգված ոստիկանության պետն շտապում Արմավիր՝ «իրեն եւ համակարգի այլ ծառայողների ապահովագրելու համար», քանի որ գյուղացիներն սպառնացել էին մայիսի 28-ին փակել հանրապետության նախագահի ճանապարհը:



 



Տիրայր Մուրադյանն իր հորինած «մտահոգությունը» կոչում է «անձնական անվտանգության ապահովում»: Իրականում հիշյալ խորհրդակցությունը շատ բնական, քաղաքացիական եւ ոչ արտակարգ վերաբերմունք էր փորձության մեջ հայտնված մարդկանց եւ հանրային անվտանգության ապահովման կոնկրետ հանձնառություն: Այո՛, հանրային, որովհետեւ ամեն ինչ կորցրած ու հուսահատության եզրը մղված մարդը վտանգավոր է եւ իր համար, եւ հանրայնորեն, եթե նրան մենակ թողնես իր ցավի հետ, ինչը ոչ մարդկային է, ոչ էլ տրամաբանական: Այս նկատառումով Վլադիմիր Գասպարյանը կարող էր Արմավիր էլ գնալ, դրանում էլ արտակարգ ոչինչ չկա, բայց այս դեպքում պետք էր աշխատանքային խոսակցություն համայնքային պատասխանատուների եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝ կոնկրետ ծրագիր մշակելու, լուծումներ գտնելու եւ դրանք կյանքի կոչելու համար: Ինչը եւ արվել է ու արվում է: Այս համապատկերում՝ հարց Տ. Մուրադյանին. ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանին չպիտի հետաքրքրեն մարզային համայնքներում կրթության, սոցիալական կամ արտագաղթի հարցերը: Ինչո՞ւ Ձեզ կարող են հետաքրքրել, իսկ ոստիկանության պետին ՝ ոչ: Ինչո՞ւ Դուք հույժ քաղաքացի ու ժողովրդասեր եք, իսկ ոստիկանին զրկում եք այդ իրավունքից: Որտեղի՞ց այս մեղավորության կանխավարկածը, որով գնահատում եք Ձեզնից դուրս ամեն ինչ…



 



Այս գրության մեջ սփռված մտավարժանքները միտված են ասելու, թե ոստիկանությունն արմավիրցիներին ձեռք է մեկնել մայիսի 28-ին մայրուղին փակելը կանխելու համար: Այս մտայնության հիմքում էլ կամ անգիտությունն է, կամ չարակամությունը: Նախ, ճանապարհ փակելը «խիզախության ու վճռականության» դրսեւորում չէ, այլ՝ հասարակական կարգի լուրջ խախտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով: Հավելեմ՝ նաեւ բարոյական կարգի լուրջ խախտում է. այդ ճանապարհով միայն պետական այրերը չեն երթեւեկում. այդ ճանապարհով սրտային հիվանդի են հասցնում շտապ վիրահատության, ապագա մայրիկի են տանում ծննդատուն, դիմորդ է շտապում քննության…



 



Թվարկումը չշարունակեմ, պարզապես հարցնեմ Տ. Մուրադյանին՝ ո՞ր իրավունքով եք ա՛յս մարդկանց իրավունքները ստորադասում ա՛յն մարդկանց  իրավունքներին, որտեղի՞ց համոզմունքը, թե ոստիկանությունը չպետք է կատարի օրենքով իրեն վերապահված պարտականությունները, տվյալ դեպքում՝ բաց պահի ճանապարհը: Բոլորի՛ համար: Եվ ի՞նչ բարոյականությամբ եք քմծիծաղում արյունն աղոթքով, ուժը խոսքով, հակամարտությունը երկխոսությամբ ու փոխըմբռնումով փոխարինելու ցանկության ու նպատակի վրա: Եվ ընդհանրապես, ի՞նչ իրավունքով եք քմծիծաղում…



 



Տիրայր Մուրադյանը «խելամտորեն» շրջանցում է եւս մեկ իրողություն, որ վերոհիշյալ խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հրապարակել է ոստիկանության անձնակազմի միակամ որոշումը՝ դրամական օգնություն ցուցաբերել աղետյալ համայնքներին: Խորհրդակցությունից օրե՛ր առաջ կայացված որոշումը: Շրջանցում է փաստը, որ հանգանակված գումարը՝ ավելի քան 20 միլիոն դրամ, մայիսի 29-ին արդեն փոխանցվել է հիմնադրամին: Որ տեղերում ոստիկանության ծառայություններն ամենայն օգնություն են ցուցաբերում համայնքներին՝ իրավական, գործնական, մարդկային: Շրջանցում է դարձյա՛լ միտումով. պարզապես այս ամենը չի տեղավորվում ոստիկանի, պետական ծառայողի, պետությա՛ն իր գծած պատկերի մեջ: Եվ այստեղ դարձյալ պահանջվում է հարցը. Դո՛ւք, որ այդպես քաղաքացի ու ժողովրդասեր եք, գոնե հինգ դրամի օգնություն հասցրե՞լ եք տուժածներին, մեկի դուռը թակե՞լ եք, մեկին մարդկայնորեն, եղբայրաբար մխիթարե՞լ եք, մի ջարդված շիվ շտկե՞լ եք, թե՞ ժամանակ չունեք, որովհետեւ կուրծք ծեծելով ու մտարկումներ շաղելով եք զբաղված: Այսքա՞ն կողմնակալ, չկամ ու սեւեռված, որ չտեսնեք ոստիկանությունում կատարվող ակնհայտ փոփոխությունները, ինչն ամբողջ ժողովուրդն է տեսնում ու գնահատում, ինչպես որ արդարացիորեն քննադատում է առկա թերությունները՝ օգնելով դրանց վերացմանը:



 



Ինչեւէ, թող Աստված Ձեզ Ձեր արդարությամբ դատի, Տիրա՛յր Մուրադյան: Իսկ ոստիկանությունն իր գործն է անում, որը կոչվում է հասարակական անվտանգության ապահովում: Եվ շարունակելու է անել՝ անտես առնելով ցանկացած չարախոսություն, կեղծագրություն ու հեգնանք: Իսկ եթե բարի գործն էլ է արդեն քննադատության թիրախ դառնում, թող ոստիկանությանը քննադատեն բարի՛ գործերի համար…



 



Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ



«02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր