Հայաստանը նաեւ եզդիներիս հայրենիքն է

Հայաստանը նաեւ եզդիներիս հայրենիքն է
Հարցազրույց  «Եզդիներ» ՀԿ նախագահ Ամո Շառոյանի հետ



 



- Մեր մայիսյան հաղթանակների մեջ նաեւ իր որոշակի ներդրումն է ունեցել եզդի ժողովուրդը: Ի՞նչ մասնակցություն է ունեցել Սարդարապատի ճակատամարտում:



 



- Մայիսի 28-ը ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեր եզդի ժողովրդի կյանքում կարեւոր իրադարձություններից մեկն է համարվում: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը խանդավառությամբ ընդունվեց նաեւ եզդի ժողովրդի կողմից: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին մեր ժողովրդի կյանքում վառ արտահայտված անհատականություններից են Ջահանգիր աղան եւ Ուսուբ բեկը: Սկսած Վանբից՝ Ջահանգիր աղան պայքարել է մեր թշնամիների դեմ, հասել է մինչեւ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Այդ եզդիական ջոկատի ռազմական ղեկավարն էր Ջահանգիր աղան, իսկ նրա անմիջական օգնականն էր Ուսուբ բեկը, որն էլ դարձավ Առաջին հանրապետության պառլամենտի անդամ: Ջոկատը 1500 հոգուց էր բաղկացած՝ այրուձի, նաեւ ուներ հետախուզական փոքրիկ ջոկատ: Ժամանակի հայ զորավարները բարձր են գնահատել Ջահանգիր աղայի գործունեությունը, բացի այդ, մեր ժողովուրդները շարունակել են համատեղ ապրել, եւ հարկ է նշել Հայաստանի առաջին հանրապետության կայացման մեջ եզդի ժողովրդի մասնակցության մասին, քանի որ մենք դարեր շարունակ եղել ենք միասին եւ միասնաբար ենք պայքարել:



 



- Երկրորդ աշխարհամարտին եզդիները, որպես Հայաստանի քաղաքացիներ, նույնպես մասնակցել են: Եթե չեմ սխալվում՝ նաեւ Սովետական Միության հերոս ունեք:



 



- Սամանդ Սիաբանդովն է եղել Սովետական Միության հերոս: Բարեբախտաբար, պատերազմում չի զոհվել, վերադարձել է հայրենիք, ծառայել է Սովետական Հայաստանին, տարբեր պաշտոններ է վարել այն ժամանակվա գյուղնախարարությունում: Իսկ թե որքան զոհ ենք տվել, այս պահին կոնկրետ չեմ կարող ասել, բայց մեր երկու ժողովուրդները միշտ էլ կողք կողքի պայքարել մեր հայրենիքի՝ Հայաստանի համար:



 



- Այդպես պայքարել ենք նաեւ Արցախյան ազատամարտում: Եզդիներն ի՞նչ մասնակցություն են ունեցել ազատամարտին եւ որքա՞ն զոհ են տվել:



 



- Մենք դարեր շարունակ միշտ միասին ենք եղել, եւ, բնականաբար, ինչ կարեւոր իրադարձություն եղել է Հայաստանի Հանրապետության կյանքում, մենք եղել ենք դրա մասնակիցը: Արցախյան ազատամարտին նույնպես մեր մասնակցությունն ենք ունեցել եւ վայելել ենք այդ պայքարի հաղթական բերկրանքը: Մենք սկզբում որոշել էինք առանձին ջոկատով գնալ Ղարաբաղ, բայց հետո տարբեր ջոկատների կազմում մասնակցեցինք: Ցավոք, ունեցել ենք անդառնալի կորուստներ, 36 զոհ ենք տվել, մի քանի հոգի էլ մինչ օրս անհայտ կորած են: Այսօր էլ պաշտպանության համակարգում ծառայում են եզդիներ, վերջերս էլ պաշտպանության նախարարը մեդալներով պարգեւատրեց Արցախյան ազատամարտի մասնակից եզդիներին: Հայաստանը նաեւ եզդիներիս հայրենիքն է, պատահական չէ, որ անցյալ տարի այստեղ բացվեց մեր հոգեւոր կենտրոնը, բացի այդ, հավանաբար շուտով, մենք Երեւանում կստեղծենք եզդիների համաշխարհային կենտրոնը: Հայաստանն այդպիսի կարեւորություն ունի մեր եզդի ժողովրդի կյանքում:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ