Գողին բռնող չկա, որովհետեւ բոլորը գող են

Գողին բռնող չկա, որովհետեւ բոլորը գող են
Առավոտ լուսոն Հայաստանում  մարդիկ դիմավորում են նոր մտայնությամբ՝ մարդ չե՞ն ծեծել, խոշտանգել, սպանել կամ հիմա ու՞մ ապարանքներն ու ունեցվածքն են քննարկման սեղանին դրվելու, հիմա ո՞ր մսխողին են բերան տալու:



 



Եթե առաջներում այդ լուրերի սապոնաջրով լվացք էր անում միայն ընդդիմությունը, այսօր այդ պատասխանատու լվացքն անելու գործը իր վրա է վերցրել իշխանությունը: Բարձրաստիճան պաշտոնյաները մոտավորապես հայտնվել են այս իրավիճակում՝ տարա՜ն, կերա՜ն, թալանեցի՜ն, բյուջեն մսխե՜ցին, հա՜-հարա՜յ, սպանեցի՜ն… Վերստուգիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից  բյուջեի մսխման թվերը լսելուց հետո շարքային քաղաքացին առնվազն մտածում է՝ էս թալանչիների ձեռքերն ինչու՞ չեն կապոտում ու լցնում բանտերը: Եթե տարեկան  մոտ 1 տրիլիոնանոց բյուջեի 70 միլիարդը չարաշահվում է,  միայն պաշտոնական բացահայտմամբ, բա ոչ պաշտոնականով  ինչքան կբացահայտվի: Ստացվում է, որ ժողովուրդն իր մարմնի վրա կամավոր լվեր է աճեցրել, որոնք էլ հաճույքով ծծում են իր արյունը:



 



Նախորդ տարիներից մինչ այսօր Իշխան Զաքարյանը կոռուպցիոն բացահայտումներ է անում, ժողովուրդն էլ մտածում է՝ էս խեղջ մարդը մեռավ պետական թալաններ բացահայտելուց, կոկորդը ճղվեց, ո՞վ է բանի տեղ դնում, էլի թալանողը թալանում է, լափողն էլ լափում: Այստեղ մի նուրբ հարց է առաջանում՝ ինչու՞ է այդքան բարձր գոռում Իշխան Զաքարյանը: Վերլուծաբանները թող այդ հարցի պատասխանով զբաղվեն: Ինչու  Իշխան Զաքարյանը ինչքան բարձր է գոռում, այնքան ավելի է հարստանում, նրա առանձնատուն- ապարանքն ու թանկարժեք այլ կառույցներն ավելի են փարթամանում ու ձագ տալիս: Կամ ինչու՞ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանն ուզում է ավելի բարձր գոռալ, քան Իշխան Զաքարյանը. «Անփոխարինելի պաշտոնյա չկա, ես գտնում եմ, որ հիմիկվանից պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով ու կեղծիքներով»: Վա՜յ, Հովիկ ջան, ժողովուրդը հալվեց, ունեցածդ քի՞չ է, ինչու՞ ես բարկանում: Կամ որի՞ն բռնեն, ո՞վ բռնի, մանկությանդ խաղն եք հիշե՞լ, որ պահմտոցի էիք խաղում: Բոլորը թաքնվում էին, մեկն էլ ետեւներից էր ընկնում, որ տեղը գտնի ու բռնի:



 



Հիմա բռնող չկա, բոլորը գտնող են, բոլորի տեղը լա՜վ էլ տեղը տեղին գիտեք: Որ պետք է լինում, գնում, մի քիչ խուզում են, հետո ասում՝ գնա նորից բրդակալի: Ախր ու՞մ հաշվին են բրդակալում, մտածե՞լ եք, էդ բրդից ամենավերեւներին բաժին չի հասնու՞մ: Այ երբ որ վերեւներում բաժին չուզեն, նոր բարձր գոռալու փոխարեն, թաթիկից կբռնեք եւ կուղեկցեք բանտ: Իսկ հիմա քանի դեռ ժողովրդի ջանում արյուն կա, բոլորով միասին վրա տվեք ու ծծեք: Ծծելու հետ մեկտեղ Շարմազանովի կամ մեկ ուրիշի  շուրթերով արտաբերեք. «Ինձ համար անընդունելի են կոռումպացված, չաղ ու բախտավոր չինովնիկները»: Էդիկ, ասա տեսնեմ, քո համար որտեղի՞ց գտնենք չկոռումպացված, նիհար ու դժբախտ չինովնիկներ: Գոնե մի թանգարանային նմուշի օրինակ կարո՞ղ ես բերել, որ հաջորդ օրն այդ նմուշի կնոջ կամ ազգականների ունեցվածքի մասին չգրեն: Նման դեպքում մնում է ընդամենն ասել՝ տղերք, անցեք ձեր գործին, արյուն քաշեք, վերեւներում բերանները բաց սպասում են: Շպրիցները ստերիլիզացնելու համար միացրեք գոլորշի արձակող բերանները, որ ամեն ինչ ստերիլ լինի՝ էս ի՜նչ կոռումպ պաշտոնյաներ են, ու՜ֆ, զզվում են դրանցից հանրապետականները: Մեկն էլ չի ասում՝ խի Հանրապետականներից բացի այլ պաշտոնյա կա՞: 



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ