Ամերիկյան թրիլերի օրինակով

Ամերիկյան թրիլերի օրինակով
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը գնալով ավելի հետաքրքիր ընթացք է ստանում: Նախորդ դատական նիստին պարզվեց, որ Հայրիկյանի վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում գնդակի մուտքային անցքեր չունեն:



 



Երեկվա նիստում էլ, երբ մեղադրողը մեղադրյալ Խաչատուր Պողոսյանի ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, պարզ դարձավ, որ էպոսագետը պատվիրել է նաեւ վախեցնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: «Ասաց, որ հետեւենք նրան, էնպես անենք, որ ախրանա չլինի ու բենզինով լիքը շիշ շպրտենք մեքենայում, էնքան որ վնաս տանք ու էնպես անենք, որ մեքենայի մեջ մարդ չլինի»,-իր նախաքննական ցուցմունքներում գրել է Խաչատուր Պողոսյանը: Նույն ցուցմունքի համաձայն, Վարդան Սեդրակյանն ասել է նաեւ, որ լավ կլինի մի հատ էլ Սերժ Սարգսյանի եղբորն այդպես վախեցնել, սակայն ավելացրել է, որ դա դժվար կլինի, քանի որ «նրա ախրանան ուժեղ ա»: Պողոսյանի ցուցմունքների համաձայն, մի քանի օր անց արդեն Սեդրակյանը պատվիրել է վախեցնել Պարույր Հայրիկյանին: Այստեղ ուշագրավը նաեւ այն է, որ Խաչատուր Պողոսյանը դատարանում խոսում է մի կերպ, առօրյա խոսակցական ոճով՝ օգտագործելով նաեւ ժարգոնային բառեր, սակայն նրա նախաքննական ցուցմունքները գրված են գրական հայերենով: Այս հանգամանքը տարօրինակ է թվում նաեւ Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանին: «Գործում ոչ մի ձեռագիր ցուցմունք չկա: 7 ցուցմունք կա գործում, ոչ մեկն իր ձեռքով գրված չէ: Կարելի է ասել՝ ունենք մեկ ցուցմունք, որը յոթ օրինակից պատճենահանված է,-ասաց Սիրունյանը՝ ավելացնելով:- Անհասկանալի է նաեւ այն փաստը, որ մարդուն ցմահի հոդվածով դատում են, սակայն առանց պաշտպանի»:



 



Այդ դեպքում ինչո՞ւ է ստորագրել ցուցմունքների տակ, ճնշումնե՞ր են եղել նախաքննական մարմնի կողմից՝ հետաքրքրվեցինք: «Չգիտեմ, բայց ով որ ԿԳԲ-ի պադվալ մտնում է, ինչ ասեն՝ կգրի: Ես ասել եմ՝ Խաչատուր Պողոսյանը կրկնակի լավ մարդ է: Նա ցուցմունք տվեց, որ Վարդանը կապ չունի սրա հետ»,-ասաց Սիրունյանը: Փաստաբանն ամբողջությամբ աբսուրդ է համարում նաեւ Պողոսյանի ցուցմունքի այն մասը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորն ու փեսային վախեցնելուն: «Դա լրիվ աբսուրդ է, ապուշություն: Կարո՞ղ եք բացատրել՝ դա ի՞նչ է նշանակում: Վարդան Սեդրակյանը նստած իր կաֆելչիկին ասել է՝ սրան վախեցրու, նրան վախեցրու: Բայց գլխավոր հարցն անպատասխան է մնում՝ ինչո՞ւ, իմաստը ո՞րն էր, էն էլ ում՝ Սերժ Սարգսյանի եղբորն ու փեսային»,-զարմացավ Սիրունյանը:



 



Ի դեպ, Հայրիկյանը երեկ ԳԱԼԱ-ի հետ զրույցում «գիժ  եւ շտապ հոգեբույժի կարիք» ունեցող է անվանել նրանց, ովքեր  կասկածի տակ են դնում իր հագուստի վրա հրազենային կրակոցի անցքեր չլինելը: Փաստաբան Սիրունյանն էլ զարմանում է, որ Հայրիկյանի վրա արձակված կրակոցը եւ նրա վերքը դատարանի համար ապացուցման կարիք չունեցող փաստեր են: «Իրավաբանության մեջ այսպիսի հասկացություն կա՝ ապացուցման կարիք չունեցող փաստեր: Օրինակ, Բեռլինի գրավումը եւ այլն: Հիմա ես ոնց հասկանում եմ, Հայրիկյանի վերքերը դատարանի համար ապացուցման կարիք չունեն, բոլորը դա գիտեն: Բայց մի հատ այդ վերքը չտեսնե՞նք: Չենք կասկածում, բայց մի հատ չտեսնե՞նք: Հայրիկյանին ասում ես՝ կրակոցի անցքն ուրիշ տեղ ա, նեղանում ա: Բայց դատախազից չի նեղանում, որ նա է բերել այն ապացույցը, որ անցքը մի տեղ է, վերքը՝ մեկ այլ»: Գործով հաջորդ դատական նիստը հունիսի 24-ին է: