ԼՂՀ մասնակցությունը` պարտադիր պայման

ԼՂՀ մասնակցությունը` պարտադիր պայման
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը: Մեկնաբանության մեջ ասված է.«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:



Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:



Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում և նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության և անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաև ստեղծված  իրողություններն անտեսելուց:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու և երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»: