Շեղաչք «քույրիկը» պատահական չի հայտնվել

Շեղաչք «քույրիկը» պատահական չի հայտնվել
Գյումրիի եւ 9 մլն բնակչություն ունեցող չինական Սիան քաղաքի «քույրացումը», Սիանի խորհրդարանի փոխնախագահի այցի կապակցությամբ քաղաքապետի կազմակերպած ընդունելությունը քննարկումների հարուստ նյութ տվեց քաղաքացիներին:



 



Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ է շահելու մոտ երկու տասնյակ «քույրիկ» ունեցող Գյումրին, եւ հատկապես իրենք՝  սովորական գյումրեցիներն այս նորելուկից: Բայց առայժմ հասկանում են մի բան՝ որ չինացի «քույրիկ» կպցնելու հիմքում քաղաքապետի եւ նրա ընտանիքի անձնական շահերն ու կապերն են: Բանն այն է, որ Չինաստանում է սովորել Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկը, եւ Բալասանյանը հաճախ է գնացել այնտեղ՝ որդուն տեսնելու եւ կապեր հաստատելու: Այժմ Բալասանյանի մյուս որդին՝ Միսակը, եւ նրա ընկերներն էժանագին լամպեր են ներկրում Չինաստանից, իրենց կապերն այսկերպ ծառայեցնելով համաքաղաքացիներին: Գյումրիում Սամվել Բալասանյանի ընտանիքը նաեւ հրուշակեղենի գործարան ունի, որը վերջերս դարձյալ լծվել է քաղաքի, ավելի ճիշտ՝ մանկապարտեզների: Մանկապարտեզների տնօրեններից մեկը, չցանկանալով նշել իր անունը, հայտնեց, որ վերջերս իրենց հրահանգվել է մանկապարտեզների սնունդը՝ հաց, մակարոնեղեն, այլ տեսականի, ձեռք բերել հենց այս գործարանից: Ի դեպ, վերջերս մանկապարտեզների 5 տնօրենների սիրտը վախ է ընկել:



 



Ասում են՝ քաղաքապետն ընկել է նրանց հետեւից, ուզում է աշխատանքից ազատել թոշակառուներին եւ նրանց փոխարեն իր մարդկանց բերի: Խոսքը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հարազատների մասին է, որոնց քաղաքապետարանի կրթության բաժնի պետ, մանկավարժականի դասախոս եւ պատմաբան Արմեն Նախշքարյանն ուզում է մանկապարտեզների տնօրեններ դարձնել: Առհասարակ, Սամվել Բալասանյանը հմուտ տնտեսվարի համբավ ունի, ավելորդ գումարներ ծախսել չի սիրում եւ կարողանում է ամեն ինչից օգուտ ստանալ, ի նպաստ հարազատ քաղաքի: Քաղաքն էլ Բալասանյանին է օգնում, ինչով կարող է: Քաղաքապետարանի շինարարական տեխնիկան՝ վերամբարձ կռունկը, այլ մեքենաներ, օգտագործվում են Սեւ բերդի շինարարության համար: Ինչպես հիշում ենք, սա 1834 թվականին կառուցված պատմամշակութային կոթող է, որը Միսակ Բալասանյանը գնել է եւ այժմ այնտեղ բիզնես-կենտրոն, ռեստորան եւ հյուրանոց է կառուցում: