Երկրապահի նախաձեռնությունը բարոյական աջակցության օրենք է

Երկրապահի նախաձեռնությունը բարոյական աջակցության օրենք է
Հունիսի 18-ին ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», Ազգային ժողովն ընդունեց 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Օրենքի ընդունումը մեծ ոգեւորություն է առաջացրել նախկին ազատամարտիկների շարքերում, իսկ օրինագիծը նախաձեռնողներին հերոսական կեցվածք ընդունելու առիթ տվել:



 



 



Իսկ թե այդ օրենսդրական նախաձեռնությունն ինչ լրացում է ենթադրում կատարել օրենքում, կամ արդեն երկու ամիս բողոքող ու իրենց խնդիրները բարձրաձայնող ազատամարտիկների սոցիալական վիճակն ինչպես է բարելավվելու, որեւէ պարզաբանում ու որոշակիություն չի տրվում: Երեկ մեր հարցին ի պատասխան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին. «Այս պահին մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու: Ավելի շատ դա բարոյական աջակցության օրենք է: Թե ինչ մեխանիզմներ են գործելու, այս պահին մենք հստակ ոչինչ չենք կարող ասել, ինչպես որոշեն՝ այնպես էլ կանենք»:



 



ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանն այսպես պարզաբանեց. «Առայժմ կարգավիճակ է սահմանվել, առաջին քայլն է, որով սահմանվեց երկրապահ կամավորականների կարգավիճակը: Իսկ թե ինչ կարգի օգնություն է լինելու, հետագայում արդեն լրացումներով, փոփոխություններով, օրենսդրական ակտերով կկարգավորվի: Առաջնային խնդիր էր՝ կարգավիճակ սահմանել եւ կամավորականների այդ խմբին, ովքեր զինծառայողների մասին օրենքից դուրս էին մնացել, ֆիքսելն է: Սա դեռ բարոյական կողմն է, հետագայում, ըստ բյուջեի, օգնություններն ու աջակցությունը կսահմանվեն հետագա օրենքներով՝ այս օրենքի վրա լրացումներ, փոփոխություններ անելով»:



 



Իսկ թե սահմանված կարգավիճակի մեջ ովքեր են մտնելու, եւ ինչ չափորոշիչներով են տարբերելու իսկական երկրապահին այդ անվան տակ հանդես եկողներից, Արա Կետիկյանը նշեց. «Միջգերատեսչական հանձնաժողով կկազմվի՝ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներով, կառավարությունը պետք է զբաղվի, որ մեկ տարվա ընթացքում կամավորականները վերագրանցվեն: Պաշտպանության սոցվարչությունում գրանցվածները նաեւ այն մարդիկ են, ովքեր կռվից հետո զինծառայող են եղել, իսկ մենք ուզում ենք ֆիքսել երկրապահ կամավորականներին, որոնք զինվորական ծառայության մեջ չեն եղել, միայն կամավորական են եղել եւ հիմա, կարծես թե, մի տեսակ օդում են մնացել»: Նկատենք, որ արդեն իսկ ոմանք կասկածներ են հայտնում, թե օրենքի արտոնություններից կօգտվեն նրանք, ովքեր չեն կռվել: Ցուցակները կկազմվեն կամայականորեն: Իսկ ոստիկանության վետերանների հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանը երեկ անգամ հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ դա օրենք է Երկրապահ կամավորականների հասարակական կազմակերպության անդամների համար. նրանք, ովքեր այդ կազմակերպության անդամ չեն, ոչինչ չեն ստանալու: Մենք կհետեւենք այս օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման եւ թիրախային խմբի ձեւավորման գործընթացներին:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ