Կոմիտասն ասաց՝ Հայ Եկեղեցու օրենքով արգելված է, Նավասա՞րդն ինչ ասաց

Կոմիտասն ասաց՝ Հայ Եկեղեցու օրենքով արգելված է, Նավասա՞րդն ինչ ասաց
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան: Այդ երբվանի՞ց է մեր հոգեւոր թեմի առաջնորդների անունները հայտնվում սկանդալների կիզակետում: Գուցե այն ժամանակվանից, երբ սկսել են փլուզվել հոգեւոր արժեքները:



 



Չեմ պատկերացնում, որ նման աղմկահարույց ու վարկաբեկիչ բացահայտումներից հետո որեւէ հավատավոր  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի մոտ մտնի ու խնդրի Աստծու առաջ աղոթել իր մեղքերի համար ու թողություն խնդրել: Թեմի առաջնորդը չի՞ վախենա Աստծուց, Ով ամեն ինչ տեսնում  ու կարող է ասել՝ քո մեղքերի համար թողություն խնդրիր, քո՜, մահկանացու՜… որովհետեւ Աստծո անունից խոսողներին ավելի մեծ պատիժ է սպառնում: Եթե աշխարհիկ տերերի վարք ու բարքը մի կերպ կարելի է տեղավորել ուղեղում, հոգեւոր տերերին ինչպե՞ս հասկանալ, մի՞թե նրանք նույնացել են աշխարհիկ զեխությունների հետ: Ինչու՞ կաթողիկոսը  համազգային աղոթքի չի հրավիրում՝ Կճոյանի մեղքերի թողության համար:  Հոգեւոր պատժաձեւի, գոնե հոգեւոր պատժաձեւի ենթարկում: Խոստովանությունից, միայն խոստովանությունի՜ց հետո: Մեր հոգեւոր առաջնորդները Կոմիտաս են աշխարհին տվել, Կոմիտաս են հայտնագործել ու ազգի ցավով են տառապել, ի՜նչ եք անում դուք… Թող Աստված դատի ձեզ՝ Աստվածային Արդարության գավազանով: Ուզում եմ պատմել Աստծո մի նվիրյալի մասին, ով հայ ազգին պարգեւեց Կոմիտաս:



 



Հրաչյա Աճառյանն է հուշի այդ գանձը փոխանցել սերունդներին: Խոսքը Կոմիտասի մասին է. «Նա Քյոթահիացի (Կուտիա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ եւ առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից եւ մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գեւորգ կաթողիկոսին: Բայց նա մի կերպ սպրդում է ներս եւ մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն եւ ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»:



 



– Դու հայերեն չգիտե՞ս,– ասում է նրան կաթողիկոսը,– ես քեզ հետ ի՞նչ անեմ:



 



– Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): ելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ):



 



Այս հանկարծական եւ համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած եւ ուրախացած հարցնում է.



 



– Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որեւէ եղանակ երգել գիտե՞ս):



 



Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհիկ անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ, նրա ձայնի գեղեցկության եւ հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային եւ տարեք ճեմարանի աշակերտ գրեցեք»:



 



Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է ճեմարանը եւ ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ:



 



Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է:



 



– Վարդապետն ի՞նչ բան է,– հարցնում են նրան:



 



– Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է:



 



– Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու:



 



– Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է:



 



Կոմիտասը դառնում է Էջմիածին եւ լինում է ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը»:



 



Երեք հարց Նավասարդ Կճոյանին:  Հայ Եկեղեցու օրենքով արգելվա՞ծ չէ օֆշորային պատմությունների մեջ մտնել ու շղարշել աշխարհիկ հանցագործությունները: Հոգեւոր առաջնորդին հարի՞ր է անընդհատ գտնվել սկանդալների կիզակետում: Գոնե Աստծո առաջ խոստովանելու՞ է իր մեղքը:



 



Կոմիտաս վարդապետը հրաժարվել է իր աշխարհիկ փառքից, օպերետային աշխարհահռչակ երգիչ դառնալուց, ասելով՝ Հայ Եկեղեցու օրենքով արգելված է: Իսկ Նավասարդ Կճոյանը նման բան երբեւէ ասե՞լ է նրանց, ովքեր իրեն հանցավոր ճանապարհով վայելք են առաջարկել…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ