Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում զինվորներ սպանվում

Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում զինվորներ սպանվում
Սյունիքի նախկին` տխրահռչակ մարզպետի առանձնատան բակում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին լռության մատնվեց նույն այդ օրը Վ. Սարգսյանի անվան ռազմական վարժարանում կատարված եւս մի սպանություն: Հասարակությանն իրազեկող միակ տեղեկությունը բավականին ժլատ էր:



 



Տարածված հաղորդագրությունից իմացանք, որ հունիսի 1-ի երեկոյան, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից կուրսանտ Մովսիսյանը մահացել է մեկ ժամ անց` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այսքանը:



 



Հասկանալի է, որ մինչեւ նախաքննության ավարտը ենթադրությունների մակարդակով հայտարարություններ անելը որեւէ օգուտ չէր տալու գործին: Թերեւս դա էր պատճառը, որ բարձրաստիճան զինվորականներն ու Վանաձորի տեղական իշխանությունները խիստ վերահսկողություն էին սահմանել սպանված կուրսանտի տան մոտ` «պատահական» մարդու մուտքը խոշորացույցի տակ առնելու, ինչպես նաեւ ինֆորմացիայի ցանկացած արտահոսքը կանխելու համար:



 



Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքի ակցիան աչքի առաջ ունենալով, զինվորականներն ամեն ինչ արել էին հասարակության ուշադրությունը հերթական սպանության վրա չկենտրոնացնելու համար: Կանխամտածված արգելափակել եւ արգելափակում են դեպքի մանրամասների մասին տեղեկություն ստանալու ցանկացած փորձ:



 



Բայց արդյո՞ք բանակում հաճախակի դարձող սպանությունները կանխելու ամենաճիշտ տարբերակը ինֆորմացիան թաքցնելն է, հասարակությանն այդ դեպքերից հեռու պահելը: Արդյո՞ք, ներբանակային բարքերին անտեղյակ լինելով, զինվորի ծնողն ավելի հանգիստ է քնում, իսկ զինվորը` անխռով ծառայում:



 



Ինչո՞ւ են բանակում շատացել միջադեպերն ու անկարգությունները: Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում զինվորներ սպանվում: Ինչո՞ւ են մեր տղաները խուսափում ծառայությունից, իսկ ծնողներն ամեն ինչ անում` նրանց բանակից ետ պահելու համար: Եվ վերջապես, ինչո՞ւ է յուրաքանչյուր հինգ կամ վեցերորդ զինվոր բանակից զորացրվում նաեւ դատապարտվածի պիտակով:



 



Ասել, թե 18 տարեկան տղաները զինվորական են դառնում` բանակի կանոնակարգն անգիր արած, սխալված կլինենք: Գաղտնիք չէ, որ նրանք իրենց հետ բանակ են տանում տան ու փողոցի բարքերը: Չգիտակցելով, որ ընկերական մի թեթեւ ապտակն անգամ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, ինքնահաստատվելու նպատակով շատ հաճախ նաեւ ֆիզիկական ուժի կիրառմանն են դիմում: Այսինքն` թույլ են տալիս քրեորեն հետապնդելի արարք ու դատապարտվում:



 



Հենց այստեղ է, թերեւս, հրամանատարության անելիքը: Նրանք են, որ զինվորական այբուբենն ուսուցանելուց բացի, տնից ու փողոցից բանակում հայտնված տղաների մեջ միմյանց հարգելու, հանդուրժելու, իրար նկատմամբ ներողամիտ լինելու մշակույթ պետք է ձեւավորեն: Պետք է տեղյակ պահեն, որ ցանկացած փոքր զանցանք` լինի դա ապտակի, ոտքով հարվածի, թե միմյանց քաշքշելու տեսքով, քրեորեն պատժելի արարք է համարվում, որի համար նախատեսված պատիժ կա:



 



Եթե յուրաքանչյուր զինվոր իմանա, որ իր զինակցին նույնիսկ ընկերական ապտակ հասցնելով կհայտնվի անազատության մեջ, նման արարք թույլ չի տա: Եթե իմանա, որ այդ ապտակը կամ ոտքով թեթեւ հարվածը ՀՀ քրօր. 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք է, ինչի համար մինչեւ 3 ամիս կամ առավելագույնը 2 տարի կարգապահական գումարտակում փակվելու պատիժ է նախատեսվում, կհրաժարվի իր տղայական բարքերից:



 



Սերոբ ՄԱՐՈւԹՅԱՆ