Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման չափորոշիչները

Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման չափորոշիչները

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը նիստում քննարկել  և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի: Ըստ այդմ, մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից և դռներից որոշակի հեռավորության վրա:



Այսուհետ տեղադրված և նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: